ՀՀ առողջապահության նախարարությունը Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի հետ նախանշել է համագործակցության ուղիները
SOCIETYՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի միջազգային կապերի խորհրդատու Պաուլո Դիոնիզի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-իտալական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հյուրը նախարարին է ներկայացրել ոչ միայն Իտալիայի, այլև Եվրոպայի ամենամեծ բժշկական կազմակերպություններից մեկի պատմությունը: Իր հիմնադրի անունը կրող «Ջեմելի» հիվանդանոցն ունի 50 տարվա պատմություն: Հիվանդանոցի անունը սերտորեն կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հռոմում հիմնադրված կաթոլիկ համալսարանի հետ, որի շրջանավարտները հնարավորություն ունեն հմտանալ և մասնագիտանալ նաև հիվանդանոցային մենեջմենթի ոլորտում:
««Ջեմելի հիվանդանոցի տնօրենը բժիշկ չէ, այլ առողջապահության կազմակերիչ է, մենեջեր: Հիվանդանոցն ունի 3300 մահճակալ, շուրջ 6000 աշխատակից: Տարեկան այն բժշկական օգնություն և սպասարկում է մատուցում ավելի քան 200 000 այցելուի: Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 250 000 վիրահատական միջամտություն»,- տեղեկացրել է հիվանդանոցի ներկայացուցիչը` հավելելով, որ հանդիսանալով Հռոմի պապի կողմից մեծ ուշադրություն վայելող բժշկական հաստատություն, իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցելու հնար ավորությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել կառույցի գործունեությունը, կառուցվածքն ու պատմությունը հանգամանալից ներկայացնելու համար:
«Մենք մշտապես կարևորում ենք նոր համագործակցությունների հնարավորությունները: Սա լավ և հեռանկարային սկիզբ կարող է լինել»,- ընդգծել է նախարարը:
Բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման, բժշկական կազկակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և մասնավորապես հիվանդանոցային կառավարման գործում փորձի փոխանակման տեսանկյունից նա մեծապես կարևորել է նման համագործակցությունների խորացումը:
Նշենք, որ «Ջեմելի» հիվանդանոցը համագործակցության փորձ ունի առավել քան 40 երկրի բժշկական հաստատությունների հետ: Հայաստանի հետ համագործակցության մանրամասները քննարկելու և առավել առարկայական դարձնելու նպատակով 2016թ. սկզբին նախատեսվում է «Ջեմելի» հիվանդանոցի ղեկավարության այցը Հայաստան:



