Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹ«ՀանդArt» մշակութային այգում օրերս տեղի ունեցավ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան։
Ցուցադրությունից առաջ ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանն ասաց, որ միշտ փնտրել է լավ պատմություն՝ ֆիլմ նկարելու համար։

«Համարում եմ, որ դասական գործերը ժամանակի միջով անցած ու ամրացած նյութեր են։ Այդ պատճառով ընկերս՝ Գևորգը, խորհուրդ տվեց, որ Վահե Քաչա կարդամ, և ես շատ ուզեցի նկարահանել այս ֆիլմը։ Մարդկային հոգեբանության, վախից առաջացած պահվածքի մասին է, որտեղ շատ շերտեր կան։ Չորս մասից բաղկացած ֆիլմ է, բայց այսօր հանդիսատեսը տեսնելու է կրճատված ու մեկ ֆիլմ դարձած տարբերակը։ Գլխավոր ասելիքն այն է, որ հանդիսատեսը նայի ու հիշի, որ ինքն էլ սովորական մարդ է, որը զերծ չէ հանգամանքներից դրդված փոփոխություններից, հանդիսատեսը պետք է նայի ու իր մարդ լինելը վերաարժևորի»,- ասաց Կբեյանը։

Պրիեմիերայի համար ցուցադրության վայրը ևս պատահական չէր ընտրված. «ՀանդArt» այգի-թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլումյանը շեշտեց` իրենց մոտ բեմադրվում ու ցուցադրվում են բացառապես հայկական գործեր։

«Քանի որ ֆիլմի հիմքում հայկական գործ է, շատ ցանկացանք, պահելով ավանդույթը, այն ցուցադրել մեզ մոտ։ Բաց երկնքի տակ մենք ունենք ներկայացումներ, բայց նաև` ֆիլմի ցուցադրության հնարավորություն։ Ռեժիսոր Հայկին հանդիպեցի, խոսեցինք ու այս ֆիլմը դարձավ մեր «ծիծեռնակը»՝ հայկական ֆիլմերի ցուցադրության հարցում։ Մտորելու ֆիլմ է, որտեղ լավ ընկերներն, ըստ իրավիճակի, պատռում են դիմակները, սկսվում է մի վիճակ, որտեղ ամեն մարդ իրեն փրկելու համար պատրաստ է վնասել դիմացինին»։

Ֆիլմում հերոսներին մարմնավորել են դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմա Մանուկյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էլեն Գևորգյանը, Վիլեն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը և Հայկ Սարգսյանը։

«Կերպարս սպա է, որն ինտելեկտուալ և հրաշալի մարդ է։ Ես ուսումնասիրեցի այդ ժամանակաշրջանի տարբեր սպաների, քանի որ այդ կերպարով հանդես գալն ինձ համար պատասխանատու պարտականություն էր։ Հիանալի թիմ էր հավաքված, իսկ Հայկ Կբեյանի հետ արդեն մեր չորրորդ համագործակցությունն է, և հուսով եմ, որ հանդիսատեսը կհավանի։ Ֆիլմը մարդկանց մասին է, առաջին հայացքից ոչ ոք իրեն չի տեսնում այդ իրավիճակում, մեղադրում են, որ ինչ վատ մարդիկ են, որ իրար փորձում են ոչնչացնել, բայց չենք կարող ասել, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվարվեր այդ վիճակում։ Սպան հոգեբանական ճնշում է գործադրում, որ խնջույքի ներկաներն իրենք որոշեն, թե ում պետք է պատանդ հանձնեն»,- պատմեց Մկրտիչ Արզումանյանը։

Վահե Քաչայի ️«Գիշատիչների խնջույքը» վիպակում իրադարձությունները տեղի են ունենում 1942թ.-ի օկուպացիայի ժամանակների Փարիզում։ Քաչան իր հերոսներին, այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո պատռում է նրանց դիմակները։ Ֆիլմի համար սցենարի ադապտացիան արել է Անահիտ Աղասարյանը։ Վերջինս չի պահել ժամանակն ու վայրը, փոխարենը՝ շեշտը դրել է մարդկանց ապրումների վրա։



