ՄԳԻՄՕ-ում հրաժարվել են ներս թողնել հիջաբով դիմորդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի միջազգային հարաբերությունների միջազգային ինստիտուտի (ՄԳԻՄՕ) անվտանգության աշխատակիցները հրաժարվել են ներս թողնել հիջաբով դիմորդին՝ վկայակոչելով ներքին կանոնակարգը, որի համաձայն սովորողներին խորհուրդ չի տրվում մուսուլմանական գլխաշոր կրել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին հաղորդում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:
«Ուզում է սովորել, թող հանի հիջաբը: Մեր ինստիտուտում հիջաբով չեն շրջում»,-ասել է անվտանգության ծառայության պետի տեղակալը:
Միաժամանակ, փաստաբան Մուրադ Մուսաեւը ռադիոկայանին պատմել է, որ իրավիճակին միջամտել է բուհի՝ իրավական հարցերով պրոռեկտոր Սերգեյ Շիտկովը: «Նա հասկացել է, որ անվտանգության աշխատակիցները չափն անցել են, եւ հայտնել է հարազատներին, որ աղջիկը կարող է շարունակել այցելել կուրսերին: Մենք համաձայն ենք, որ այդ նորմն ուժ ունի ուսանողների համար, որոնք պարզապես գլխաշոր են կրում, բայց պետք է բացառություն անել նրանց համար, որոնք այդպես են վարվում կրոնական համոզմունքներից ելնելով»,-ասել է իրավաբանը:
Նրա խոսքով, նման դեպքերը հազվադեպ չեն: Վերջերս ԱԳՆ քոլեջ է եկել Սոֆիա անունում դիմորդն իր մոր հետ, որը հիջաբով է եղել: «Քոլեջի ընդունող հանձնաժողովի նախագահը զզվանքով նայել է Սոֆիայի մորը եւ աղջկան խորհուրդ է տվել իր համար «այլ տեղ գտնել»: Երբ մայրը դժգոհել է նման վարմունքից, հետեւել է հետեւյալ պատասխանը. «Այո, մենք կանխակալ ենք, այո, մեզ այստեղ մուսուլմաններ պետք չեն: Դուք, իհարկե, կարող եք ներկայացնել փաստաթղթերը, բայց ձեր դուստրը չի ընդունվի, ես դա երաշխավորում եմ»:
Փաստի վերաբերյալ Մուսաեւը բաց նամակ է հղել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով «միջոցներ ձեռնարկել կրոնական պատկանելիությամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքին»:



