Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Մշակույթը եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ». Ֆրանսաբնակ բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը՝ «Սասնա ծռեր»-ի միջազգային բեմադրության եւ հայկական մշակույթի տարածման խնդիրների մասին

CULTURE

Հայկական ամենահայտնի՝ «Սասնա ծռեր» էպոսը հայ հանդիսատեսին կներկայացվի նոր մոտեցմամբ. «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-ից 19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին՝ իր հետ բերելով հայկական էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացումը, որը կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում: Ներկայացման մեջ ներառված են տարբեր ազգերի ներկայացուցիչ երաժիշտ-դերասաններ, որոնք բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նոր շունչ ու մոտեցում են տալիս հայկական ստեղծագործությանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում բեմադրիչը նշեց, որ ներկայացումը միջմշակութային երկխոսություն է, որի առաջնային նպատակն է եղել Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումը թատրոնի միջոցով։

«2013 թ-ին ամուսնուս հետ հիմնեցինք «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, եւ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ հետեւյալն էր՝ ինչպե՞ս անել, որ Ֆրանսիայում գործող այդքան շատ թատերական միությունների մեջ լինենք մրցունակ: Պետք էր գտնել որեւէ ուղղություն, որը հնարավորություն կտար տարբելվելու մյուս միություններից: Հետեւաբար՝ պետք էր անել մի բան, որը, վստահաբար, կարող էր հետաքրքրել ֆրանսիացիներին, որոնք շատ զգայուն են օտար մշակույթի նկատմամբ: Որոշեցինք անդրադառնալ մեր մշակույթին, այն ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով: Առաջին միտքը եղավ Հովհաննես Թումանյանի հեքիաթներին անդրադառնալը, եւ առաջին աշխատանքը, որը 2013-ից ներկայացնում ենք, հիմնված է Թումանյանի հեքիաթների վրա եւ կոչվում է՝ «Լինում է չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան»: Հետագայում բեմադրեցինք նաեւ նույն ներկայացման երկրորդ մասը, որտեղ այլ հեքիաթներ են ընդգրկված: Լավ արձագանքը մեզ շատ ոգեւորեց եւ օգնեց հասկանալ, որ ճիշտ ուղղության վրա ենք: Արդեն պետք էր մտածել ավելի լուրջ գործի մասին, իսկ հայկական էպոսին՝ «Սասնա ծռերին» անդրադառնալ միշտ ցանկացել եմ, քանի որ, նախ, ես շատ սիրում եմ այս էպոսը, որն ինձ պատմվել է մանկության տարիներին, բացի այդ՝ մեր ժամանաներում էպոսներին շատ անդրադարձ չի լինում՝ ոչ միայն Հայաստանում եւ ֆրանսիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Դա եւս մեկ գործոն էր, որպեսզի մենք մեծ ոգեւորությամբ աշխատեինք «Սասնա ծռեր»-ի շուրջ»,-հավելեց Սաթէն:

Ներկայացման առաջնախաղը եղել է 2014 թ-ին, երբ ներկայացվել է միայն էպոսի մեկ գլուխը՝ «Մեծ Մհերը». «Դրանից հետո հասկացանք, որ մարդկանց մոտ հետաքրքրություն կա, եւ սկսեցինք աշխատել ամբողջական բեմադրության վրա: Ներկայացումը մեկ գործողությամբ եւ պատմողական ձեւաչափի մեջ է. հիմնականում կենտրոնացած ենք «Մեծ Մհեր» եւ «Սասունցի Դավիթ» գլուխների վրա, սակայն չի բացառվում, որ հետագայում կլինի բեմադրության շարունակությունը: 2015-ին այն ներկայացվեց Ֆրանսիայում՝ ֆրանսիացի հանդիսատեսի դատին, եւ ավելորդ համեստությունը թողնելով մի կողմ՝ նշեմ, որ արձագանքն, իսկապես, լավն էր: Հանդիսատեսը, նախ, բացահայտեց, որ մենք էպոս ունենք, բացի այդ՝ մշակութային երկխոսության հանգամանքն էր բեմադրությանը տալիս որոշակի հմայք, եւ հնարավորություն էր տալիս ուրիշ լույսի ներքո տեսնելու մեր էպոսը»:

Ներկայացման մեջ ներառված են Ֆրանսիայում բնակվող, բայց տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դերասաններ Յաննիկ Լուին, Ռայմոնդ Պալսին, Լիլիթ Գեղամյանը, Պիեռ-Ամբեր Պոտիեն, Ռոբբա Բիասի Բիասին եւ հենց ինքը՝ Սաթէ Խաչատրյանը: Բեմադրիչը նշեց.

