Իշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու
ՔԱՂԱՔԱԿԱՆԲաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն ու Արցախի նախկին պաշտոնյաները շարունակում են բարձրաձայնել իրենց իրավունքների կոպիտ խախտումների մասին։
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Բաքվում տեղի ունեցողը պարզապես դատական գործընթաց չէ, այլ հայ բանտարկյալների նկատմամբ համակարգված ճնշման և քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։
Իշխանյանը մատնանշում է արդար դատաքննության և լիարժեք պաշտպանության իրավունքի սահմանափակումները՝ կասկածի տակ դնելով ամբողջ դատավարության օրինականությունն ու արդարացիությունը։ Միաժամանակ նա քննադատում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը՝ հարց բարձրացնելով դրանց իրական արդյունավետության մասին։ Իշխանյանը նաև Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու՝ տեղում ծանոթանալու հայ բանտարկյալների վիճակին և արձանագրելու նրանց իրավունքների խախտումները։
Բաքվի բանտերում պահվող հայերի բարձրաձայնած խնդիրների ֆոնին տարածաշրջանային վերլուծաբան Ալեն Ղուլյանը խիստ գնահատական է տալիս նաև Հայաստանի իշխանությունների նախկին որոշումներին՝ հիշեցնելով Արցախում դատապարտված ադրբեջանցի ահաբեկիչների և սիրիացի զինյալների հանձնման դեպքերը։
«Չգիտեմ՝ որն է ավելի զզվելի՝ հայ գերիների նկատմամբ Բաքվի բանտերում իրականացվող խոշտանգումները, անօրինականությունն ու կամայականությունը, թե՞ այն, թե ինչպես Նիկոլը Իլհամի առաջին իսկ պահանջով Ադրբեջանին հանձնեց Արցախում սպանությունների և դիվերսիոն գործունեության համար դատապարտված Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, իսկ հետո Թուրքիային հանձնեց Արցախում ռազմական հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված երկու սիրիացի ահաբեկիչների»,- նշում է վերլուծաբանը։
Ղուլյանի խոսքով՝ առավել մտահոգիչ են ոչ միայն Բաքվի կողմից հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու կամայականությունը, այլ նաև Հայաստանի իշխանությունների և ՄԻՊ ինստիտուտի լռությունն ու անգործությունը։
Բաքվից հնչող ուղերձները, սակայն, միայն հայ գերիների իրավունքների ոտնահարման մասին չեն։ Դրանք նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության և պետական շահերի մասին ահազանգեր են, որոնց անտեսումը կարող է նոր վտանգներ ստեղծել Հայաստանի համար։



