Yerevan, 04.November.2025,
00
:
00
BREAKING


Հասցրեցի ամուսնանալ, երեխաներ ունենալ, ամուսնալուծվել. Արթուր Գալստյանը երկարատև դադարի, վերադարձի և ընտանիքի մասին

INTERVIEW

90-ականների շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Արթուր Գալստյանին շատերը կհիշեն: Մեղմ ժպիտով, հաճելի արտաքինով և լիրիկական ձայնով երիտասարդը ժամանակին գրավել էր հայուհիներից շատերի սրտերը: Ինչո՞վ է պայմանավորված երգարվեստի բնագավառում նրա երկարատև լռությունը, ի՞նչ զբաղվածություն ունի այսօր և ինչպե՞ս է ընթացել կյանքը էկրանից այն կողմ՝ կբացահայտենք այսօր: Past.am-ի զրուցակիցը Արթուր Գալստյանն է:

-Արթուր, թեև ժամանակն իրենն է թելադրում, սակայն դուք 90-ականների շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների շարքերում եք գտնվում, ովքեր դեռևս ասելիք ունեին: Ի՞նչն է պատճառը, որ հեռացաք ասպարեզից:

-Ճիշտն ասած՝ հեռացա էկրաններից, բայց ոչ բեմից: Սկզբում մոտ 3 տարի շրջում էի իմ մենահամերգներով: Ամեն ինչ լավ էր: Այնուհետև 2002 թ-ից ստեղծեցի իմ փոքրիկ ստուդիան և համերգային շոուն ՝ «Գալ.Ա Մյուզիք» անվանումով, նոր կատարողներով, իմ հեղինակային նոր երգերով, գործիքավորումներով և ձայնագրություններով: 2004-ին ԱՄՆ-ում և Հայաստանում թողարկվեց այդ երգերիս ձայնասկավառակը՝ նոր երգիչ-երգչուհիների կատարմամբ: Այն, որ ամեն ինչ հաջողված էր, զգում էինք մեր համերգային շրջագայությունների ժամանակ: Ամեն տեղ սիրված և սպասված հյուր էինք: Նույնիսկ իմացանք ուրիշ կեղծ շոուների մասին, որոնք այդ ձայնասկավառակիս ձայնագրություններով ելույթներ էին ունենում մեր անվան տակ (ժպտում է): Իսկ հետո կատարվեց անսպասելին. ինձանից սկսեցին այնքան շատ երգեր պատվիրել, որ ժամանակ չէր մնում զբաղվելու համերգներով: Ու այդպես կամաց-կամաց անցա ընդհատակ…

-Եվ ինչո՞վ եք զբաղվել այս ընթացքում:

-Երաժշտությամբ, նոր երգեր, հիմներ, քայլերգեր գրելով, գործիքավորումներով, ձայնագրություններով: Նաև հասցրեցի ամուսնանալ, երեխաներ ունենալ, ամուսնալուծվել ... Մի խոսքով, շատ բան հասցրեցի, այդքանը թվարկել անհնար է:

-Անձնական կյանքին դեռևս կանդրադառնանք: Մինչ այդ, գիտեմ, որ Ձեր ձայնագրման ստուդիան ունեիք, այսօր այն գործո՞ւմ է:

- Այո, գործում է, բայց կատարվել են փոփոխություններ, որոնց մասին չեմ կարող չխոսել. այս տարի ես ծանոթացա շատ հրաշալի մարդկանց և մի հրաշք բելգիա-շվեյցարա-հայկական ընտանիքի հետ (ժպտում է): Չորս աննման փոքրիկներ, որոնք իրենց մայրիկի՝ Մարի Դալիա Վան Մարկի և հայրիկի՝ Փոլ Վան Մարկի հետ Հայաստանին և հայերին նվիրված երգեր են երգում: Այդ գեղեցիկ երգերի հեղինակն է Մարին, ով նաև հիմնադիրն է «AfterApril24th2015» ալտրուիստական շարժման, որի նպատակն է օգնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ ապրելու բարեկեցիկ կյանքով և չլքել հայրենիքը: Երգերի գործիքավորումներն արեցի ես, ձայները գրվեցին Գերմանիայի և Լյուքսեմբուրգի ստուդիաներում: Լյուքսեմբուրգում նկարահանվեցին նաև տեսահոլովակները: Ի դեպ, օգոստոս ամսից ես «AfterApril24th2015»-ի երաժշտական և բարեգործական նախագծերի տնօրենն եմ: Սեպտեմբերի 18-ից ստուդիան նույնպես միացավ «AfterApril24th2015»-ին և այժմ կրում է «The Art of Music 23» անունը: Շատ ուրախ եմ Մարիի և Փոլի հետ համագործակցության համար, ուրախ եմ, որ Մարիի գեղեցիկ երգերի շնորհիվ կարողացա ներկայանալ իմ աշխատանքներով Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ունենք շատ ծրագրեր, նախագծեր և երգեր, որոնց մասին կիմանաք ապագայում:

