Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ՍԼՈՆ

Մինչև հիմա մեր գյուղում երբ երեխաները քարով խփում են իրար, մեծերն ասում են՝ Սլոն հո չե՞ս, քարը գցի ձեռքիցդ:

Սլոն մեր գյուղի որբն էր: Ու որբի նման էլ սիրվում էր: Ծնողները վաղուց էին վախճանվել, կարծեմ՝ ավտովթարից: Սլոն ազգականներ չուներ, կամ գուցե ուներ, բայց նրանք ձուլվել էին գյուղի անդեմ գթասրտությանը ու բոլորի հետ հավասարապես խնամում էին տղային: Գյուղի կանայք տան ավել պատառը Սլոյին էին տալիս ու երեխաների հնացած շորերը: Սիրտը փափկած ժամանակ նաև շոր ու կոշիկ էին առնում Սլոյի համար ու ավել պատառից բացի՝ պաղպաղակ, թխվածք ու մուրաբա էին տալիս, որ Սլոն ուտում էր ճաշի գդալով ու հաճույքից հալչելով

Սլոյին երբեմն նաև փող էին տալիս: Փողը գթասրտության սահմաններում չէր տեղավորվում, ու Սլոյի հետ գին էին խոսում: - Էսքան փայտը քանիսով կջարդե՞ս: -Ինչ կտաս, տուր:

Հաստատ գիտեին, որ Սլոն ասելու է՝ ինչ կտաս, տուր, բայց, որպես բարեխիղճ գործատու, հարցնում էին՝ քանիսո՞վ

Ես վախենում էի Սլոյից: Սլոն հազիվ 14- 15 տարեկան լիներ, բայց ես շատ փոքր էի այդ ժամանակ, ու Սլոն ինձ թվում էր խոշոր ու ահարկու՝ կորամեջք, կոստյումը՝ վրան մեծ, երկար ձեռքերը՝ անկանոն կախված (ասես մի կերպ կցմցած լինեին լայն ու վտիտ ուսերին ), հայացքը՝ վախեցած, բռի մեջ՝ քար...

Սլոյի բռի մեջ միշտ քար կար: Սլոն քայլում էր մայթի եզրով, բռի մեջ՝ քար, գլուխը՝ կախ...ու անընդհատ հետ էր նայում, ասես ինչ-որ հետապնդումից փախչելով: Երբ խոսում էիր հետը, քարով բռունցքը սեղմում էր կրծքին, ամեն պահի պատրաստ քարը վրադ նետելու:

Գյուղի 10-12 տարեկան հրոսակախումբը հանգիստ չէր տալիս Սլոյին, օր չկար, որ մի օյին չբերեին նրա գլխին: Գորտ էին գցում գրպանը, տակը ասեղ էին դնում, թաքուն կտրում էին մեջքին թափված բաց շիկավուն գանգուրները: Սլոն վեր էր թռչում, վախեցած, անփայլ աչքերով տենդագին փնտրում հերթական հակառակորդին ու չգտնելով՝ բռի քարը անհասցե նետում էր հավաքվածների վրա և հետ-հետ նայելով վազում դեպի իր փոքրիկ, հողաշեն տնակը: Բայց Սլոն չէր խրատվում: Երևի տղան մենակություն չէր սիրում: Ու հաճախ գալիս, միանում էր գյուղամիջում խռնված մարդկանց: Նստում էր մի անկյունում ու հայացքը մեկից մյուսին փոխանցելով՝ լսում նրանց անվերջանալի զրույցները՝ թանկացումներից մինչև Քենեդու սպանությունը..

Ես տեսել եմ, թե ինչպես է Սլոն ծիծաղում:

Երբ Սլոյի հոգու հետ խաղալուց հոգնած մարդկանց սիրտը նորություն էր ուզում ու սկսում էին իրար հետ կատակներ անել, Սլոն ծիծաղում էր` սպիտակ ատամները բացած, ուսերը շարժելով, բայց նույնիսկ ծիծաղելիս քարը բռան մեջ էր պահում:

Աշնան պայծառ օր էր: Ցրտերն ընկել էին, արևի տաքությունը հաճելի էր ու մարդկանց քաշել, հանել էր տներից, հավաքել գյուղամիջում՝ Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Մայրս գյուղի մշակույթի տան տնօրենն էր, ու նրա աշխատասենյակի լուսամուտը ուղիղ նայում էր հուշարձանին: Ես լուսամուտի մոտ էի այդ ժամանակ: Հանկարծ անսպասելի բան կատարվեց: Մարդիկ, որ հանգիստ նստած էին, սկսեցին այս ու այն կողմ վազել:Հետո ես տեսա Սլոյին. կոստյումը հետևի կողմից այրվում էր: Մարդիկ հռհռոցով, հարայ-հրոցով հանգցրին կրակը: Սլոն այս անգամ ձեռքի քարը չնետեց հրոսակախմբի վրա ու տուն չգնաց:

Նստել էր նստարանին ու ձեռքով փորձում էր հարթել կոստյումի վառված հատվածը:

Մնացածը ես չեմ տեսել: Մնացածը ամիսներ շարունակ մարդիկ պատմում էին իրար: Հետո սկսեցին չպատմել, որովհետև բոլորը անգիր գիտեին կատարվածը:

 

Ուրեմն՝ Սլոն մի քանի րոպե անշարժ կանգնել էր մայթին, հետո նետվել զառիթափով իջնող բեռնատարի անիվների տակ: Սլոն մահացավ հիվանդանոցում: Ասում են՝ երբ բժիշկը հանբուրել էր Սլոյի ճակատը, տղան ձեռքի քարը աննկատ դրել էր սեղանին:

