Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական և պատերազմական դրություններում կկիրառի հատուկ տեխնիկա. Արփինե Սարգսյան

SOCIETY

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում մանրամասնել է, թե ինչ գործառույթներ է իրականացնելու ոստիկանության գվարդիան: 

- Տիկին Սարգսյան, ինչպե՞ս ոստիկանության գվարդիա ստեղծելու գաղափար առաջացավ:

- Ոստիկանությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում գնահատման առարկա է եղել այն, թե ինքնին ոստիկանության ընդհանուր կառուցվածքը և առանձին վերցված ստորաբաժանումներն արդյունավետության ինչպիսի մակարդակ ունեն, և ինչպիսի նկարագիր պետք է ունենա այն նոր Ոստիկանությունը, որը պետք է հանրությանն ավելի մոտ կանգնած լինի, երաշխավորի վստահության վրա հիմնված պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանք։ Ուսումնասիրություններն ի վերջո ակնհայտ դարձրին, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի կողմից ներքին և արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից, սկզբունքորեն իրարից տարբերվող այս երկու գործառույթների իրականացումը հնարավորություն չի տալիս խորացնել պրոֆեսիոնալիզմը հիմնական որևէ գործառույթում և ապահովել անձնակազմի որակյալ պատրաստում։ Բացի այդ, հիբրիդային այս կարգավիճակը նշանակում էր նաև, որ ոստիկանության զորքերը և՛ ոստիկանության մաս է, և՛ ոչ, տարբեր իրավիճակներում կարող է գերատեսչական ենթակայություն փոխել։ Եվ այս դիրքավորումը, ըստ էության, ամբողջովին չէր կարող բավարարել ոչ՛ ոստիկանության, ոչ՛ պաշտպանական գերատեսչության ակնկալիքները։

Կարծում եմ՝ ակներև է, որ զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների համանմանությամբ մարտական առաջադրանքների սահմանումն այն ծառայողների համար, որոնք մեծ մասամբ անցել են հասարակական կարգի պահպանության ապահովման մասով ուսուցում, արդյունավետությամբ աչքի ընկնել չի կարող, միաժամանակ, էապես իրարից տարբեր են զինված ուժերի և ոստիկանության շարային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքակազմը՝ հարմարեցված իրենց առջև դրված հիմնական խնդիրների լուծմանը։ Ըստ այդմ՝ որոշվեց ձևավորել ամբողջովին ոստիկանական մասնագիտացված ծառայություն, որը պատասխանատու կլինի ներքին անվտանգային սպառնալիքների չեզոքացման համար՝ շարունակելով մնալ համապարփակ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Սա թույլ պետք է տա նաև ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցել շատ ավելի թիրախային գործիքակազմով։

- Մասնավորապես ի՞նչ գործառույթ է կատարելու ոստիկանության գվարդիան, և ե՞րբ այն վերջնական կձևավորվի: 

- Պետք է նշեմ, որ գաղափարից պրակտիկ լուծման հասնելու ճանապարհը լի է եղել բազմաթիվ քննարկումներով, մասնագիտական կարծիքներով, նաև, ինչու ոչ, բանավեճերով՝ շոշափելով բազմաշերտ հարցեր։ Այս համատեքստում նոր ծառայության ստեղծման առաջին քայլը հանդիսացավ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի հայեցակարգի ընդունումը։ Կցանկանայի ընդգծել, որ սա բացառիկ օրինակներից է, երբ օրենսդրական նախաձեռնությունը սկսվում է հայեցակարգի մշակումից, այսինքն՝ մշակել ենք հայեցակարգային լուծումները, որոնք դարձրել ենք պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկման առարկա։ Հայեցակարգային լուծումների շուրջ համաձայնության գալով՝ մշակվել է օրենսդրական փաթեթը, որը հանրային լայն քննարկման փուլ անցնելուց հետո այս տարի՝ հոկտեմբերի 24-ին, ընդունեց Ազգային ժողովը։