-Ամեն դեպքում, էկրաններին Ձեզ չենք տեսնում: Ձեր սերնդակիցներից շատերը վերջին տարիներին «վերադարձ» կատարեցին: Չե՞ք մտածում նրանց օրինակին հետևելու մասին, հատկապես, որ երկրպագուհիների մեծ խումբ ունեք: Գուցե հիթային որևէ կատարմամբ վերադառնա՞ք:

-Միշտ մտածել եմ այդ մասին: Մեծ հաճույքով կանեի դա: Բայց վերջին 11 տարում ինձ թանկ և հարազատ այնքան մարդկանց կորցրեցի (սկսած իմ շատ սիրելի մայրիկից), որ տրամադրություն չէր մնում անելու այդ քայլը: Հիմա ինձ մոտ հիթային նոր երգերի ավելցուկ է առաջացել (ժպտում է): Չգիտեմ, կյանքը հետաքրքիր է իր անսպասելի անակնկալներով:

-Շատերը պնդում են, որ «Արձագանքցիների» առջև 2000-ականների սկզբին «դռներ փակվեցին», այսպես ասած` նրանք հայտնվեցին շոու-բիզնեսյան «սև ցուցակում»: Համաձա՞յն եք նման դիտարկման հետ:

-Ճիշտն ասած՝ իմ վերջին՝ «Ներքին զորքեր» երգի տեսահոլովակը նկարահանվել և ցուցադրվել է 1999-2000 թվականներին: Որևիցե խնդիր չի եղել: Եվ հետո, մինչ 2004 թվականը հեռուստատեսություններից ինձ հրավիրել են բազմաթիվ հարցազրույցների, որի ընթացքում էլ միշտ ցուցադրվել են տեսահոլովակներս: Հետո ելնելով վերը նշածս անձնական պատճառներից՝ ոչ մի նոր տեսահոլովակ չեմ ունեցել և ոչ մի դուռ չեմ թակել, որ իմանամ՝ այդպիսի արգելք իմ հանդեպ եղե՞լ է, թե ոչ:

-Ըստ Ձեզ, այսօրվա և երեկվա էստրադային երգարվեստը տարբերվո՞ւմ են միմյանցից:

- Շատ:

-Եվ ինչո՞վ:

- Ո՞ր մեկն ասեմ. լավ, շատ փոքրիկ օրինակ բերեմ: Հիշո՞ւմ եք 90-ականների քեֆերն ու խնջույքները. չկային այսօրվա բազմաթիվ շլացուցիչ ժամանցի վայրերը: Ընկեր-ընկերուհիներով հավաքվում էինք որևէ մեկի տանը: Չկային այսօրվա դրամական միջոցները, ամեն մեկս մեր տան նկուղներից տանում էինք տնական այն պահածոն, որը չպիտի բերեին մյուսները (ներքին պայմանավորվածությամբ) և անկեղծ քեֆ-ուրախություն էինք անում, շատ անկեղծ (ժպտում է): Իսկ հիմա հավաքվում ենք որևէ շլացնող ժամանցի վայրում և ոչ մի քեֆ-ուրախութուն, ամբողջը ձևականություն է… Նույն կերպ, առաջ երգերը հոգով էին գրվում ու կատարվում, անկեղծ էին: Հեղինակները շատ էին, երգերը, գործիքավորումները տարբերվում էին միմյանցից: Իսկ ամենակարևորն ու առաջնայինը ոչ թե ֆինանսական ակնկալիքն էր, այլ ունկնդրի գնահատականն ու սերը: Այ այդ պատճառով էլ մենք մի սովորական գովազդային վահանակով ունենում էինք լեփ-լեցուն դահլիճներ: Եվ ասեմ, մեր հոնորարներն էլ շատ բարձր էին այն դժվար տարիների պարագայում: Նաև, մենք նախնտրում էինք բեմը: Հիմա մեծամասնությունը աշխատում են միայն ռեստորանում երգելու հրավեր ունենալու համար:

-Ժամանակակից երգարվեստում կա՞ն կատարողներ, որոնց կառանձնացնեիք այս ֆոնին:

-Կան: Մեկ մեկ շատ լավ երգեր եմ գտնում ինտերնետում, բայց միշտ անունները շփոթում եմ (ժպտում է):

-Արթուր, որքան հիշում եմ, Ձեզ նմանեցնում էին ռուսական էստրադայում 90-ականներին փայլող Անդրեյ Գուբինին…

- Գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Ես իմ երգերով սկսել եմ ելույթ ունենալ և հանրությանը հայտնի դառնալ 91 թվականից, իսկ Գուբինը «եսիմ երբ»՝ կարծեմ 90-ականների վերջերին (ժպտում է):

-Հետաքրքիր է, երբևէ մտածե՞լ եք հայրենիքից հեռանալու մասին:

- Ոչ, մշտապես՝ ոչ: Ես միշտ ասել եմ. եթե նույնիսկ բոլորը թողնեն գնան, ես մնալու եմ և Հայաստանի լույսը չեմ անջատելու, որպեսզի բոլորն իմանան, որ այստեղ միշտ մարդ կա:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Դե, արդեն ասացի՝ ամուսնալուծված եմ, ունեմ 2 աղջիկ: Ապրում եմ հայրիկիս հետ:

-Ի՞նչը հանգեցրեց ամուսնալուծության. բեմական մարդուն բնորոշ կյանքն ու անկայունությունը, խանդը, թե՞…

-Ոչ մի արտառոց բան: Ուղղակի մենք շատ տարբեր էինք: Մեր պատճառները ոչնչով չեն առանձնանում մնացած ամուսնալուծված ընտանիքների պատճառներից:

-Ձեր կինը Ձե՞ր ասպարեզից էր:

-Ոչ:

-Այժմ Ձեր կողքին չկա՞ այն մեկը: Այլևս չե՞ք մտածում նորից ընտանիք կազմելու մասին:

-Մի օր երևի կգտնվի այդ մեկը, չգիտեմ (ժպտում է):

-Ի՞նչ տարիքի են այժմ Ձեր բալիկները, ինչո՞վ են զբաղվում: Հայրիկի հետ կապը պահպանվո՞ւմ է:

-Մեծ աղջիկս 13 տարեկան է, փոքրը՝ 10: Սովորում են դպրոցում, շատ են սիրում երաժշտություն, ունեն շատ լավ երաժշտական լսողություն: Այսօր հնչող «Հայ կոլա» գովազդային երգի գլխավոր հերոսներն են (ժպտում է): Իմիջիայլոց, ասեմ, այդ երգի հեղինակը ես եմ: Ես ու աղջիկներս շատ կապված ենք միմյանց:

 

-Արթուր, Ձեր «Ով է նա» կատարումը ժամանակին ամենահիթայինն էր, ամենուր հնչում էր: Նույնիսկ այսօր շատերը հիշում են:

-Մինչ հիմա չեմ ասել, բայց հիմա պիտի ասեմ (ժպտում է): Այդ երգիս խոսքերը այնքան արագ եմ գրել՝ 8-10 րոպեում: Պետք է մեր էստրադային խմբով ելույթ ունենայինք կանանց տոնին նվիրված միջոցառմանը՝ նոր երգով: Համերգն արդեն սկսվել էր: Երաժշտությունն ունեի, խոսքերը՝ ոչ: Այդ պահին խոսքերին ոչ մի կարևորություն և լրջություն տալու կարիք չկար, պետք էր միայն հասցնել: Եվ իմ այդ ստրեսային իրավիճակում ծնվեց այդ թեման: Բայց պատկերացրեք, հենց ելույթի ժամանակ բոլորը հավանեցին: Ելույթից հետո արդեն հանգիստ, ուշադիր և առավել լրջությամբ, սկսեցի նորից կարդալ գրածս խոսքերն ու հասկացա, որ վատը չէ (ժպտում է): Կարծես փոքրիկ մի ֆիլմի սցենար լինի:

-Նման երգեր ծնվում են, որբ գոյություն է ունենում իրական հերոսուհին:

-Չէ, կոնկրետ գլխավոր հերոսուհի չկար (ժպտում է): Բայց հետագայում շատ հետաքրքիր պատմություններ լսեցի իմ մասին:

-Օրինա՞կ:

