Վալերի Սահարյանը ցանկանում է, որ Պուտինի մասին ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվեն Հայաստանում
SOCIETY«Արմենիա պրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր, Knights bridge Entertainment կինոընկերության բարձրաստիճան կառավարիչներից Վալերի Սահարյանը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմի ինչ-որ հատված նկարահանվի նաև Հայաստանում: «Արմենպր ես»-ի հետ զրույցում այս մասին նշեց պրոդյուսերը:
«Ինչքան էլ ցանկանամ`ավելի շատ տեղեկատվություն ձեզ հաղորդել չեմ կարողանա գաղտնիության պատճառով: Knights bridge Entertainment ընկերությունը որոշում է կայացրել այս փուլում չբացահայտել տեղեկատվություն քասթինգի մասին: Գեղարվեստական ֆիլմի անվանումը «Պուտին» է: Ֆիլմում ներգրավված են, այսպես ասած, առաջին էշելոնի մարդիկ. դերասանական կազմը առաջին մեծության, առաջին կարգի աստղեր են, ռեժիսորն էլ երկու «Օսկար» ունի»,-շեշտեց նա:
Վալերի Սահարյանի խոսքով`նախագիծն ինն ամիս է` մշակման փուլում է:
«Հիմա նախաարտադրական շրջանն է, շուտով սկսում ենք նկարահանումներ կատարել: Դրանից հետո հույս ունեմ, որ հնարավոր կլինի ավելի շատ տեղեկատվություն տալ նախագծի մասին: Մեծ հաճույքով կկիսվենք ձեզ հետ»,-նշեց նա:
«Արմենպրես»-ի հարցին, թե որտեղ են անցկացվելու ՌԴ նախագահի մասին պատմող ֆիլմի նկարահանումները, Վալերի Սահարյանը տեղեկացրեց.
«Նկարահանումները կանցկացվեն ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Ես շատ կցանկանայի, որ նկարահանումների ինչ-որ մասը, չեմ կարող հիմա ասել`նկարահանման 3 օր, թե 5 օր, անցնեն Հայաստանում: Իմ բոլոր ջանքերը կներդնեմ»:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ արդեն այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը պլանավորում է սկսել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր ընկերության բարձրաստիճան կառավարիչներից մեկը՝ Վալերի Սահարյանը: Սահարյանը չի հաստատել, բայց չի էլ հերքել որոշ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Պուտինի դերը կխաղա հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, որը բոլորովին վերջերս հայտարարել է, թե դա իր երազանքն է: Սահարյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ սցենարը չի համաձայնեցվել:
Ֆիլմի ստեղծման ընթացքին կհետևի Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լուսանկարը` Վալերի Սահարյանի ֆեյսբուքյան էջից