Ոստիկանության գվարդիայի գործառույթների ցանկը մշակելիս մի կարևոր սկզբունք է հիմք ընդունվել. գործառույթները պետք է լինեն մաքուր ոստիկանական, չկրկնվող և եզակի տվյալ ծառայության համար։ Հենց այս տրամաբանությամբ էլ, ըստ արդեն ընդունված օրենքի, ոստիկանության գվարդիայի հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ապահովմանը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողություններին մասնակցելը։

Ինչ վերաբերում է ծառայության վերջնական ձևավորմանը, ապա նշեմ, որ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով նախատեսվում է այն գործարկել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Մինչ այդ իրականացնելու ենք լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ կառուցվածքի նախագծում, հաստիքների բաշխում, վերապատրաստումներ, նյութատեխնիկական հագեցվածության ապահովում և այլն։ Վերապատրաստումների շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել ուժային միջոցների գործադրման ստանդարտին, քանի որ նոր օրենքն առաջին անգամ ոստիկանության համար սահմանում է այսպիսի ստանդարտ։ Ինչ վերաբերում է նյութատեխնիկական հագեցվածությանը, այն իրականացվելու է փուլային սկզբունքով․ արդեն իսկ 2025 թվականի բյուջետային հայտով ունենք հաստատված հատկացում, մնացյալ մասը կապահովվի 2026 թվականի ընթացքում։  

- Իսկ ովքե՞ր են ներգրավված լինելու դրանում, ինչպիսի՞ ստորաբաժանումներ:

- Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ դադարեցվելու են ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության, ուղեկցող ստորաբաժանման, որոշ ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթում ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները։ Այս պահին աշխատանքներ են տարվում ոստիկանության գվարդիայի բուն կառուցվածքի մանրամասների մշակման ուղղությամբ, բայց գործառույթներն արդեն իսկ ընդհանուր առմամբ թելադրում են կառուցվածքը։ Կառուցվածքային միավորներից զատ՝ թերևս ամենակարևոր հարցը կադրերի ընտրությունն է։ Ընդունված մոտեցումն այն է, որ ոստիկանության գվարդիայի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համապատասխան պաշտոններում նշանակումները կախված են լինելու վերապատրաստման արդյունքներից։ Ընդ որում՝ այս ձևաչափին զուգահեռ մենք ունենք նաև ատեստացիայի գործընթացը, որը լրացուցիչ ֆիլտր է։

- Որքա՞ն է լինելու գվարդիայի ծառայողների թիվը, եթե, իհարկե, այն հրապարակման ենթակա է: 

- Հաշվի առնելով, որ ոստիկանության գվարդիայի ձևավորման հենքում ընկած է լինելու նաև ներկայիս ոստիկանության զորքերը, որի թվաքանակը ենթակա չէ հրապարակման, ուստի այս փուլում զերծ կմնամ հստակ թվեր հնչեցնելուց, միայն փաստեմ, որ հաստիքների թիվը պետք է երաշխավորի գործառույթների ընդգրկուն ծավալի պատշաճ կատարումը։

- Ի՞նչ համազգեստ են կրելու գվարդիայի ծառայակիցները: 

- Ոստիկանության գվարդիայի ծառայողները կրելու են բացառապես ոստիկանական համազգեստ, քանի որ հանդիսանալու են ոչ թե զինծառայողներ, ինչը, օրինակ, ոստիկանության զորքերի պարագայում էր, այլ լինելու են բացառապես ոստիկանության ենթակայությամբ գործող, մաքուր ոստիկանական գործառույթ իրականացնող ծառայողներ։ Ասեմ, որ այս պահին ոստիկանական ամբողջ համակարգի համար համազգեստի նկարագիրն ենք փոխում, մոդելային օրինակը պարեկային ծառայության համազգեստն է, ընդ որում՝ ոչ միայն արտաքին տեսքի առումով, այլ նաև որակի, հարմարավետության։ Հետևապես, գվարդիայի ծառայողները այդպիսի նոր համազգեստով կսկսեն ծառայությունը։ Ինչ վերաբերում է առանձին գործառույթներ իրականացնող հատուկ ստորաբաժանումների ծառայողներին, ապա նրանք կունենան այդ գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։ 

- Իսկ ի՞նչ կոչումներ և պաշտոններ են նախատեսված լինելու: 