-Ինձ անընդհատ,տարբեր մարդիկ ասել են, թե գիտեն ում մասին է երգը, տվել են շատ անուններ: Նույնիսկ, հետո ծանոթացրել են (ծիծաղում է):

-Դուք միշտ թողել եք մեղմ բնավորությամբ բարի մարդու տպավորություն: Ինչպիսի՞ն եք իրականում:

-Իրականում էլ այդպիսին եմ, եթե օրերից մի օր հունից չեն հանում (ժպտում է):

- Իսկ հաճա՞խ են Ձեզ հունից հանում:

-Ընդհանրապես, դժվար է ինձ հունից հանելը, շատ համբերատար եմ, բայց պատահում է… Ես հունից դուրս եմ գալիս, երբ ամենաբուռն ստեղծագործական պահերին մանր-մունր հարցերով ինձ խանգարում են աշխատել:

-Արթուր, միշտ աղջիկների ուշադրության կենտրոնում եք եղել: Դա ժամանակին չի՞ անհանգստացրել Ձեր կողակցին:

-Շատերին է անհանգստացրել՝ առանց լուրջ պատճառի:

-Ինքներդ խանդո՞տ եք:

-Ոչ: Ամեն մարդ իրավունք ունի ապրել իր նախընտրած կյանքով՝ իր նախընտրած մարդու հետ: Եթե պիտի ստեղծվի խանդի իրավիճակ, ավելի լավ է այդ մարդիկ իրար հետ գործ չունենան:

-Ասում են, տղամարդիկ սիրում են աչքերվ: Ձեր դեպքում այդ սկզբո՞ւնքն է գործել կամ գործում:

-Կոնկրետ իմ դեպքում՝ ես արդեն չեմ հասկանում (ժպտում է): Երևի դա էլ է գործում, բայց հոգևոր կապի գործոնն էլ ինձ համար շատ կարևոր է:

-Հետաքրքիր է, ի՞նչն եք կարևորում ընտանիքում, հարաբերությունների մեջ:

- Սերը, հարգանքը և միասնությունը…

-Մարդիկ սխալական են. ամեն դեպքում, մարդկային ո՞ր քայլն է, որ երբեք չեք անի, արժեքներ, որ երբեք չեք ոտնահարի:

-Փոքր տարիքում տեսա, թե ինչպես իմ հասակակիցներից մեկը գլխատեց կենդանի ծիտիկին: Մի օր հետաքրքրության համար որոշեցի ինքս էլ նույն բանն անել: Իմ այդ արարքից անմիջապես հետո մեծ ցավի զգացում ապրեցի, իմ ներսում շատ բան փոխվեց… Շատ բաներ իմ մանկությունից և կյանքից չեմ հիշում, բայց այդ օրը այդպես էլ չմոռացա:

-Ըստ Ձեզ, որո՞նք են Ձեր ամենավատ գծերը:

-Առաջ ունեի, հիմա կարծես թե չունեմ (ժպտում է):

-Դա մի տեսակ ինքնասիրահարվածության չի՞ նմանվում:

-Այո, իհարկե, եթե պատասխանիս նայեք առանց հումորի… Անթերի մարդ չկա: Ես անընդհատ աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ շատ բաներ շտկել: Բայց ինձ թվում է, որ դա լինելու է անընդհատ պրոցես՝ մինչ կյանքի վերջ: Լավ և վատ գծերը հավասարապես են բաշխված մարդկանց մեջ, և դրանք կյանքի ընթացքում անընդհատ փոփոխվում են:

-Մի քիչ էլ դիմացինին անդրադառնանք. ի՞նչը չեք ների:

-Հիմա ամեն ինչ էլ ներում եմ: Բայց իմ մեջ, առանց դիմացինին վնասելու և առանց քեն պահելու, կայացնում եմ նրա հետ շփման եվ հարաբերությունների նոր որոշումներ:

-Ովքե՞ր են Արթուր Գալստյանի ընկերները:

-Իր նման մարդիկ:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ ցանկությունն ու նպատակը:

-Ցանկությունս է, որ հարազատներս լինեն առողջ և խաղաղություն լինի աշխարհում: Իսկ նպատակս՝ կառուցել իմ երազների տունը:

-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր երազների տունը:

-Կներեք, բայց դրանք իմ երազներն են (ժպտում է):

-Զրույցը եզրափակենք ձեռքբերումներով…

- Այն, ինչ ունեմ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

 Past.am

 

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises