Երեկ այդ ռեպորտաժի մաս դարձած բնապահպանները շտապողաբար սկսեցին հերքել, թե իրենք հարցազրույց են տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։ Պարզվում է՝ նրանց զանգահարել են ռուս լրագրողներ, ու պարզվում է՝ այդ պատճառով են նրանք համաձայնել պատմել, թե ինչ սարսափելի աղետ են հայաստանյան հանքերը… Այսինքն, այն ժամանակ, երբ արդեն մոտ մեկ տարի Ադրբեջանն այդ փաստարկն օգտագործելով՝ շրջափակել է Արցախը ու հիմա էլ միգուցե հիմք է ստեղծում Սյունիք ներխուժելու՝ իբր «բնապահպանական աղետը» կանխելու նպատակով, Հայաստանում ապրող Հայաստանի քաղաքացի որոշ բնապահպաններ համարում են, որ կարելի էր ռուս, հոլանդացի կամ նույնիսկ հայ լրագրողների ռեպորտաժում պաշտպանել ադրբեջանական այդ պրոպագանդիստական գիծը։
Եվ կամ ի՞նչ էին ակնկալում, որ իրենց զանգահարողը պետք է ադրբեջանցի ներկայանար, որպեսզի մերժեի՞ն Հայաստանի կողմից «տարածաշրջանի աղտոտման» մասին ռեպորտաժին միանալուն։ Համաձայնեք, առնվազն միամիտ, եթե ոչ՝ կասկածելի, դավաճանական փաստարկներ են նրանց կողմից հնչեցված այդ ինքնարդարացումները։
Երբ «168 ժամը» դեռևս տարիներ առաջ հետևողականորեն պաշտպանում էր հանքարդյունաբերական ներդրումները, որոնք Հայաստանի տնտեսության ամրության գրավականն էին, այս նույն մարդիկ մեզ մեղադրում էին հանքարդյունաբերողների շահերը պաշտպանելու մեջ։
Իրականում մենք պաշտպանում էինք Հայաստանի տնտեսության շահը, որի հենասյունն այսօր գոնե հանքարդյունաբերությունն է, ուզենք թե չուզենք։ Երբ մենք զգուշացնում էինք, որ ամեն անհիմն մեղադրանք, ամեն ահասարսուռ նկարագրություն, թե հանքերը «թունավոր են», «մահաբեր են», ամեն կազմակերպված, այս կամ այն կենտրոններից ուղղորդված ակցիա ընդդեմ այս կամ այն հանքային ծրագրի, ոչ միայն խաթարում է կոնկրետ այդ ծրագրի գործունեությունը, այլև խորքային խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար, նրանք շարունակում էին խաթարել Հայաստանի տնտեսության հիմքերը և մեզ մեղադրել «ծախված» լինելու մեջ։ Ընդ որում, այդ «բնապահպան» կոչվածներն ակտիվորեն մասնակցում էին, փաստորեն, ընդդեմ Արցախի և Հայաստանի 2018-ի հեղաշրջմանը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Ի դեպ, դրանց մի մասը 2018-ին իր սև գործն անելուց հետո արտագաղթեց՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում, թե բա՝ Հայաստանն ապրելու տեղ չէ…
Այո, լուսաբանելով բնապահպանական խնդիրները, մենք ընդամենը կոչ էինք անում չչափազանցնել, հիմնվել փաստերի վրա, շրջահայաց լինել և, վերջապես, լինել պրոֆեսիոնալ, մարդկանց չմոլորեցնել, թե իբր մուրաբա, մեղր և կամ օղի արտադրելով՝ հնարավոր է երկրի տնտեսություն զարգացնել, աշխատատեղեր ստեղծել:
Հիմա մեր հերթն է հարցնելու՝ ինչպե՞ս կարելի է անվանել մարդկանց, ում ողջ գործունեությունը նրանց դարձրել է ադրբեջանական պրովոկացիայի համար ամենահարմար գործիքը։ Ո՞ւմ շահերով են առաջնորդվում մարդիկ, ում համար վերջին մեկ տարին այդպես էլ դաս չեղավ, և նրանք պատրաստ են առաջին իսկ անծանոթ արտասահմանցուն պատմել, թե ինչ ճիշտ են ադրբեջանցիները, երբ Հայաստանին մեղադրում են տարածաշրջանային աղետ լինելու մեջ։