«Ի սկզբանե, երբ որոշեցինք բեմադրել էպոսը, մեզ համար պարզ էր մի բան՝ մենք չենք անելու ներկայացում միայն հայերի մասնակցությամբ եւ բացառապես հայերի համար: Մեզ համար շատ կարեւոր է հայկական մշակույթի տարածումը Ֆրանսիայում եւ ֆրանսիկան մշակույթի, հատկապես, դրամատուրգիայի հանրահռչակումը՝ Հայաստանում: Ֆրանսիայում մենք անդրադառնում եւ շարունակելու ենք անդրադառնալ հայկական մշակույթին, եւ ես ցանկանում էի հասկանալ՝ որքանով մեր էպոսը կարող էր հետաքրքրել օտար արվեստագետներին եւ ինչպիսի մեկնաբանություն կբերեն նրանք մեր էպոսին եւ մեր հերոսներին: Չէի ցանկանում, որ մեր էպոսը ներկայացնեինք բացառապես՝ իբրեւ հայ ժողովրդի հավաքական կերպարների պատմություն կամ մեր բնավորության ու ճակատագրերի միաձուլում: Սա, իհարկե, կա եւ շատ կարեւոր դեր ունի ստեղծագործության մեջ, բայց ես մեր էպոսը վերցրել եմ, առաջին հերթին, որպես գեղարվեստական ստեղծագործություն: Այս փորձառությունն ինձ հնարավորություն տվեց նորովի լսելու, ընկալելու եւ սիրելու այն: Ներկայացման դերասանները տարբեր երկների ներկայացուցիչներ են, եւ բեմադրության մեջ նրանցից յուրաքանչյուրը պահել է այն երկրի մշակույթը, որի կրողը հանդիսանում է ինքը: Ինձ համար երբեք ստեղծագործական ելակետ չի եղել անել յուրահատուկ ներկայացում: Այս անգամ եւս բացառություն չէր, եւ իմ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ընդգրկելու ընտրությունն ունեցել է մեկ նպատակ՝ մեր էպոսը ներկայացնել այլ տեսանկյունից: Հենց այստեղ է, որ մենք կարող ենք հաստատել, որ մեր էպոսը համաշխարհային մեծության ստեղծագործություն է. մեզ կարող է թվալ, թե այն շատ ազգային դիմագիծ ունի, ինչը ճիշտ է, բայց կան բաներ, որոնք համամարդկային են՝ արժեքները, հաղորդագրությունները, եւ ինձ համար մեր էպոսի կարեւորագույն ասելիքը խաղաղությունն է եւ անուրանալի սերն առ Աստված, առ ժողովուրդ, որը բոլոր հերոսների սկբունքն է, ապրելու նպատակն ու կենսակերպը: Երբ մեր դերասանները աշխատում էին իենց կերպարների շուրջ, շատերն էին ասում, որ մեր հեքիաթներում կան ընդհանրություններ, այդպիսով՝ հասկանում ենք, որ իրականում համաշխարհային մեծության ստեղծագործություններն անտեսանելի թելերով կապված են միմյանց, ինչպես բոլոր ժողովուրդների հոգիները: Մարդն է ամեն ինչի կենտրոնում, եւ քանի որ այդ հերոսներին մեր ազգն է ստեղծել, կարելի է, վստահաբար, ասել, որ մեր ազգն ունի այդ պոտենցիալը լինել իր հերոսների նման»:

Խոսելով սցենարի մասին՝ Սաթէն շեշտեց, որ պատմությունից շեղումներ չեն եղել՝ չհաշված, որ եղել են մի շարք կրճատումներ, որոնք դժվարացրել են բեմադրության գործը.

«Ահռելի աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանայինք 1 ժամ 20 րոպեում ներկայացնել երկու գլուխները: Իհարկե, ներկայացումն ավարտվում է Սասունցի Դավթի հաղթանակով, բայց, նույնիսկ, մինչ այդտեղ հասնելը շատ աշխատանք պահանջվեց, որպեսզի կրճատումներն այնպես անեինք, որ սյուժետային գիծը չխախտվեր, հատկապես, որ հասկանում էինք՝ գործ ունեինք ֆրանսիացի հանդիսատեսի հետ, որը ծանոթ չլինելով գործին՝ պետք է չխճճվեր պատմության մեջ: Ներկայացումը հիմնած է այն ավանդույթների վրա, որոնցով դարերով մեր էպոսը փոխանցվել է, այսինքն՝ պատմողական ոճի մեջ է: Այն նաեւ երաժշտական է, դերասաններն ունեն իրենց երաժշտական գործիքները. մենք նվագում, երգում եւ պատմում ենք էպոսը, եւ հենց երաժշտության մեջ է, որ կարող ենք տեսնել այդ միջմշակութային երկխոսությունը, որովհետեւ բավական հետաքրքիր միքս է արված մեր երաժշտական հնչյունների եւ աֆրիկյան ռիթմերի միաձուլմամբ: Կարծում եմ՝ հանդիսատեսը դա շատ կսիրի»:

Սաթէի հետ զրուցեցինք նաեւ աշխարհում հայկական մշակույթի տարածման շուրջ տարվող աշխատանքների եւ ցավոտ խնդիրների մասին.

