Խառը վիճակից ուզում են օգտվել նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները
SOCIETY«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի դիտարկմամբ, այս խառը ժամանակներում ակտիվացել են նաև դրսից սնվող աղանդավորական, ինչպես նաև սեռական փոքրամասնություններին սատարող կազմակերպությունները: Եվ այս ամենը կարող է վարկաբեկիչ ազդեցություն ունենալ ժողովրդական շարժման և թավշյա հեղափոխության ինչպես հաղթանակի, այնպես էլ իմիջի վրա:
«Այս իրավիճակից կարող են օգտվել նաև նախկին իշխանությունները: Օգտագործելով այս փաստերը՝ նրանք կարող են սև PR սկսել շարժման դեմ, որի ծիլերն արդեն երևում են: Եվ որոշ կառույցներ, որոնք նախկինում ապագա չունեին, հիմա փորձում են հեղափոխության անվան տակ ոչ թե շարժմանն օժանդակել, այլ իրենց հարցերը լուծել»,- ասաց Ա. Ամարյանը:
Ըստ նրա, բավականին ակտիվացել են նաև կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Բայց վտանգավորն այն է, որ այս ամենի մասին գիտեն նախկին իշխանությունները և առիթը բաց չեն թողնի նոր իշխանությունների դեմ ուղղված հակաքայլեր իրականացնելու համար:
«Այս ամենը գիտակցելով՝ ներկա կառավարությունը պետք է մաքրի իր շարքերը, որպեսզի այս ամենը շարժումը վարկաբեկելու հիմք չտա: Ինչ վերաբերում է աղանդավորներին, սկսվել է հակաեկեղեցական գործունեություն, այն ենթատեքստով, որ Վեհափառն իր տեղում չէ: Այսինքն, այն բոլոր կառույցները, որոնք դրսից ֆինանսավորվելով հակապետական գործունեություն էին ծավալում, ակտիվացել են»,- ասաց Ա.Ամարյանը:
Թացը չորից տարբերելն, ըստ կազմակերպության ղեկավարի, ոչ թե ժողովրդի խնդիրն է, այլ՝ ազգային անվտանգության և կառավարության: Այս երկու ուղղություններով էլ պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, որպեսզի հենց իրենք չընկնեն նշված երկու ուղղություններով ակտիվացած ալիքների հարվածների տակ: Նա հասարակությանը խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում և համացանցում տարածվող վարկաբեկիչ նյութերը ոչ թե կուրորեն տարածել, այլ հակապետական ցանկացած երևույթ նկատելիս հակահարված տալ: «Պետք է խմբեր ստեղծել, որպեսզի սոցիալական ցանցերում և ընդհանրապես համացանցում հայտնված ցանկացած նման դրսևորում չեզոքացվի: Դրա համար երիտասարդների մի առողջ խումբ է հարկավոր ձևավորել: Կոմպրոմատների պատերազմներ միշտ էլ եղել են, կան ու կլինեն, բայց եթե հիմա այդ ամենը չչեզոքացվի, ապա հեղափոխության առիթն օգտագործելը կարող է շատ կեղտոտ խաղի վերածվել»,- ասաց Ա.Ամարյանը:
Արմինե Գրիգորյան



