Անտեսանելի ռազմական տեխնիկա. իրո՞ք տեսնել հնարավոր չէ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄենք գիտենք, որ...
Սթելս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ռազմական մեքենաներին մնալ աննկատ, այսինքն՝ նրանց հնարավոր չէ տեսնել։
Իրականում այնքան էլ այդպես չէ։
Սթելսը (անգլերենից թարգմանաբար՝ գաղտագողի, թաքուն) ռազմական մեքենաների ռադիոլոկացիոն, ինֆրակարմիր և այլ սպեկտրներում նկատելիության իջեցման մեթոդների համակարգ է, որը իրականացվում է շնորհիվ այդ մեքենաների երկրաչափական նախագծման և ռադիոալիքներ կլանող ծածկույթների և նյութերի օգտագործման, որն էլ իր հերթին բերում է այդ մեքենաների հայտնաբերման շրջագծի փոքրացման և, արդյունքում, նրանց խոցվելու հավանականության անկման։ Ուղղակի առայժմ ներկա տեխնոլոգիաների պայմաններում դեռ անհնար է հասնել ռազմական մեքենայի լրիվ «անտեսանելիության»։ Ի դեպ, այդ «անտեսանելի» մեքենաները լրիվ տեսանելի են սովորական մարդկային աչքի համար։ Այս ամենը հասկանալու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է գործում ռադարը, որը հայտնաբերում է մարտական մեքենան։ Ռադարը կամ ռադիոլոկացիոն կայանը համակարգ է, որը հնարավորություն է տալիս որոշել օբյեկտի մոտավոր տեղը տարածությունում։ Նրա գործողության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ նրանից ուղարկված ռադիոալիքները լավ անդրադարձվում են մետաղական մակերեսներից, օրինակ՝ ինքնաթիռի կորպուսից։ Ինքնաթիռների կորպուսը աէրոդինամիկ լինելու համար սովորաբար կլոր է, ինչը նշանակում է, որ ռադիոալիքները անդրադարձվում են բոլոր ուղղություններով։ Արդյունքում ռադիոալիքներ ուղարկած համակարգը հետ է ստանում այդ ալիքների անդրադարձը և, ըստ ժամանակի, ավտոմատ որոշում օբյեկտի հեռավորությունը և դիրքը։ Իսկ ժամանակակից ռադարները, ինչպիսին են ռուսական «Իրբիսը» կամ «Ժուկը», անգամ որոշում են օբյեկտի չափերը և ձևը, այլ կերպ ասած՝ կարող են որոշել, թե ինչ օբյեկտ է դա՝ ուղղաթիռ, ինքնաթիռ, թե թևավոր հրթիռ։ Օբյեկտը ինչքան լավ է անդրադարձնում ռադիոալիքը, այնքան հեռվից կարելի է նրան հայտնաբերել։ Սա էլ հենց հանդիսանում է ռադիոլոկացիոն նկատելիությունը, որը որոշվում է օբյեկտի ռադիոալիքները ցրելու հնարավորությամբ։ Օրինակ, այդ ցուցանիշը B-52 ռմբակոծիչների համար 100 քմ է, սովորական կործանիչի համար՝ 3-12 քմ, իսկ սթելս տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռների համար՝ ընդամենը 0,3-0,4 քմ։ Սթելս տեխնոլոգիան մարտական մեքենայի նման «անտեսանելիության» հասցնում է շնորհիվ նրա, որ մեքենան պատվում է կամ ստեղծվում այնպիսի նյութերից, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնը կլանել ռադիոալիքները և չանդրադարձնել դրանք, իսկ եթե անգամ առկա է անդրադարձ, այնպես անել, որ նրա ուղղությունը չլինի դեպի ռադար, որի համար էլ կորպուսը սարքում են ոչ թե կլոր, այլ սուր անկյուններով և հարթ մակերեսով։ Սթելս տեխնոլոգիան ԱՄՆ-ում սկսել է մշակվել դեռ 1966 թվականից, իսկ արդեն 1970 թվականին ԱՄՆ-ի օդային ուժերը ստացել են SR-71 անսովոր աէրոդինամիկ տեսքով և հատուկ ներկով ներկված հետախույզ ինքնաթիռը։ Փորձարկումները ցույց տվեցին, որ այդ ինքնաթիռը իրոք որոշակիորեն «անտեսանելի» է։ 1975 թվականին ԱՄՆ-ը ստեղծել է F-117A Have Blue անտեսանելի ինքնաթիռի լիամասշտաբ մոդելը, որը 1977 թվականի ձմռանը իրականացրել է իր առաջին թռիչքը։
F-117 կործանիչ-ռմբակոծիչը և В-2 ստրատեգիական ռմբակոծիչները առաջին ռազմական մկրտությունը ստացել են 1991 թվականին Իրաքում՝ «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ։ Նրանց օգտագործումը այնքան տպավորիչ էր, որ F-117-ը, որպես ամերիկյան բրենդ, իր հանրաճանաչությամբ անցավ անգամ Կոկա-կոլային։ Սա նոր տեսակի պատերազմի վարման ձև էր։ 6 շաբաթ գիշերները ռմբակոծելով Բաղդադը՝ անտեսանելի ինքնաթիռները զգալի առավելություն ստեղծեցին հակառակորդի նկատմամբ։ Այդ «սև ուրվականները» ազատորեն երկինք էին բարձրանում, նետում իրենց մահաբեր բեռը և անպատիժ վերադառնում բազա առանց վնասվածքների։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































