Հանցագործության կատարման մասին հաղորդում՝ Վանաձորի քաղաքապետի դեմ
SOCIETYԵրեկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգական Վիկտոր Դարբինյանը դատախազությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետի ու նրա եղբոր գործողությունների վերաբերյալ:
Չնայած մամուլն արդեն կանխավ հրապարակումներ էր արել, որ Վիկտոր Դարբինյանը հաղորդում է տվել քաղաքապետի դեմ՝ վերջինիս ու նրա եղբոր կողմից իրեն ահաբեկելու՝ ուղեւորափոխադրման գործունեությունը դադարեցնելու համար, բայց մինչ այս պահը նրա դիմում-գրությունը միկրոավտոբուսային երթուղիների մրցութային գործընթացը վերահսկելու խնդրանքով էր: Այն մակագրվել էր Լոռու մարզի դատախազին, վերջինիս կողմից հետագա ընթացքը լուծելու նպատակով ուղարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն: Ոստիկանությունից հրավիրել էին Վիկտոր Դարբինյանին, բայց նա հրաժարվել էր հաղորդում տալ՝ մտադրվելով սպասել մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին՝ կապված Վանաձորում առաջիկա ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթում քաղաքապետի ու նրա եղբոր կողմից միկրոավտոբուսային թիվ 1 երթուղին և բիզնեսը Վիկտոր Դարբինյանի ձեռքից խլելու՝ քաղաքապետի մտադրության հետ, նույն եղանակով՝ լրատվական միջոցներով, քաղաքապետ Դարբինյանը հերքեց ազգականի հայտարարությունները՝ «կեղծ» որակելով իր և իր ընտանիքին ուղղված մեղադրանքները՝ միաժամանակ սպառնալով, որ սուտ մեղադրանքի համար դատի կտա ազգականին: Բայց, ի պատասխան, Վիկտոր Դարբինյանը շարունակում է պնդել իր խոսքերը («Իրենք ինձ կանչեցին իրենց մոտ և ասացին, որ այդ երթուղին պետք է լավ ձևով հանձնեմ իրենց, այսինքն՝ գրեմ մեքենաներով իրենց վրա: Այդ խոսքերն ասողը քաղաքապետի եղբայրն էր, նույնը պնդեց քաղաքապետը: Հետո շանտաժներով, սպառնալիքներով, սպառնալիքները կապված են եղել երթուղու հետ, որ ինքնակամ հանձնեմ: Դե ասում էին՝ միևնույնն է, քոնը պետք է չլինի, մենք այնպես կանենք՝ մրցույթը չես անցնի և այլն), որոնց համար հիմքեր ունի և ապացույցներ: Բացի այդ՝ նույն վերահսկողության խնդրանքով Վիկտոր Դարբինյանի կողմից դիմում էր ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, որտեղ նա իր օրինակով ներկայացրել է իր և իր նման հազարավոր ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկատերերի) իրական վիճակը հանրապետության համայնքներում: «Նրանք փոխանցել են, որ եթե ինքնակամ չհանձնեմ, չհրաժարվեմ մրցույթից, ինձ պետք է պատժեն և վատ պայմանների մեջ գցեն: Բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ առաջիկա մրցույթը պետք է անցնի խախտումնրով և անարդար պայմաններում: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Վանաձորի քաղաքապետի և իր հարազատների կողմից անօրինական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- նշված է Վիկտոր Դարբինյանի դիմումում:
Նոյեմբերի 26-ին Վանաձորի միկրոավտոբուսային երթուղիների մրցույթում մեքենաների զննության փուլից հետո (արդյունքներն ամփոփվելու են 10-օրյա ժամկետում) նախագահական նստավայրից հանձնաժողով է եկել Վանաձոր՝ ստուգումներ իրականացնելու: Երեկ էլ Վիկտոր Դարբինյանն արդեն հստակ հաղորդում է ներկայացրել դատախազությունում՝ Վանաձորի քաղաքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ:
Ադրինե Թորոսյան