«Մենք շատ լուրջ եւ խորքային աշխատանք ունենք անելու, որպեսզի մեր մշակույթը ներկայացվի աշխարհում։ Մենք չպետք է սահմանափակվենք հայկական համայնքներում մեր մշակույթի ներկայացմամբ: Դա, ինչ խոսք, շատ կարեւոր է, բայց ավելի լայն պետք է տեսնել եւ հասկանալ, որ ինֆորմացիոն պատերազմի դարում մեր մշակույթը հանրահռչակելը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք շատ ենք աչքաթող արել այդ հանգամանքը՝ մտածելով, թե դա այնքան էլ կարեւոր չէ: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր հայկական մշակույթը աշխարհում տարածելու հարցում, իսկապես, ունեն մեծ ավանդ, բայց բավական չէ այն աշխատանքը, որը մինչ օրս արվել է , բավական չէ, նույնիսկ, այն, ինչ մենք ենք հիմա անում: Սա պետք է ունենա պետական հոգածություն, սա պետք է լինի մեր երկրի քաղաքականության մի մասը, որովհետեւ կան բաներ, որոնք չենք կարող տեղ հասցնել ոչ զենքի միջոցով, ոչ էլ՝ դիվանագիտության, եւ մոռանում ենք, որ մշակույթն ամենակարեւոր հարթակներից է, որտեղից կարող ես հասցնել քո ասելիքը: Այն եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ, պատրաստել եւ զինել նրանց, որպեսզի այդ ճակատում կարողանանք «կռվել»: Նրանք պետք է կարողանան այդ ճակատամարտում հաղթել, ոչ թե տանուլ տալ: Իսկ այն ազգերը, որոնց հետ մենք ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, որոնք փորձել են մեզ բնաջնջել դարերի ընթացքում, բայց դա նրանց չի հաջողվել, հասկացել են, որ մշակույթը շատ կարեւոր նշանակություն ունի, եւ այդ ճակատում էլ կռվում են մեր դեմ՝ շատ հաճախ մեր մշակութային ստեղծագործությունները վերագրելով իրենց, իսկ մենք շատ հանգիստ տանը նստած մտածում ենք, որ աշխարհը կույր չէ եւ գիտի, որ դրանք մերն են: Կարծում եմ՝ պետք է գործ անել, ժամանակ չունենք կորցնելու, որովհետեւ լրջագույն խմորումներ են տեղի ունենում, եւ մենք, միգուցե, մի օր, ուղղակի արթնանանք ու հասկանանք, որ տեղեկատվական դաշտում մենք էլ չկանք, որ մեր մշակույթի մասին պատառիկներ են մնացել, որոնք կասկածի տեղիք են տալիս՝ արդյոք մե՞րն են, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ մեր կառավարությունը կսթափվի եւ այս հարցին կմոտենա ավելի լրջորեն, որպեսզի մենք արտաքին քաղաքականության մեջ լուրջ բաժին ունենանք մշակույթին վերբերող, որտեղ նշանակալից աշխատանք կտարվի՝ այս ճակատում լավ բանակ ունենալու համար»:

Ինչ վերաբերում է այլ ծրագրերին եւ բեմադրություններին՝ Սաթէն նշեց, որ առջեւում անդրադարձ կլինի հայկական մշակույթի մի շարք այլ նշանակալի ստեղծագործություններին եւ հեղինակներին.

«Որպես թատերական աշխարհի ներկայացուցիչներ՝ ես եւ իմ ամուսինն այն «զինվորներից ենք», որոնք չեն դադարել ու վստահաբար կարող եմ ասել, որ չեն դադարելու աշխատել մեր մշակույթը հանրահռչակելու ուղղությամբ: Ապագայի համար այլ ծրագրեր եւս ունենք: Նախատեսում ենք Փարաջանովի եւ Սայաթ Նովայի ստեղծագործություններին անդրադառնալ: Երկու տարի հետո Փարաջանովի 100-ամյակն է, եւ մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ մտածել: Մի բան էլ կա, որն ինձ «հանգիստ չի տալիս». խոսքը Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մասին է եւ, հատկապես, մեր միջանադարյան մշակույթի՝ շարականներ, հոգեւոր երաժշտություն եւ այլն, որոնց եւս անդրադարձ կլինի: Մյուս մեծ աշխատանքը Արթուր Ադամովի (Հարություն Ադամյան՝ Աբսուրդի դրամայի հիմնադիրներից մեկը) թատրոնին ու դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարքն է, որը հուսով եմ՝ կանենք Հայաստանի հետ համատեղ՝ 2022 թ-ին: Ես հույս ունեմ, որ մեր կատարած աշխատանքը կտա իր պտուղները եւ մի օր Ադամովը կընդգրկվի հայաստանյան բուհական ծրագրերի մեջ։ Դա ամենաքիչն է, որ մենք պետք է անենք՝ արժանին մատուցելու համար այս մեծ հայ-ֆրանսիացուն, ով ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային դրամատուրգիայի մեջ ունի իր հաստատուն ու պատվավոր տեղը։

Նաեւ սույն թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կկայանա մեր նոր բեմադրությունը՝ նվիրված 44 օրյա արցախյան պատերազմին։ Ներկայացման վերնագիրն է՝ «Ես զինվո՛ր եմ կրում»։ Հուսամ՝ մի օր էլ այս ներկայացմամբ կկարողանանք գալ Հայաստան»։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns