Սիրուց` ատելություն. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Սիրելուց` մինչև վերջ, ատելուց` մինչև վերջ, մարդ չգիտի` ազգային մտածելակե՞րպ է, դիմագի՞ծ, թե՞ որևէ այլ բան: Ժողովրդի սիրո ու ձեռքերի վրա եկավ առաջին նախագահը, գնաց` ատելությամբ, ոչ պակաս սիրով եկավ Քոչարյանը, թեկուզ` այս դեպքում, հանրության մի մասի սիրով, բայց այդ սերը կար: Ոչ պակաս սիրով էր հետ եկել նաև Կարեն Դեմիրճյանը` 1998–ին, չնայած որ դրանից ընդամենը 10 տարի առաջ նույն Դեմիրճյանը հեռացել էր ատելությամբ: Ավելին` նորից հանրության մի հատվածի սիրով 2008–ին վերադարձավ Լևոն Տեր–Պետրոսյանը: Այս սիրո և ատելության սերտաճումն արդեն դառնում է շրջապտույտ և գալիս հերթական անգամ ապացուցելու` սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է:
Այն, ինչ կատարվում էր հայաստանյան մեդիահարթակում հուլիսի 26–ին, իրապես էլ ատելության ցնծություն էր` այս բառը, կարծես թե, մոդայիկ է: Ու այստեղ էլ մեղադրելու տեղ չկա, մարդիկ, առավել ևս պաշտոնյաները վաստակում են այդ ատելությունը: Դժվար է չհասկանալ` տարիներով սպասված օր էր, զսպված ու խորը թաքցված ատելության ու վախի հանգուցալուծման օր: Բայց արդյո՞ք ատելության այդ չափաքանակը առողջ է, արդյո՞ք արդարության պահանջը` այդքան մոլեգին: Ի վերջո, զգացմունքներով արդարություն չի հաստատվում, չէ՞ որ Թեմիսի աչքերը կապված են:
Ընդհանրապես, ցանկացած մոլեգին զգացմունք առողջ չէ, սթափ չէ, այո, Քոչարյանը պետք է պատասխան տա, այդ պատասխանը գուցե նոր հարցեր առաջացնի, որոնց պետք է պատասխան տան այլոք ևս: Սակայն Քոչարյանը կամ ցանկացած ոք պետք է պատասխան տա ոչ թե ատելության կամ սիրո մոլեգնումի մեջ, այլ սառը սթափության ու արդարադատության անաչառ կուրության պայմաններում: Ի վերջո, Քոչարյանն այստեղ հերթական մեկն է` պետության համեմատ, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, կարևորն այն է, թե ինչ հասարակություն ենք մենք ուզում ունենալ, սիրուց ատելություն ակնթարթային թռիչքներ կատարո՞ղ, թե՞, այնուամենայնիվ, սառը, չափազանց սառը դատողությամբ: Գիտենք, դժվար է մեր հասարակության համար զսպել ցավը, ուրախությունը, ատելությունը և սերը, բայց աներկբա է ` պետք է գա արդարության ու բարոյականության, արդարության ու զգացմունքայնության համաձայնությունը կամ համերաշխությունը` առանց մեկի կամ մյուսի ստորադասման:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



