ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելեց կենտրոնական հավաքակայան. Կան նորամուծություններ
SOCIETYԱմառային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հուլիսի 1-ին այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հավաքակայանում Հակոբյանը շրջայց կատարեց, զրուցեց զորակոչիկների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ և մաղթեց բարի ծառայություն:
Հայաստանի գլխավոր շտաբի պետը նշեց, որ այս տարի զորակոչի կազմակերպման գործում մտցվել է որոշակի նորամուծություն: «Մեր նպատակն է, որպեսզի զորակոչը լինի բացարձակ արդար, բոլորի համար տեսանելի և որևէ մեկի մոտ կասկած չառաջանա: Որոշակի փոփոխություն է կատարվել զինվորական համազգեստում՝ կոշիկների որակը բարձրացվել է, այն ամբողջապես պատրաստված է կաշվից: Բացի այդ, ներկայումս արգելվում է, որպեսզի նորակոչիկն իր հետ սնունդ բերի հավաքակայան, քանզի ներս մտնելուց հետո կերակուրը և բոլոր իրերը, բացի անձնական հիգիենայի պարագաներից, հետ են հանձնվում ծնողներին»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ նորակոչիկները գոհ են հավաքակայանում տրամադրած սննդակարգից:
Նա նաև զրուցեց նորակոչիկների հետ և խորհուրդ տվեց լինել համարձակ, ուժեղ և պատրաստակամ հայրենիքին ծառայելու: «Ցանկանում եմ, որ այն ինչ ստեղծել է ավագ սերունդը՝ կարողանաք պահել, պահպանել և բազմապատկել»,- ընդգծեց Հակոբյանը:
Այն հարցին, թե ի՞նչն է առաջնային փոփոխությունը համարում, ԳՇ պետը նշեց. «Ցանկանում եմ, որ բոլորը ծառայեն բանակում և տարեկետումը ընդհանրապես վերանար: Կցանկանայի նախազորակոչային տարիքում առավել ուշադրություն դարձվեր բուժզննմանը: Իհարկե, դա համապետական միջոցառում է և մոտ ապագայում դուք ականատես կլինեք»:
ԳՇ պետը շնորհակալություն հայտնեց զորակոչիկների ծնողներին` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:



