Այսօր Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է
SOCIETYԱյսօր ապրիլյան պատերազմի մասնակից, Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է։
Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 5 տարեկան էր։ Հերոսի հորաքույրը՝ Գայանե Սահակյանը ասում է, որ այս տարիներին Սարգիսը երբեք Հայաստանում չէր եղել, սակայն որոշել էր՝ հաստատ հայրենիքում է ծառայելու։ Դպրոցն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան ու զորակոչվել բանակ։
«Շատ խելոք ու հանդարտ երեխա էր, հատկապես աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ ու ճարպկությամբ։ Ամեն ինչում չափի մեջ էր, գիտեր իր տեղն ու դիրքը։ Դեռ փոքրուց շատ էր սիրում մեքենաներ ու հատկապես ֆուտբոլ։ Միակ նպատակը հենց ֆուտբոլն էր, այդ ուղղությամբ աշխատելն ու լավ ֆուտբոլիստ դառնալը։ Միշտ էլ մեզ հետ շատ դրական տրամադրվածությամբ էր խոսում բանակի մասին։ Արդեն ծառայության ընթացքում էլ, երբ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Արձակուրդի ժամանակ մեզ մոտ էր գալիս, հարցուփորձում էինք իր բանակայի կյանքի մասին: Ճիշտ է, հիմնականում չէր մանրամասնում, բայց համոզված նշում էր, որ տղայի համար ծառայությունը մեծ բան է կատարելագործվելու, կոփվելու առումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հորաքույրը։
Հայաստան վերադառնալուց հետո Սարգիսը թեպետ նոր միջավայրում էր հայտնվել, շատերին չէր ճանաչում, սակայն իրեն ոչ մեկից հեռու չէր պահում, շփման համար բաց էր ու ընկերասեր, ամեն հարցում կանգնած էր ընկերների կողքին։
Հորաքույրն ասում է՝ մարտի դաշտում Սարգիսն ու մյուս տղաներն, իրոք, մեծ գործ արեցին, հերոսաբար պայքարեցին հակառակորդի դեմ։ Սարգիս Սահակյանը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը:
«Իմ որդին նույնպես ծառայում է Արցախում, եւ, այո, որպես ծնող մենք էլ ենք ուզում, որ գնան, ծառայեն այդ երկու տարին, կոփվեն. պարզապես կարծում եմ՝ եթե անգամ պետությունը կանգնած է զինվորի կողքին, ապա թույլ է կանգնած։ Մեր տղաները շատ լավն են։ Հպարտ և ուրախ ենք, որ նման զավակներ ունենք… Ուղղակի շատ ավելի լավ կլինի, եթե պետությունը մի փոքր ոգեւորի, պնդացնի նրանց թիկունքը։ Հպարտ ենք, որ Սարգսի պես հարազատ ենք ունեցել, բայց շատ ցավալի է, որ հիմա մեզ հետ չէ»,- նշում է հերոսի հորաքույրն ու հավելում, որ ապրիլյան պատերազմի օրերին հատկապես ոգեւորվել է՝ տեսնելով հայ ժողովրդի համախմբվածությունը, զինվորի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը.
«Մարդիկ, իսկապես, շատ լավն են։ Զինվորի կողքին կանգնած էին թե´ մեծահասակները, թե´ երիտասարդները, անգամ փոքրերը։ Մի ամբողջ ազգ ոտքի էր ելել, որ անպայման օգնի զինվորին։ Նույնիսկ 15-16 տարեկան դպրոցականներն էին ոգեւորված գնում զինկոմիսարիատներ, ուզում էին անպայման հասնել առաջավոր գիծ, թիկունք կանգնել զինվորներին։ Դա մեզ համար անչափ մեծ նշանակություն ունի»։



