Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում
ՄՇԱԿՈՒՅԹԱլեքս Գևորգյան․ Նա ընդամենը 15 տարեկանում դպրոցական դասարանից հասավ համալսարանական լսարան՝ բացառիկ տաղանդով շրջանցելով բոլոր ստանդարտ փուլերը։ Երիտասարդ դաշնակահարը ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանում՝ պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնի դասարանում։ Նա ներկայանում է նաև եվրոպական բեմերում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացած նրա մենահամերգը դասական երաժշտության սովորական երեկո չէր. հարյուրամյակների պատմություն ունեցող գործերը հնչեցին այսօրվա ռիթմով։ Իսկ Ալեքսի համար հարազատ էր այս բեմը. նա 3 տարի առաջ կազմակերպված «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի մրցանակակիրներից մեկն էր։
Այս անգամ նրա ընտրած ծրագիրը բացառիկ երաժշտական կոնտրաստների մասին էր. Բախ, Բեթհովեն, Սկրյաբին, Պրոկոֆև․․․ նրանց ստեղծագործությունների կատարումը պահանջում է ոչ միայն տաղանդ, վիրտուոզ տեխնիկա, այլև ահռելի մեծ աշխատանք։
Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Ալեքսի առաջին ուսուցիչը՝ Հասմիկ Անչարակյանը, հիշում է, որ երաժշտության հանդեպ այս սերն ու աշխատասիրությունն Ալեքսի մոտ նկատել է հենց իրենց ծանոթության սկզբում, երբ Ալեքսն ընդամենը 5 տարեկան էր․ «Նա եկավ ու սկսեց դաշնամուր նվագել, բայց գիտեմ, որ իր հրապուրանքը երաժշտության հանդեպ սկսվել է շատ փոքրուց։ Երբ նայում ես իր տեսաերիզները, տեսնում ես՝ ինչպես է երաժշտության տակ հրճվում, մասնակցում, չափ տալիս դիրիժորի պես, և այլն։

Շատ կարևոր է աշխատանքը, ինչը նաև այս համերգի հաջողությունն է։ Առանց աշխատանքի չի լինում, և ամեն մի ունկնդիր այսօր տեսնում է, թե դա ինչ նվիրումի, ինչ աշխատանքի արդյունք է։ Ես հիացած եմ իր արտահայտչականությամբ։ Ինքը նուրբ հոգի ունի և շատ ամուր կամք։ Այս ծրագիրը, որ նա կարողացավ վերարտադրել, ահավոր բարդ էր, ամբողջ իր հոգու խորությամբ, իր վարպետությամբ և կամքի շնորհիվ նա կարողացավ արտակարգ հաջողություն ունենալ»։
Տաղանդավոր արտիստի ներուժը տարիներ առաջ նկատել և ուղղորդել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Նա բարձր է գնահատում այն որակական թռիչքը, որն արձանագրել է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանի սանը. «Ալեքսի հետ ես ծանոթացա իր ուսուցիչ Արմեն Բաբախանյանի միջոցով. նա ինձ մի օր ասաց, որ ունի աշակերտ, ով ստեղծագործում է, և կուզեր, որ ես լսեի․ դա մոտավորապես 5-6 տարի առաջ էր։ Այդ ժամանակից այն ահռելի աճը, որն ինքը շարունակական ապրում է, իհարկե, ոգևորում է։

Երեկ մենք ունկնդրեցինք իր կատարումներն արդեն Գերմանիայում ուսուցանելու ընթացքում. ահռելի աշխատանք է արված։ Սա իսկապես մի նվիրյալ անձնավորության աշխատանքի արդյունք է, նա ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը և երաժշտության մեջ է ապրում։
Իսկ երեկվա համերգն ուղղակի ապշեցուցիչ աշխատանք էր, և ես շատ ուրախանում եմ, որ նման երիտասարդություն կա մեզ մոտ և նման նվիրյալ անձինք։ Սա ոգևորիչ է և նաև խոսում է մեր գենոֆոնդի մասին, թե ինչ ենք մենք, ովքեր ենք մենք և դեռ շատ բան ունենք անելու»։

Ինքը՝ դաշնակահարը, նոր միջավայրն ընդունում է շատ բնական ու հանգիստ, քանի որ երաժշտությունն իր համար պարզապես առօրյա է.
Ալեքսի համար դասական գործերը կատարելիս կարևոր է ունկնդրին սեփական ասելիքը տեղ հասցնելը. «Կարծում եմ` երաժշտության ուժն այսօր այն է, որ մենք մինչ օրս կատարում ենք հարյուրամյակներ առաջ գրված ստեղծագործություններ, բայց մեր առաքելությունը՝ իբրև կատարողներ, կարծում եմ՝ այդ երաժշտության մեջ տարբեր ժամանակներում նոր ասելիք գտնելն է»։

Իսկ իր ամենամեծ ու մարդկային երազանքի մասին խոսելիս երիտասարդ արտիստը նշում է. «Ես երազում եմ այս երաժշտությունը հասցնել ամբողջ աշխարհին, և եթե իմ երաժշտությունը կդիպչի հանդիսատեսից գոնե մեկին, այդ ժամանակ ես ինձ երջանիկ կզգամ»։
Մարդկային անմիջականություն, համաշխարհային մշակույթի արդիական ընկալում և բեմական բացառիկ թեթևություն․ Ալեքս Գևորգյանի երաժշտությունը հաստատ դիպավ ունկնդրի հոգուն։

Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարները՝ Դավիթ Ջվոթյանի



