Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


«Տղաներ, որ ելան մարտի». Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին. Ավետիք Սուքիասյան

SOCIETY

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախյան քառօրյա պատերազմի մասնակից, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան» շքանշանով պարգևատրված Ավետիք Սուքիասյանին։ 


Գրեթե ազատ ժամանակ չունեցող, միշտ շարժման մեջ գտնվող Ավետի հետ խոսում էինք նրա առօրյայից, ուսումից, աշխատանքից։ Ասում էր, որ ազատ ժամանակ շատ քիչ է ունենում ու միշտ շարժման մեջ է։ Բայց և այնպես հենց գտնում է այդ ժամանակը, նախընտրում է սպորտային վարժություններ անել։ 
«Շատ եմ սիրում սպորտով զբաղվել, ինքս տանը, դրսում սպորտային վարժություններ եմ անում, պարապում եմ, որպեսզի միշտ ֆիզիկապես լավ պատրաստված լինեմ։ Մոտ 12-13 տարեկանում զբաղվել եմ ծանրամարտով և ըմբշամարտով։ Հանգստի ժամանակ ուղղակի զբոսնել եմ սիրում»,-պատմում է Ավետը: 
Նրա սիրելի զբաղմունքներից է երգելը, սակայն ինչպես ինքն է ասում՝ երգերի բառերը չի սովորում, որպեսզի նորմալ երգի։ Ասում եմ, իսկ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել՝ որն է ավելի նախընտրում՝ անկեղծանում է. «Գրքեր շատ քիչ եմ կարդացել, չէի սիրում կարդալ մինչև այն պահը, երբ սկսեցի աշխատել գրքերի շուկայում և ավելի մանրամասն ծանոթացա նրանց աշխարհի հետ։ Այժմ ամեն ինչ փոխվել է՝ գրքեր եմ հավաքում, և արդեն ունեմ փոքրիկ գրադարան և սկսել եմ դրանք կարդալ»։ 


Ավետը աշխատելուն զուգահեռ նաև սովորում է։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրություն և երկրաբանություն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։ 
«Երբ կրկնուսույցի մոտ պարապում էի համալսարան ընդունվելու համար, նա խորհուրդ տվեց ընտրել երկրաբանի մասնագիտությունը։ Սկզբում այդքան էլ պատկերացում չունեի այդ ասպարեզի մասին, հետո սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում, ինչով են զբաղվում երկրաբանները և ինձ դուր եկավ ու հետաքրքրեց։ Ինձ շատ մոտ է այս մասնագիտությունը, հատկապես, որ բնության հետ է կապված, իսկ ես բնությունը շատ եմ սիրում»։ 
Ասում է՝ խորհուրդը, եթե չլիներ, որոշել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ ընդունվել։ Մինչև բանակ գնալը երազում էր ծառայել հայրենիքին։ 


«Միշտ անհամբեր սպասել եմ այդ օրվան։ Փոքրուց, երբ Ձմեռ պապիկին նամակ էի գրում կամ ծնողներս հարցնում էին, թե ինչ նվեր եմ ուզում ծնունդիս, միշտ ասել եմ զենք։ Երբ արդեն եկել էր այդ պահը՝ մեկ անգամ փորձել էի դիմում գրել, որպեսզի ինձ ավելի շուտ տանեն, այն էլ այդ ժամանակ դեռ 1995 թվականի ծնվածներին էին տանում։ Այդ տարի մինչև հունվարի 30-ը զորակոչը շարունակվելու էր, իմ ծնունդն էլ հունվարի 28-ին էր և 18 տարիս լրացել էր, բայց մերժեցին դիմումս և մի փոքր ավելի ուշ զորակոչեցին բանակ։ Երևի այդպես ավելի լավ էր, հնարավոր է շուտ զորակոչելու դեպքում չմասնակցեի ապրիլյան պատերազմին։ Երազանքս իրականացավ, գնացի բանակ ծառայեցի և վերադարձա, իսկ հիմա էլ տարբեր նպատակներ ունեմ։ Դրանցից մեկը կարողացանք իրականություն դարձնել քրոջս հետ։ Նրա գիրքն է տպագրվել և արդեն շնորհանդեսն է եղել՝ արձակ ստեղծագործություններ են, և վերնագիրն էլ՝ «Հայրենիքը սկսում է սահմանից»։ Գրքի հասույթը բարեգործական նպատակներով է օգտագործվելու՝ սահմանամերձ գյուղերից մեկին կամ մի քանի ընտանիքների օգնություն է ցուցաբերվելու»։ 
Ինքն իրեն Ավետիքը բնութագրում է որպես չափազանց հանգիստ և ոչ կռվարար մարդ։ Ասում է, թե իրեն հունից հանելը շատ դժվար է և անգամ դպրոցում կռիվ անելու համար ծնող չեն կանչել։ 
«Դպրոցում էլ էի շատ հանգիստ, հազվադեպ եմ կռիվ արել, այն էլ, երբ արդեն չափից շատ էին հունից հանում, բայց ծնող չեն կանչել երբևիցե։ Դպրոցում ոչ շատ լավ, ոչ էլ վատ եմ սովորել՝ միջին»։  
Ավետը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ և այնտեղից արդեն դեռ նոր երկրորդ կուրս տեղափոխված ուսանողին տարել են բանակ։ Այնտեղ շատ բաներ է սովորել, որոշ լավ հատկություններ է ձեռք բերել, մտածելակերպն է փոխվել։ 


«Բանակում մի հատկություն եմ ձեռք բերել՝ առավոտյան նախաճաշել (ծիծաղում է)։ Մտածելակերպս է փոխվել. մինչև բանակ գնալը տարբեր երևույթների ըմբռնումն ուրիշ էր, իսկ հիմա լրիվ այլ է։ Հիմա ավելի կշռադատված եմ քայլերս անում, ավելի խորն եմ մտածում։ Բանակից հետո ավելի շատ սկսում ես հետևանքների մասին մտածել, տաք գլխով փորձում ես որոշումներ չկայացնել»։ 
Բանակի մասին զրույցը հասցրեց մեզ մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ։ Ավետը պատմելիս փորձում էր ցույց տալ, որ ինքը թեթև է նայում, թեթևակի ժպիտով էր, այդ պահերի իրենց հումորներից էր պատում, բայց նրա ամեն մի հոգոցից հասկանում էիր այդ պահի լրջությունը և ինքդ մի փոքր սկսում էիր զգալ այդ պատերազմի դաժանությունը։ 
2016 թվականի փետրվարի 8-ին իրենց ստորաբաժանումով՝ ինժեներ-սակրավորական, բարձրացել են Թալիշ։ «Մենք ութ հոգով էինք բարձրացել և այնտեղ մնացել ենք մինչև մարտի 26-ը։ Այդ օրն իջանք և ընդամենը 6 օր անց սկսվեց ամեն ինչ։ Ապրիլի 1-ի գիշերն իմ սովորության համաձայն կանգնած նայում էի դեպի Ադրբեջան՝ իրենց քաղաքների լույսերին։ Այդ գիշեր արդեն անհանգիստ էր՝ անօդաչու թռչող սարքեր էին ներթափանցում մեր տարածք, տղաները դրանք ոչնչացնում էին։ Հետո արդեն քաղաքի պաշտպանության համար տեղակայված հակաօդային ստորաբաժանումը սկսեց կրակել հենց քաղաքից։ Այդ ժամանակ արդեն հասկացանք, որ մի բան այն չէ, բայց գիշերը ժամը 2-3-ի սահմաններում արդեն կրակում էին քաղաքի մեջ։ Վաշտի հրամանատարը մեզ մոտ զորամաս էր եկել և ասաց, որ պետք է պատրաստ լինեն մեքենաները, որ դուրս ենք գալու։ Արդեն հասկացանք ինչ է կատարվում, անգամ տագնապ չտվեցին՝ զորքը գիտակցում էր ամեն ինչ։ Առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում զորամասից դուրս ենք եկել և գնացել ենք մեր տեղակայման վայրերը։ Մեկ օր դիրքեր չենք գնացել և ոչնչի չենք խառնվել՝ սպասում էինք, որ հրաման գա։ Հակառակորդը շատ ակտիվ աշխատում էր հակատանկային դիվիզիոնի ուղղությամբ, բայց բարեբախտաբար այդ ժամանակ ոչինչ չեղավ»։ 


Այդ ընթացքում ընդհանրապես չեն քնել։ Ապրիլի 4-ի գիշերը պարեկապահակային կետում կանգնած է եղել, իրենց ստորաբաժանման հրամանատարը եկել, կանչել է Ավետին ու ասել, որ առաջին ջոկը պատրաստեն։ Պետք է գնային դիրքերից մեկը, որը հակառակորդը գրավել էր, իսկ մեր տղաները հետ էին վերցրել (այնտեղ է եղել քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը)։ Նրանց առաջադրանքն էր՝ գնալ և կասեցնել տանկերի ընթացքը։ Այդ ընթացքում իրենց են միացել երկրորդ և երրորդ ջոկերը ու բոլորն ամեն ինչ բարեհաջող ավարտել են։ 
«Այդ ժամանակ մեքենայով բերեցին Թալիշ գյուղ մտած ադրբեջանցի զինվորների դիերը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, մեզ տեղափոխեցին Մատաղիս։ Այդ ուղղությամբ մի երկու դիրքում մեր գործն արեցինք ու բարձրացանք Թալիշ։ Տղաները նոր խրամատներ էին փորում, և մենք էլ պետք է նոր փշալարեր տեղադրեինք չեզոք գոտում։ Արդեն համարյա ավարտել էինք, սկսեցին մեր ուղղությամբ կրակել։ Մեր տղաներից մեկը՝ Նորայր Զախարյանը (ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից), սխալ շարժում արեց, կանգնեց ականի վրա և ոտքը կտրվեց։ Մեզ գոռում էին, որպեսզի ոչ ոք չմտնի ականադաշտ, բայց, երբ հասկանում ես, որ քո հայրենակիցն է, ծառայակից ընկերը՝ չես կարող չմտնել։ Մեր տղաներից երկու հոգի արդեն բերում էին, մենք էլ օգնեցինք, գրկեցինք, անցկացրինք խրամատը։ Հետո այնտեղ առաջին բուժօգնություն ցույց տվեցինք և նրան հոսպիտալ տարան»։ 
Մահն անցել է Ավետի կողքով, բայց հանգիստ բնավորության համաձայն՝ պատմում էր այնպես, կարծես ինքն այդ ամենի մեջով չի անցել։ Ասում եմ, թե ինչ էիք մտածում այդ պահերին, երբ կրակում էին ձեր, մյուս տղաների վրա, շատ հաստատակամ ձևով պատասխանում է, որ բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին։ 
«Բանակում ոչ ոք չի մտածում մահվան մասին, այլ հակառակը՝ մտածում ես, թե ինչպես տղաներին օգնես, գնաս, կռվես։ Անգամ, երբ ասում էին դիրքերը հետ են վերցրել մերոնք, հակառակորդին մեծ կորուստներ են պատճառել, շատ էինք ոգևորվում ու ուզում էինք հրաման տային, որ առաջ գնանք»։ 
Ծնողների մասին մտածելն ու նրանց հետ զրուցելը մի այլ խոչընդոտ էր նրանց համար, քանի որ շատերը, ինչպես նաև հենց Ավետիքը սկզբում չէին ասում, որ իրենք սահմանում են։ Հազիվ հարմարեցնելով վայրկյաններ, որպեսզի ոչ մի գնդակոծության ձայն չլսվի զանգել ու հանգստացրել են ծնողներին, որ իրենց հետ ամեն ինչ լավ է։ 
«Ծնողների հետ խոսելիս հազիվ էինք հարմարեցնում այնպիսի պահեր, որպեսզի գոնե մեկ արկ չպայթեր կամ կրակոցի ձայն չլսվեր։ Հասցնում էինք ասել, որ ամեն ինչ լավ է ու չանհանգստանան։ Սկզբի ամենաթեժ օրերին չէի ասում տանը, որ դիրքերում ենք, ասում էի՝ Ստեփանակերտ են տարել, բայց ծնողներս ամեն ինչ շատ լավ հասկանում էին»։ 
Այդ պահերին հավատքն առ Աստված շատ մեծ է եղել և Ավետն ինքը փաստում է, որ իր փրկվելը հենց հավատով է պայմանավորված։ Քառօրյայից հետո Ավետը ստացել է կրտսեր սերժանտի կոչում և այդպես զորացրվել։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California