«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շատ աշխույժ, ընկերասեր տղա էր Հակոբս։ Յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբի մայրիկը՝ տիկին Խաթունան։ Հակոբը ծնունդով Շիրակի մարզից է՝ Բենիամին գյուղից։ Մինչև յոթերորդ դասարանը հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Երբ հարցնում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն անկեղծանում է՝ խաղերը որդուն ավելի հետաքրքիր էին, քան դպրոցն ու դասերը։ «Քույրերն իրեն շատ էին օգնում դասերի հարցում։ Հիմա ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ Հակոբս տուն էր գալիս ու ասում, թե քույրերից ամեն մեկը որ առարկայի տնային աշխատանքը պետք է կատարի։ Ուսուցիչներն էլ գիտեին, որ քույրիկներն իրեն շատ են օգնում դասերի հարցում։ Յուրահատուկ սիրելի առարկա Հակոբս չուներ։ Ֆուտբոլն էր շատ սիրում, սպորտի հանդեպ հետաքրքրություն ուներ»։ Ուսմանը հաջորդել է աշխատանքը։ Հայրիկի կորստից հետո Հակոբն ավագ եղբոր հետ աշխատանքի է անցել։ Ընտանիքում հինգ երեխա են՝ երեք աղջիկ և երկու տղա։ Հակոբը տան կրտսերն է։ «Բոլորն իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, հոգ տանում իր մասին»։
Այնպես է ստացվել, որ Հակոբի եղբոր ծառայության ժամանակահատվածը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ «Հակոբիս 18-ամյակը լրացավ, իրեն ասացի՝ վերադառնանք, որ մեկնես ծառայության։ Տղաս այդ ժամանակ չցանկացավ մեկնել ծառայության, գուցե Քառօրյա պատերազմից հետո ինչ-որ պատմություններ էր լսել, դրանք դեր խաղացին իր որոշման հարցում, հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչու։ Այդ ժամանակ, կարծես, որոշել էր, որ չի ցանկանում ծառայել։ Բայց որոշ ժամանակ հետո միտքը փոխեց ու մեզ ասաց՝ ես գնում եմ Հայաստան՝ ծառայելու։ Հակոբս իր տարիքայինների հետ չմեկնեց ծառայության, հետո արդեն, երբ ուներ հնարավորություն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու և այնտեղ մնալու, մտափոխվեց և վերադարձավ հայրենիք»։
2019 թվականի հունվարի 31-ին Հակոբը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ գոհ էր ծառայությունից։ Ե՛վ սնունդից էր գոհ, և՛ մնացյալ ամեն ինչից։ Բնականաբար, մենք էլ ամեն ինչ իրեն ուղարկում էինք, դժգոհելու առիթներ չուներ։ Ընթացքում պարգևատրվել էր, սակայն իր փաստաթղթերն այդպես էլ չկարողացա գտնել։ Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Մեր մի զրույցն եմ հիշում։ Երբ բանակ էր գնում, ասաց. «Մա՛մ, ես էլ երեխա չեմ ունենա»: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց։ Գուցե մտքով ինչ-որ բան էր անցել։ Ես այդ հարցի պատասխանը ևս չունեմ»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս Մատաղիսի դիրքերում է եղել։ Մինչև հոկտեմբերի 5-ը Հակոբս ինձ զանգել է։ Բոլորիս հետ՝ իմ, քույրերի հետ այդ օրն է խոսել։ Հոկտեմբերի 6-ին խոսել է հորեղբոր տղայի հետ, այդ օրը զանգել է փեսայիս ու ասել. «Հո՛վ, վերջ, սա վերջն է»։ Երբ այդ օրերին շատ անհանգիստ իրեն էինք զանգահարում, որ պատերազմ է, զգույշ լինի, նա մեզ հանգստացնում էր. «Մա՛մ, ապահով տեղում ենք, պատերազմի մեջ չենք, մեզ ոչ մի բան չի լինի»։ Բայց նա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, Թալիշ-Մատաղիսն էլ առաջինն է հարվածներն ընդունել»։
Հակոբն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում ԱԹՍ-ի հարվածից։ «Այդ օրերին մեր գյուղապետարանում Բենիամինից ևս մեկ զինծառայողի՝ Սամվելի զոհվելու մասին էին իմացել։ Մենք իրենց հետ բարեկամական կապեր ունենք։ Գնացել էին, որ Սամվելին գտնեին, համակարգիչը միացրել էին, որ նկարները նայեին, առաջինն իմ տղայի նկարն էր եղել։ Այդպես էլ իմացանք, որ տղաս զոհվել է։ Իր զոհվելու վայրը Մատաղիսն է, բայց ասում են, որ նրան Մարտակերտից են գտել։ Հոկտեմբերի 10-ին տղաս արդեն տանն էր։ Երկու օր անց նրա հուղարկավորությունն էր։ Հիմա հայրիկի կողքին է»։
Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողը թոռներս դարձան։ Ինը թոռնիկ ունեմ»։
Հ. Գ. - Հակոբ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բենիամին գյուղի գերեզմանատանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



