Ծռերն այդպես էլ քաղաքական ասելիք չունեցան
ANALYSIS
Մի քանի օր առաջ առաջնագծում զինծառայողներից մեկի զոհվելու առիթով քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ պետք է հասարակությունն ինքնակազմակերպվի ու լռեցնի Ադրբեջանին: Սեֆիլյանը կրկնում է ապրիլին ու հուլիսից առաջ իր և իր թիմակիցների կողմից շրջանառվող թեզը ՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հող հանձնել, դրա համար էլ չի կարողանում համարժեք պատասխանել ադրբեջանական կողմին, զենք տվեք մեզ և մենք կանենք դա, եթե դուք վախենում եք:
Սեֆիլյանը նաև նշում է այն պատճառը, թե ինչու իշխանությանը ինքնակազմակերպված հասարակությունը ձեռք չի տալիս ՝ քանի որ պատերազմից հետո այն կարող է դառնալ առանձին սուբյեկտ: Իրականում, սակայն, Սեֆիլյանը հենց այս հիմնավորմամբ բացահայտում է իր ուղերձի հիմնական, թաքնված մեսիջը ՝ այն է, պատերազմի առիթն օգտագործել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, առաջնագծում ինքնակազմակերպվելու, այնուհետ այդ ինքնակազմակերպչական ռեսուրսը դեպի ներքաղաքական կյանք ուղղելու համար:
Սեֆիլյանի համար նման գործելաոճը խորթ չէ, նա փաստացի կրկնում է այն, ինչ ասում ու անում էին բոլշևիկները դաշնակցական Հայաստանի տարիներին և ինչ անում էին դաշնակցականները ՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Այն է ՝ խփել պատերազմող երկրի իշխանություններին ոչ միայն ներսից, այլև ճակատի թիկունքից, երկրորդ գիծ բացելով ու ջլատելով ռազմական ուժը, որը միաժամանակ կբերեր հա՛մ պարտության, հա՛մ էլ իրենց կողմից հերոսականության հաստատման ու կդառնար լեգիտիմ իշխանափոխության հիմք:
«Սասնա ծռերի» գործողություններն այս իմաստով այդքան կասկածելի ու ավանտյուրիստական չէին լինի, եթե կապ չունենային պատերազմի և առաջնագծի հետ: Այսինքն, ընդամենը լիներ սովորական ներքին բախում: Այպիսով, նրանք գիտակցելով կամ ոչ, դարձել են մի մեծ խաղի մասնակից, որտեղ ի սկզբանե կշեռքի նժարին Հայաստանի պետականությունն է դրված եղել:
Ծռերի քաղաքական սնանկությունը փրկում է միայն մեկ բան, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ հանրային անվստահությունը, քաղաքական գործընթացներից հասարակության օտարումն ու քաղաքական պայքարի զինված տարբերակն ակամայից ընկալվում է որպես հուսահատ ժողովրդի վերջին հույսի դրսևորում:
Արտակ Ասլանյան




















































