Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


«Նույն «խրամատային» սխալն են անում, մինչդեռ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է իրավաբան Մհեր Հակոբյանը։ Զրուցել ենք ճանապարհային երթևեկության անհանգստացնող վիճակի, ՃՈ տուգանքները բողոքարկելիս սահմանվող 4000, 10.000 և 20.000 դրամ պետտուրքի մասին և ոչ միայն։

Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը

Այս պահին ճանապարհային երթևեկությունում ունենք խնդիրներ, որոնք մի մասով օբյեկտիվ են, մյուսով՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ են այն առումով, որ մեքենաների թիվը շատացել է, հանրային տրանսպորտի վիճակը վատ է, մարդկանց մեծ մասը ձեռք է բերում սեփական մեքենա, որոնց գները նվազել են։ Մյուս կողմից՝ սուբյեկտիվ է. կա և՛ վարորդների, և՛ պետական մարմնի մեղքը։ Երթևեկության մեջ շատ են այն վարորդները, որոնք, իրոք, ծանոթ չեն երթևեկության կանոններին։ 

Սուբյեկտիվ տարրի մեջ կա նաև ճանապարհային ոստիկանության մեղքը. ամենայն հարգանքով, բայց ՃՈ աշխատակիցներից շատերը բավարար պատրաստվածություն չունեն, և երկրորդ՝ օրենսդրական դաշտն անչափ թերի է, դատական պրակտիկան՝ հակասական, և արդյունքում երկու կողմն էլ մեղքի իր բաժինն ունի՝ տեսական և գործնական մակարդակում։ 

Տեսականի դեպքում մեր կանոններում կան նորմեր, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից և Հայաստանի պայմաններում կա՛մ չեն գործում, կա՛մ էլ արդյունավետ չեն գործում։ Գործնականն էլ այն է, որ այդ նորմերը կիրառող տեսուչը, ինքն էլ լավ չտիրապետելով դրանց, դրանք թերի է կիրառում, մյուս կողմից՝ գծանշում կատարողը, նշան տեղադրողը, չունենալով բավարար հմտություններ, օրինակ՝ լուսացույցի կարգավորումը թերի է կատարում։

Նոր իշխանությունները նույն սխալն են գործում

Սա բազմաստիճան խնդիր է, և ցավն այն է, որ անձը, «խրամատի» որ կողմում գտնվում է, փոքրացնում է իր կողմի մեղքը և մեծացնում է հակառակ կողմինը։ Եթե վարորդ ես, ասում ես՝ ամեն ինչը լավ է, ՃՈ-ն վատ է աշխատում։ Եթե ՃՈ-ն ես, ասում ես՝ ամեն ինչ կարգին է, վարորդները լավը չեն։ 

Իրականում բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը, ուրեմն ունենք լուծելու խնդիրներ։ Եկել է նոր՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ 

Ցավոք, այն նույն՝ «խրամատային» սխալն է անում՝ բոլոր մեղքերը բարդում է վարորդների վրա։ Իսկ ես ասում եմ՝ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն՝ տարբերակելով լուծումների առաջնահերթությունը։ Իմ պատկերացմամբ՝ պետք է նախ կարգավորել ՃՈ վերադասը։

Հիմա կատարված փոփոխությունների մասին

Կատարվել է երկու տիպի փոփոխություն։ Առաջ դու քո ընտրությամբ կարող էիր գնալ դատարան կամ ՃՈ վերադաս, ընդ որում, վերադասում եթե մերժեին, իրավունք ունեիր, այնուհանդերձ, դատարան գնալ։ Նոյեմբերի 30-ից գործում է փոփոխությունը, ըստ որի, պետությունը վարորդին ասում է՝ գնա ՃՈ վերադաս, եթե այն քեզ մերժեց, իրավունք ունես դատարան գնալու։

 Պետությունը, վերադասում փոփոխություններ չկատարած, վարորդներին ուղղորդում է այնտեղ։ Ընդ որում, պրակտիկան գիտենք՝ «մերոնց չենք նեղացնում» սկզբունքով վերադասն այս պահի դրությամբ մեծմասամբ մերժելու է այս ամենը։ Ինքը մեխանիզմը լավն է, եթե վերադասն իրոք լավ աշխատի, արդյունքում դատարաններն էլ կբեռնաթափվեն։

 Իշխանություններն այս պահին ուզում են դատարանները բեռնաթափել, ցանկությունը լավն է, այո՛, դատարանները ծանրաբեռնված են, 10000 գործից 5000-ը կարող են ՃՈ ակտերը լինել։ Բայց այսպես չեն լուծում հարցը։ 

Սրա բացասական կողմն այն է, որ վարորդների համար մեծանում է քաշքշուկը, դատական պաշտպանության իրավունքը բարդանում է, քաղաքացին չարանում է, սրա հետևանքով պետությունը ոչինչ չի շահում։ 

Սրա դրական կողմը կարող էր լինել այն, որ եթե վերադասը նորմալ աշխատեր, գործերի մեծ մասը դատարան չէին հասնի, դատարաններն առնվազն 30 տոկոսով կբեռնաթափվեին։ 

Ի դեպ, նորմալ պայմաններում վերադաս դիմելն ավելի հեշտ է, հաճելի ու արագ, քան դատարան դիմելը։ 

Ի՞նչ է «սպառնում» վարորդներին 2020-ի հունվարի մեկից

Հունվարի 1-ից դատարան դիմելու համար ավելացրել են պետական տուրք, ընդ որում, վերադասին կարող ես անվճար դիմել։ Մի փոքր մանրամասնեմ վարչական դատարանների մասին։ Դեռևս 2005-2006 թվականներին երկրում մի գործընթաց էր, երբ իշխանություններն արդարադատությունը բարեփոխում էին։ 

Եվրոպան մեզ ասաց հետևյալը՝ ստեղծեք վարչական դատարան, որը զբաղվում է անձ-պետություն հարաբերություններով, հիմք դրվեց վարչական գործնական արդարադատությանը։

 2008 թվականից Հայաստանում գործում է վարչական դատարան։ Եվրոպան նաև պահանջ դրեց՝ վարչական գործերի քննումը դարձրեք անվճար, քանի որ եթե գործի քննության ժամանակ մի կողմում պետությունն է՝ ոստիկանությունը, հարկային մարմինը, քաղաքապետարանը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, մյուս կողմում՝ քաղաքացին, ում իրավունքը ոտնահարվել է, ապա պետությունը քաղաքացուց չպետք է գումար պահանջի իրականությունը պարզելու համար։ 

Այս գործերը քննում է վարչական դատարանն՝ անվճար։ 

Այս սկզբունքը պահվեց 11 տարի։ Հիմա այս իշխանությունները տեսան, որ վարորդներն ավելի շատ են սկսել բողոքարկել ակտերը և, իրավիճակին նայելով իրենց խրամատից, փորձում են վարորդների բողոքարկումը բարդացնել։ 

Եթե իրենք ընդունեն, որ ՃՈ-ն նորմալ չի աշխատում, կան խնդիրներ կապված գծանշումների, ճանապարհային նշանների հետ, կասեն՝ եկեք սա շտկենք, արդյունքում որոշ ժամանակ հետո կմնան այն ակտերը, երբ վարորդն, իրոք, մեղավոր է։ 

Ստեղծված իրավիճակը շտկելու փոխարեն, իշխանությունները հասկացան, որ դատարանում պարտվում են վարորդներին, չեն կարողանում գանձել տուգանքները, դեռ մի բան էլ իրենք են դատական ծախս վճարում։ 

Այն քողի տակ, որ իբր դատարանը ծանրաբեռնվում է, իբր վարորդները չարաշահում են արդարադատությունը, բոլորին կանչեցին վերադաս։ Այստեղ էլ հետևյալ պատկերը կունենանք՝ կա՛մ բան չի փոխվի, կա՛մ էլ այն ակտերը, որոնց դեպքում վերադասը վստահ է, որ դատարանում պարտություն է կրելու, կչեղարկի։ 

Բայց սա էլ ազնիվ չէ քաղաքացու նկատմամբ։ Ստացվում է, որ քաղաքացուն տուգանում են՝ իմանալով, որ նա սխալ չի գործել։ Շատ մարդիկ չհասկանալով կամ էլ քաշքշուկի մեջ չընկնելու համար մուծում են տուգանքները։ 

Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել

Կայացած պետություններում դատական պրակտիկան միասնականացված է։ Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել։ Ամեն դատավոր իր կարծիքն ունի։

 Նորմալ երկրներում, որտեղ օրենքները կայուն են, այդ կարծիքների հակասությունը բարձրանում է վերին՝ երրորդ ատյան, որն էլ ասում է, թե որն է ճիշտը։ Այս պահի դրությամբ վերաքննիչ դատարանը, որը վարչական դատարանի վերադասն է, քաղաքացիներից մեկի՝ իմ դիմած գործը քննելու է 2021 թվականի գարնան սկզբին։ 

Գործի մասին, որը պարտվեցի, հետո հաղթեցի այս աշնանը, վերադաս դատարանն ինձ կարծիք կասի 2021-ին, այսինքն՝ 2020 թվականին այդպես էլ չեմ իմանա՝ ո՞րն էր ճիշտը։ Սա առաջին ատյանի խնդիրն է։ Իրավիճակին նայենք քաղաքացու աչքերով։ 

Հունվարի 1-ից 10000 դրամ պետական տուրք է սահմանվում երկրորդ դատական ատյան դիմելու համար, իսկ եթե այստեղ էլ խնդիր լինի, Վճռաբեկ ատյան դիմելու համար սահմանված է 20.000 դրամ պետական տուրք։

Վճռաբեկ դատարանը փակվել է ինքն իր մեջ

Նորմալ երկրներում վերաքննիչը հաճախ հարցը փակում է, բայց կա Վճռաբեկ ատյան, որին պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ դատական պրակտիկայի տարաձևության դեպքում։ Վերաքննիչ վարչական դատարանում կա 9 դատավոր, որոնք հավաքված են 3 կազմում։ Այս պահին ունեմ գործեր, երբ կազմերից մեկի կարծիքը չգիտեմ, մեկն իմ օգտին է վճռել, մյուսը՝ իմ դեմ։ Քաղաքացին հարցնում է՝ ի՞նչ անենք։ 

Նորմալ երկրներում կասեի՝ դիմեք Վճռաբեկ։ Մեր երկրում դրա համար շուտով սահմանված կլինի 20 000 դրամ տուրք։ 

Այսինքն՝ քաղաքացին մուծեց ընդհանուր առմամբ 34 հազար դրամ։ Եթե Վճռաբեկում էլ պարտություն կրի, 5000 դրամանոց տուգանքն էլ ստիպված կլինի վճարել, ստացվեց 39.000 դրամ։ 

Ի դեպ, մեր վճռաբեկ դատարանը թերի է աշխատում, փոխանակ նման գործերը վարույթ ընդունելու, 500 գործից կարող է երկուսը վարույթ ընդունել։ Վճռաբեկը փակվել է ինքն իր մեջ։ Այն պետք է գործերը շուտ վարույթ ընդունի և կարծիք ներկայացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME