Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍև ծովում երեկ TEDY նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել են երկու Ադրբեջանի քաղաքացիներ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ զոհվածներն են Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը, ևս երկու ադրբեջացիներ վիրավորվել են, նրանց տեղափոխել են Ուկրաինայի Չերնոմորսկ քաղաքի հիվանդանոց:
Հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որտեղ է հարձակման ենթարկվել նավը և ում էին պատկանում այն գրոհած անօդաչուները: Սակայն, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ, բաց աղբյուրների տվյալներից և Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հետևում է, որ հարվածը հասցվել է ռուսական անօդաչուների կողմից Օդեսայից ոչ հեռու:
Մասնավորապես, ըստ Astra տելեգամյան ալիքի, TEDY-ն քարշակող նավ՝ բուքսիր է, որը նավարկում է Սոմալիի դրոշի ներքո: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն էլ երեկ հաղորդել է դեպի Օդեսայի նավահանգիստ նավ ուղեկցող բուքսիրի հարվածելու մասին:
Ադրբեջանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել «ձեռնպահ մնալ մարտական գործողությունների և անկայուն անվտանգության շրջաններ մեկնելուց և այնտեղ աշխատելուց:
Հունիսին վեց ադրբեջանցիներ զոհվեցին Ազովի ծովի Տագանրոգի ծովածոցում երկու բեռնատար նավերի ուկրաինական անօդաչուների հասցրած հարվածի հետևանքով:



