10 տարվա ընթացքում ուսանողների թիվը կրճատվել է 21 հազարով
SOCIETYՀայաստանում Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների թիվը տարեցտարի նվազում է: Եվ սրա մասին է վկայում ոչ միայն այս տարվա ցածր դիմելության ցուցանիշը, այլև տարիների ընթացքում արձանագրված թվերը:
Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի՝ 2016 թ. հայաստանյան բուհերում սովորել է 92 հազար 558 ուսանող: Ինչը նախորդ՝ 2015 թ. համեմատությամբ նվազել է, սակայն 2012–2014 թթ. նկատմամբ՝ ավելացել: 2015 թ. ունեցել ենք 96 հազար 502 ուսանող, իսկ դրանից առաջ թիվը տատանվել է 90–79 հազարի սահմաններում:
Ուսումնական ակտիվության տարիներ կարելի է համարել 2007–2010 թթ., երբ մեր բուհերն ունեցել են 111–ից մինչև 114 հազար ուսանող: Ի դեպ, 2008 և 2009 թթ. գրեթե հավասար քանակի ուսանողներ ենք ունեցել՝ համապատասխանաբար 114 հազար 399 և 114 հազար 629: 2009 թ. հետո ուսանողների թիվը սկսել է աստիճանաբար նվազել:
Ուսանողների ամենից քիչ քանակ Հայաստանում գրանցվել է 2000 թ.՝ 60 հազար 726, և հենց այս տարվա տվյալներից սկսած են իրականացվել հետազոտություններ՝ ուսանողների քանակի ճշգրտման հետ կապված:
Հատկանշական է, որ Հայաստանում բուհերում սովորող ուսանողների մեջ գերակշռում են կանայք: Ըստ 2016 թ. վիճակագրության` նրանք կազմում են ամբողջ ուսանողների թվի ավելի քան 50%–ը, այն է՝ 50 հազար 463: Սրա համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել, այդ թվում և այն, որ մեզ մոտ դպրոցն ավարտելուն պես յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր դստերը ուսանող տեսնել, այդ թվում և դիպլոմը որպես օժիտի բաղկացուցիչ մաս օգտագործելու միտումը: Տղաների դեպքում նման շտապողականություն չկա: Տղաները հիմնականում դպրոցն ավարտում են, գնում ծառայության և վերադառնալուց հետո նոր որոշում կյանքն ինչպես շարունակել:
Պատկերը տխուր է նաև հանրակրթական դպրոցների շրջանավարտների և այնուհետև բուհեր ընդունվող քաղաքացիների թվի տեսանկյունից: Ինչպես հայտնի է, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, որից 1312–ն ընդունվել է անվճար, իսկ մնացած 6 հազար 954–ը՝ վճարովի:
Ըստ «Առավոտ» թերթի հրապարակման՝ Կրթության և գիտության նախարարության կողմից թերթին տրամադրած տվյալների համաձայն՝ 2012–ին հայաստանյան ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36 հազար 659, 2013–ին այդ թիվը նվազել է՝ դառնալով 28 հազար 63, 2014–ին դարձել 24 հազար 663, իսկ 2015 և 2016 թթ. համապատասխանաբար՝ 24 հազար 739 և 23 հազար 237:
Բացի այս, առաջին կուրս ընդունվողների թիվը նույնպես տարեցտարի նվազել է: 2012 թ.–ին այն կազմել է 16 հազար 262, 2013 թ.–ին 14 հազար 244, 2014–ին՝ 12 հազար 355, 2015 թ.–ին՝ 13 հազար 208 և 2016 թ.–ին էլ՝ 10 հազար 995:
Այս ամենը կրթության նկատմամբ հետաքրքրության պակասից է, թե՞ բուհեր ընդունվելու անկարողությունից, դժվար է ասել: Սակայն վերոնշյալ թվի՝ նման տեմպերով անկումը ոչ մի լավ բանի մասին չի կարող խոսել: Սրան գումարելով տարեցտարի ուսման վարձավճարների ավելացող չափը՝ դժվար չէ կռահել, որ շատ շուտով մեր բուհերում առավելագույնը մեկ տասնյակ ուսանող ունեցող կուրսերն են գերակշռելու:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



