Դրամաշորթությո՞ւն, թե ազնիվ բարեգործական նպատակ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին տարիների կտրվածքով մայրաքաղաքի յուրաքանչյուր 3–րդ բնակիչ դժվար թե առնչված չլինի այնպիսի «բարեգործական» ակցիաների հետ, որոնք, մասնավորապես, կատարվում են ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով: Զանգահարում են քաղաքացիներին՝ առաջարկելով որոշակի գումար փոխանցել: Որպես կանոն՝ նման ակցիաները կազմակերպվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու համար: Զերծ մնալով վերոնշյալ դեպքերին որևէ գնահատական տալուց, ամեն դեպքում, չենք կարող չնշել հետևյալը. յուրաքանչյուր գիտակից քաղաքացու մտքում առաջանում է հարց՝ գումարները, այնուամենայնիվ, ծառայո՞ւմ են նպատակին, թե գնում որոշ անձանց գրպանները: Հարցն ավելի խոցելի է, երբ խոսքը երեխային օգնելու մասին է: Անգամ, եթե նշված հարցը տանջի ձեզ՝ շատերդ առաջինը կմտածեք երեխային օգնելու մասին:
Մոտավորապես նման զանգ է ստացել «Փաստ»–ին դիմած քաղաքացին: Նրա դեպքում, սակայն, դժվար է ասել, որ գումար փոխանցելու առաջարկ են արել: Մեզ ահազանգած քաղաքացին նախ նշեց, որ իրեն զանգահարող կինը որևէ կազմակերպության կողմից չի ներկայացել: «Սկզբում ինձ զանգահարող կինը ասաց՝ խնդրում ենք օգնեք երևանյան հիվանդություն ունեցող երեխայի, որին այս պահին վիրահատում են: Եթե կարող եք օգնել՝ երկու օրվա ընթացքում ձեզ կմոտենան, ցույց կտան բոլոր համապատասխան փաստաթղթերը»,–պատմեց քաղաքացին՝ ընդգծելով, որ պահանջվող գումարը 700 դրամ է եղել: Այդ տեքստից հետո քաղաքացին հետաքրքրվել է՝ երեխային օգնելու համար որպես կանոն հաշվեհամար է բացվում, հաշվեհամար չկա՞, որ գումարը պետք է առձեռն փոխանցեն: Քաղաքացին ստացել է հետևյալ պատասխանը. «Որ ունի՝ ինչ, ոչ ոք չի օգնում»: Նման պատասխանից հետո զանգահարող կինը անցել է կոռեկտության սահմաններն ու հասել «մուննաթ»–ի դաշտ: Ձայնը բարձրացնելով քաղաքացու վրա՝ ասել է՝ «լավ, դուք «գլամուռային» եք, մեկա չեք օգնելու», ու դրել է լսափողը:
Ինչևէ, զանգահարող կնոջ տրամաբանությունը միգուցե ուղիղ համեմատական է իր հետևում կանգնածների մտքի թռիչքներին: Միգուցե չե՞ն հասկացել, որ վաղուց քաղաքացիներից շատերը կարողանում են դրամաշորթությունը տարբերել բարեգործությունից կամ գոնե փորձում են հասկանալ՝ դրամաշորթների՞, թե՞, այնուամենայնիվ, իրական ու ազնիվ բարեգործական նպատակի հետ գործ ունեն: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը ու չբացառելով, որ նպատակն իսկապես կարող է ազնիվ լինել, ակնկալում ենք, որ հարցն, այնուամենայնիվ, անարձագանք չի մնա համապատասխան մարմինների կողմից: Խնդիրը ոչ թե մեկ կամ երկու քաղաքացու է վերաբերում, այլ ավելի լայն շերտերի: Կասկածելի տեքստով, կասկածելի պատասխաններով քաղաքացիներից փորձում են գումար գանձել, անցնում կոռեկտության սահմաններն ու մարդկանց գցում ոչ հաճելի իրավիճակի մեջ: Հավելենք, որ մեզ դիմած քաղաքացին ֆիքսել է զանգահարելու օրն ու մոտավոր ժամը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



