Արմեն Աշոտյանը Հոլոքոստին առնչվող բաց դաս անցկացրեց թիվ 195 ավագ դպրոցում
SOCIETYՊատմության դասերը սերտելով կարող ենք կանխել անցյալի ուրվականների վերադարձը:
Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ցեղասպանություններին: Երևանի թիվ 195 ավագ դպրոցում նախարարը բաց դաս վարեց և 12-րդ դասարանի աշակերտներին պատմեց Հոլոքոստի մասին:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր ազդaրարել` իրականացնելու մեր հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում: Այսօր մենք շարունակում ենք միջոցառումները: Այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին: Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր»,- նշեց Արմեն Աշոտյան ը:
Նախարարի խոսքով` թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, և անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաև այլ ցեղասպանությունների մասին:
«Ես ընտրել եմ Հոլոքոստը, բայց մենք դպրոցներում խոսելու ենք նաև այլ ցեղասպանություններից: Այն մի կողմից ամենաուսումնասիրված ոճիրն է Հայոց ցեղասպանության հետ, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել և' զուգահետները, և' տարբերությունները: Կարևոր է նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները»,-շեշտեց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը:
«Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել»,-նշեց նա:
«Բաց դասեր առաջին անգամ չեմ իրականացնում, այս վեց տարիների ընթացքում տարբեր թեմաներով հանդիպումներ եղել են: Ես ուզում եմ, որ երեխաները գնան տուն և այս հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն: Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները տալու մեջ: Պատմության դասերը սերտելով` կարող ենք կանխել անցյալի ուրվականների վերադարձը»,-ընդգծեց Աշոտյանը:
Նախարարը ինտերակտիվ կերպով վարեց դասը` դասապրոցեսի մեջ ներգրավելով նաև աշակերտներին, հարցեր տալով նրանց և դասի ավարտին պատասխանեց թեմային առնչվող հարցերի:



