«Դե, սպասիր». մուլտֆիլմից՝ չափազանց պահանջված խաղ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄիջին սերնդի ներկայացուցիչներից շատերը դեռ հիշում են «Դե, սպասիր» խաղը: Այս խաղի պատմությունը սկսվել է 1984 թվականից: Այն ժամանակ Խորհրդային Միության տարածքում առաջին անգամ հայտնվել է «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը:
Սա այն մշակումներից մեկն է, որը թողարկվել է «Էլեկտրոնիկա» շարքի տակ: Խաղն անմիջապես դուր է եկել խորհրդային երկրի երեխաներին և շուտով դարձել 8-ից 14 տարեկան ցանկացած երեխայի ամենասիրելի և ցանկալի խաղալիքը: Յուրաքանչյուր երեխա է երազել Ամանորին կամ ծննդյան օրը ծնողներից «Դե, սպասիր» ստանալու մասին:
Թեպետ, հանուն արդարության պետք է ասել, որ մեծահասակներն էլ պակաս հաճույքով չեն խաղացել այն: Խաղի իմաստն այն է, որ գայլը պետք է որսա այն բոլոր հավկիթները, որոնք թափվում են հավաբներից, ուստի մարդիկ այս խաղին կպցրել են նաև «ձվաորս» մականունը: «Դե, սպասիր»-ը որոշակիորեն կարելի է համարել խաղային կցորդիչ: Այն հանդիսանում է «Nintendo» ընկերության թողարկած «EG-26» խաղի պատճենը, որի մասին ԽՍՀՄ-ում ոչինչ հայտնի չէր:
Խորհրդային արդյունաբերությունը հաջողությամբ պատճենել է այդ խաղը: Առաջին թողարկված խաղի հիմնական հերոսները եղել են գայլն ու նապաստակը, բայց որոշ ժամանակ անց հայտնվել է նմանատիպ խաղերի մոտ երեսուն նոր վարկած, և գայլի ու նապաստակի փոխարեն էկրանին հայտնվել են Վինի Թուխը, ութոտնուկը, Միքի Մաուսը և մուլտֆիլմերի այլ կերպարներ, բայց նրանց չի հաջողվել տարածվածությամբ առաջ անցնել այս խաղի առաջին տարբերակից:
Հետաքրքիր փաստ է այն, որ խաղի համար խորհրդային գիտնականներն ստեղծել են նորարարություններ, օրինակ՝ «KB1013VK1-2» պրոցեսոր կամ «IZHM2-71-01» LCD էկրանը: Այսինքն՝ ԽՍՀՄում այն ժամանակ արդեն իսկ գոյություն են ունեցել նմանատիպ տեխնոլոգիաներ, բայց, չգիտես ինչու, դրանք նման արագ զարգացում չեն ստացել, ինչպես դա եղել է Արևմուտքում: Այն ժամանակ չկար մեկ գործարան, որը ունակ էր խաղալիք արտադրել ամբողջ Խորհրդային Միության համար:
Որպես ուղեկցող արտադրանք, «Դե, սպասիր»-ն արտադրվել է այնպիսի գործարաններում, որոնք արտադրել են տարբեր սարքեր կամ աշխատել են ռազմարդյունաբերական ոլորտում: Այս առումով տարբեր է եղել նաև պատրաստի արտադրանքի որակը: Լավագույնն են համարվել Սևերոդոնեցկի հաստոցաշինական գործարանի արտադրած խաղերը:
Հաշվի առնելով այն ժամանակվա միջին աշխատավարձը՝ կարելի է ասել, որ այդ խաղալիքը եղել է թանկ հաճույք. արժեքը սկզբից եղել է 23, իսկ ավելի ուշ՝ 25 ռուբլի: Այնուամենայնիվ, բարձր գինը չի վախեցրել սպառողներին, և խաղը միշտ էլ դեֆիցիտ է եղել: Յուրաքանչյուր դպրոցական պատրաստ է եղել հրաժարվել ամեն ինչից «Դե, սպասիր» խաղն ստանալու համար: Երեխաները անգամ գրպանի ծախսերի և ուտելիք գնելու փողերն են հավաքել խաղալիք գնելու համար:
«Դե, սպասիր»-ի նման պահանջվածությունը իր մասին բազում լուրերի և լեգենդների տեղիք է տվել: Օրինակ ՝ շատերը հավատացել են, որ եթե հավաքեն 1000 միավոր, ապա էկրանին կարող են տեսնել կարճ մուլտֆիլմ:
Իհարկե, նման բան հնարավոր չէր, քանի որ այն ժամանակվա տեխնոլոգիաները հնարավորություն չէին տա դա իրականացնել: Ավելացնենք, որ «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը կարող էր օգտագործվել նաև որպես էլեկտրոնային ժամացույց կամ զարթուցիչ:




















