- Քանի որ ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական մասնագիտացված ծառայություն, հետևապես դրանում նախատեսվելու են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված ոստիկանական կոչումներ և հիմնական պաշտոններ, ինչպես նաև դրանց համապատասխանող՝ շարային ստորաբաժանումներին բնորոշ այլ պաշտոններ, օրինակ՝ գնդի, գումարտակի, վաշտի հրամանատարներ և այլն։ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը համատեղելու է նաև փոխոստիկանապետի պաշտոնը, ինչպիսի մոտեցում մենք արդեն ունենք Պարեկային ծառայության, Քրեական և համայնքային ոստիկանությունների գլխավոր վարչությունների պետերի դեպքում։

- Թերևս ամենաքննարկվող հարցը. պատերազմական իրավիճակում ի՞նչ գործառույթ է կատարելու գվարդիան:

- Ի տարբերություն ոստիկանության զորքերի, ոստիկանության գվարդիան չի ընդգրկվելու այլ զորքերի կազմում և պատերազմական իրավիճակում չի անցնելու զինված ուժերի ենթակայության տակ։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ գվարդիան մեկուսացված է լինելու ՀՀ պաշտպանության գործառույթից․ գվարդիան ունենալու է ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցության շատ ավելի թիրախային գործիքակազմ, որը թույլ կտա օգտակարության ավելի բարձր գործակից ապահովել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական և այլ տեխնիկայի, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն և պաշտպանություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ուղեկցում իրականացնելուն։ Բացի այդ, որպես բացառիկ կանոն, սահմանվել է, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրության հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում կկատարի նաև հատուկ առաջադրանքներ, ինչը կդրսևորվի իր պատրաստվածությանը և գործիքակազմին համահունչ։ 

- Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ տրանսպորտային միջոցներով են նրանք ծառայություն իրականացնելու: 

- Ոստիկանության գվարդիան, որպես ոստիկանական գործառույթներ իրականացնող ծառայություն, օգտագործելու է ոստիկանական տրանսպորտային միջոցներ, որոնց հագեցվածությունը հարմարեցված կլինի կոնկրետ ստորաբաժանման կարիքներին։ Բացի այդ, ծառայության սպառազինության մեջ ընդգրկված կլինեն հատուկ միջոցներ և հատուկ տեխնիկա, օրինակ՝ զրահամեքենաներ, ջրանետեր և այլն, որոնք օրենքով սահմանված դեպքերում և կարգով կկիրառվեն անձանց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հասարակության և պետության անվտանգության դեմ հնարավոր ոտնձգություններին արդյունավետ հակազդման նպատակով։ Ընդ որում, հատուկ տեխնիկան ոստիկանության գվարդիայի կողմից կարող է կիրառվել միայն հակաահաբեկչական և պատերազմական գործողություններին մասնակցելիս։ Այս լուծման հիմքում ևս հստակ սկզբունքներ կան։ Տրամաբանությունն այն է, որ օգտագործվող միջոցը պետք է համաչափ լինի իրավիճակին, այն բոլոր դեպքերում, երբ ողջամտորեն հնարավոր է օգտագործել ավելի նվազ միջամտության միջոցներ, պետք է լեգիտիմ լինի հենց դրանց կիրառումը։

- Ի վերջո, ի՞նչ ակնկալիք պետք է ունենա հանրությունը գվարդիայի ստեղծումով: 

- Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը, որն ընդհանուր առմամբ պատասխանատու է լինելու հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար։ Այս համատեքստում հանրության ակնկալիքները պետք է ուղղված լինեն հանրային միջոցառումների սպասարկման որակի և արդյունավետության բարձրացմանը, հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների շրջանակներում ներքին անվտանգության կայունության ապահովմանը։

Այս ակնկալիքները պրակտիկայում լիովին բավարարելու համար հետևողական ջանք է պահանջվում Կառավարությունից, որի հաստատակամ կամքն ու վճռականությունը կա։ Այս առանցքային նախաձեռնության հարցում մեզ համար կարևոր է նաև հանրային աջակցությունը, որովհետև փոփոխությունների կրողը հենց հանրությունն է, ուստի ցանկացած իրավիճակի առողջ և կառուցողական քննարկումը միայն և միայն օգուտ է հանրային անվտանգության երաշխավորմանը։

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice