Շինուհայրի խմելու և ոռոգման ջրի խնդրին, Աստծո կամոք, լուծում կտրվի
SOCIETYԱյսպես մեզ պատասխանեց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, ով համայնքների խոշորացումից հետո, միաժամանակ Շինուհայրի գյուղապետն է: Համայնքն ավելի քան 25 տարի է տառապում է ջրի խնդրի պատճառով: Ոռոգման ջուրն իսպառ բացակայում է՝ չհաշված պոմպերով իրականացվող ոռոգումը, իսկ խմելու ջուրը մարդկանց հասանելի է օրվա ընդամենը մի քանի ժամի:
Չնայած վերևում հնչեցրած խոսքին, գյուղապետն իր հույսը միայն Աստծո վրա չի թողել: Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը Past.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ գյուղի խմելու ջրի խնդիրը մինչև գարուն լուծում կստանա, իսկ առայժմ իրենք փորձում են ներքին ցանցի հետևանքով առաջացած խնդիրներին լուծում տալ:
Գյուղապետի ներկայացմամբ՝ ջրի հարցը ներքին ցանցի՝ հին ու խարխուլ լինելու պատճառով է. «Ջուրը կա, «Վեոլայով» սնուցում են, բայց քանի որ ներքին ցանցը շատ հին է ու խարխուլ, ամեն օր վերանորոգման աշխատանքներ ենք տանում: Ներքին ցանցի խնդիրը ներկայացրել եմ կառավարություն, որից հետո եկել են, հատակագծերն ու բոլոր չափումներն արել են, նախապես հաստատել են նախագիծը: Պիտի երևի գարնանը, Աստծո կամքով, սկսեն»:
Որպես Շինուհայրի ոռոգման ջրի խնդրի լուծման միակ ճանապարհ համայնքապետը նշում է ջրամբարի կառուցումը: Շեշտում է, որ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու ժամանակ Շինուհայրի ոռոգման տարբերակը եղել է պոմպերով ջրի օգտագործումը: Եվ հիմա էլ է այդ կերպ:
Սիմոնյանի ներկայացմամբ՝ իրենք ներքին ցանցի բարեկարգում են կատարել, որպեսզի որքան հնարավոր է ջուրը ժողովրդին հասանելի լինի: Իսկ խնդրին լուծում կտրվի միայն ջրամբարի կառուցումից հետո. ձնհալների ջրերը կկուտակվեն, և Շինուհայրի ու Հալիձորի ոռոգման հարցը լուծում կստանա: Դեռ ավելին, գյուղապետը վստահեցրեց, որ սրա հետ կապված էլ կա նախագիծ:
Հարցին, թե ջրամբարի կառուցումը ե՞րբ կմեկնարկի, պատասխանեց, որ հենց այս հարցի շուրջ օրեր առաջ զրուցել է գյուղվարչության պետի հետ, ով իրեն տեղեկացրել էր աշխատանքների՝ ընթացքում գտնվելու մասին:
«Ոռոգումը ոչ թե չկա, այլ՝ բոլորին չի հասանելի պոմպային եղանակով ոռոգումը: Դրա համար մտածում ենք, որ պետք է դեպի ջրամբարը ջրագիծ քաշել»,– նկատեց նա:
Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գրեթե ամեն օր վթարներ են տեղի ունենում, և իրենք սեփական ուժերով ու իրենց տեխնիկայի օգնությամբ վերանորոգում են, որպեսզի գոնե գրաֆիկով կարողանան գյուղացիներին խմելու ջուր մատակարարել. «Իսկ առայժմ պոմպային եղանակով ավելացնում ենք ջրագծերը, որպեսզի ջուրը մարդկանց համար ավելի հասանելի լինի, բայց դե դա հարցի լուծում չի»,– հավելեց Սիմոնյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