 

Հ.Գ.- Իսկ ինչո՞ւ եմ այս տան նկարով հրապարակել Սլոյի մասին պատմությունը... Որովհետև այն իմ հայրական տան պատկերն է: Ես ճիշտ այսպիսի տանն եմ մեծացել: Ու այն ինձ համար ապահովության, սիրո, երջանկության խորհրդանիշ է՝ այն, ինչ երբեք չունեցավ մեր գյուղի որբը՝ Սլոն... Այն, ինչ մենք չտվեցինք նրան:

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

ԿՈՄ-ՊԱՐ-ՍԻ-ԴԱ

(Երևանին)

Երեքհազարամյա ծերուկ քաղա՛ք ու դե՛ռ

Մանուկ անվա՛րժ, անփո՛րձ, դեռ չոչ անող:

Եվ քո զավակները թող իրար միս ուտեն,

Թող հին ճառն իր կարդա մեր ջոջը նոր:

Անապատի ամեն անշուք քյոչք ու աուլ

Քաղաքամայր դարձավ ու ծուփ ծաղկեց:

Թողնեմ գնամ, հեռվից քեզ կարոտեմ, ա՜ո՜ւ,

Փողոց քշվածներից մեկն էլ ծլկեց:

Ամեն քայլափոխին, քո խոյակ ու որմից

Ծորում են տա՛ք, քնքո՛ւշ ախուվախեր:

Եվ նոր տերերը քո չարչարվում են, որ մի

Հարուստ քրդի գտնեն ու քեզ ծախեն:

Եվ կծախեն, ինչ փույթ, մի բան պակաս-ավել,

Ոչ կարգին մուտք ունես, ոչ էլ` ելքեր...

Քրիստոսը վկա, էլ չե՛մ ուզում, բա՛վ է

«Իմ հայրենիք թշվառ, անտեր» երգել:

ՍԱՂՄՈՍ ԱՐԱՐՄԱՆ

(Արտաշես Յայլոյանին)

Ո՞վ է արարում հոգու տոն ու տուն,

Վիրակապ դնում մեր բաց վերքերին,

Մեր անցյալից մեզ ո՞վ է կարոտում,

Որոնում ճամփան կորած էրգրի...

Որ ոգեղենիկ մեր Հայերենի

Տոնը չլքվի, ո՞վ է ինքն իրեն

Պատեպատ զարկում: Եվ հար երանի

Նրան, ով գիտե տոկալ ու սիրել

Անդուլ տքնանքի զիգզագվող ուղին

Եվ զառիվերը ձիգ տառապանքի:

Ո՞վ է ամբարում հավատամք ու խիղճ,

Որ լցնի թափուր խորշերը կյանքի...

Ինքը չա՞րն է մեր ետևից ընկել,

Թե՞ մենք ենք գնում հետքերով չարի,

Օ՛, բառ ու գրին խոնարհված ընկեր,

Մեր կենաց վարձն ո՞վ պիտի վճարի...

Օրը հայտնության այդ ե՞րբ է գալու,

Երբ թուխպ է նստել կենաց քիվերին:

Հույս ենք տածում, թե Գիրն է փրկելու,

Եվ որոնում ենք հրաշքը վերին:

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ

(Աբգար Ափինյանին)

Այս աշխարհի սե՛րը, հավա՛տն այս աշխարհի,

Մարդկությանը պիտի կործանումից փրկեր:

Բայց մշտարթուն Նեռը, մարմնացումը չարի,

Լարել է նետը իր, աղեղն է իր պրկել:

Գաճաճ հաճկատարներ,

իշխանատե՛նչ, ագա՛հ,

Ինչին ձեռ են տալիս, լպրծո՛ւն է դառնում,

Մինչ դու հոժարակամ մազե քո`ւրձդ

հագած,

Քո քարանձավ խցում մեռնում ես ու հառնում:

Մի՛ կոտրվիր, տոկա՛, խառնի՛ր գիշեր ու տիվ

Եվ վարձ մի՛ պահանջիր տառապանքի դիմաց,

Անդո՛ւլ, անխո՛նջ հերկիր սևահողը մութի,

Որ ընձյուղվի Սիրո լույսը երկնասլաց:

Դու ոգի՛ ես դրել քո ամեն մի տողում

Եվ չես նահանջելու մինչև մարխը մարող...

Սրտին քո ծանրացած կասկածները թող ու 

Ոգի դարձած, անցիր Լույսի ճանապարհով:

***

Եթե այսպես մնա, Չինգիզ խանը կգա,

Կգա իր շեղաչվի «կտրիչներին» առած:

Եվ քո հովիտներում, Երկիր Նաիրական,

Պիտի խրախճանեն սատրապ ու խաշնարած:

Ներքին լույսը մարած, հույլ ու հափռած, անկա՛մ

Կրկին ինքներս մեր բախտի հետ ենք խաղում:

Ճակատագիրը մեզ հարյուր հազար անգամ

Խստագույնս պատժեց, դարձյալ դաս չենք քաղում:

Եթե այդպես մնա, Չինգիզ խանը կգա,

Որ ավերի՛, եղծի՛, լլկի ու կործանի:

Այդ մասին է գուժում այն քարեղեն վկան`

Ծախված ու ավերակ, արարչագործ Անին:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns