Երևանի սեփականությունը համարվող 52 ընկերություններ միասին համայնքին 118 միլիոնից ավելի շահույթ են ապահովել
SOCIETYՄայիսի 30–ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9–րդ նստաշրջանի 4–րդ նիստը: Նիստի օրակարգում է ներառվել Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2016 թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին նախագիծը։
Համայնքի սեփականություն հանդիսացող 50%–ից ավելի բաժնեմաս ունեցող ընկերությունների 2016 թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման համար հիմք են հանդիսացել կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Երևանի բյուջե տարեկան շահութաբաժնի վճարման չափի առաջարկության մասին տեղեկանքներն ու զուտ շահույթի բաշխման ուղղությունների վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները։
Համայնքի սեփականություն հանդիսացող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող և գործունեություն ծավալած 58 ընկերություններից 2016 թ. տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով շահույթով են աշխատել 52 ընկերություններ, որոնց զուտ շահույթը կազմել է 370 միլիոն 907 հազար դրամ: Զուտ շահույթից Երևանի բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների գումարը կկազմի 118 միլիոն 943 հազար դրամ, քանի որ թվով 2 ընկերությունների՝ «Քանաքեռ–Զեյթուն ծննդատուն», «Արաբկիր–Կամար» ՓԲԸ–ների զուտ շահույթներից՝ 735 միլիոն 50 հազար դրամից շահութաբաժին չի հաշվարկվում: Բանն այն է, որ այդ ընկերությունների մոտ առկա են շահութաբաժինների վճարման սահմանափակումներ՝ զուտ ակտիվների արժեքը պակաս է կամ կպակասի կանոնադրական կապիտալից շահութաբաժինների վճարման հետևանքով։
Նշված 52 ընկերություններից Երևանի համար ամենից շատ շահույթ է ապահովել «Երքաղլույս» ՓԲԸ–ն, որի տարեկան զուտ շահույթը կազմել է 69 միլիոն 570 հազար դրամ, որից էլ 27 միլիոն 828 հազարը համայնքի շահութաբաժինն է: «Երքաղլույս» հետո տարեկան շահույթի չափերով երկրորդ տեղն է զբաղեցնում «Արաբկիր–Կամար» ՓԲԸ–ն, որի 2016 թ. տարեկան շահույթը կազմել է 59 միլիոն 870 հազար դրամ: Նախագծի մեջ առկա շահութաբաժինների աղյուսակից տեսնում ենք, որ «Երքաղլույս» ընկերությունից հետո Երևանին մեծ գումարների հասնող շահութաբաժին է վճարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը՝ 11 միլիոն 815 հազար դրամի չափով:
Նախագծից նաև տեղեկանում ենք, որ այդ 50 կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարումները Երևանի բյուջե կատարվելու են եռամսյա ժամկետում՝ ամսական հավասար չափերով, բայց ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1–ը։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
3
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
4
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
5
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary



