Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի նշվեց Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրը, որը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց վերաիմաստավորել ոչ միայն երկրի Հիմնական օրենքի դերը, այլև պետության զարգացման տրամաբանությունը, պետական իշխանության սահմանները, քաղաքացու ազատությունների երաշխիքները, հանրային պատասխանատվության մշակույթը և այն արժեքային համակարգը, որի վրա հիմնվում է մեր ժամանակակից պետականությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրությունը պետության քաղաքական և իրավական ինքնության առանցքն է, հասարակական պայմանագրի բարձրագույն արտահայտությունը և պետական իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը։ Հենց այդ պատճառով էլ Սահմանադրության օրվա խորհուրդը վերածվում է ներկայի գնահատման և ապագայի նկատմամբ պատասխանատվության խորհրդանիշի։

Ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակության առումով կարևոր նշանակություն ունեն պետական ինստիտուտների կայունությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների հավասարակշռված գործունեությունը, դատական համակարգի անկախությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը և հասարակության վստահությունը պետական կառավարման նկատմամբ։ Այս բոլոր հիմնարար սկզբունքներն իրենց սկզբնաղբյուրն ունեն հենց Սահմանադրության մեջ։ Եթե Սահմանադրությունը գործում է ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրական քաղաքական և իրավական կյանքում, ապա պետությունն ունի զարգացման ամուր հիմքեր։ Եթե, հակառակը, այն ընկալվում է որպես քաղաքական նպատակահարմարությունից կախված փոփոխվող փաստաթուղթ, ապա աստիճանաբար թուլանում են պետական կառավարման բոլոր հիմնասյուները։

Սահմանադրությունը պետական իշխանության «սահմանագծման» ու սահմանափակման ամենակարևոր գործիքն է։ Իսկ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անվերահսկելի իշխանությունը գրեթե միշտ հանգեցնում է կամայականության, իրավունքների սահմանափակման և հանրային վստահության կորստի։ Այդ պատճառով սահմանադրական պետության գաղափարը ձևավորվել է ոչ թե իշխանությանը լրացուցիչ հնարավորություններ տալու, այլ հակառակը՝ իշխանությունը իրավական շրջանակների մեջ պահելու նպատակով։ Սահմանադրությունը սահմանում է, թե ով կարող է իրականացնել պետական իշխանություն, ինչ սահմաններում, ինչ ընթացակարգերով և ինչ պատասխանատվությամբ։ Այն կանխում է իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի ձեռքում և ստեղծում է փոխզսպումների ու հակակշիռների այնպիսի համակարգ, որը նվազեցնում է քաղաքական ճգնաժամերի և ինստիտուցիոնալ անկայունության հավանականությունը։

Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման երեք տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգի կայունությունը դարձել է երկրի քաղաքական կյանքի առանցքային մարտահրավերներից մեկը։ Անկախության վերականգնումից հետո Հայաստանը ձևավորեց իր սահմանադրական համակարգը՝ փորձելով համադրել ազգային պետականության ավանդույթները, միջազգային իրավունքի սկզբունքները և ժամանակակից ժողովրդավարական կառավարման պահանջները։

Սակայն սահմանադրական զարգացումը երբեք չի եղել մեկանգամյա գործընթաց։ Այն մշտապես ուղեկցվել է քաղաքական քննարկումներով, բարեփոխումների անհրաժեշտությամբ, իշխանության տարբեր ճյուղերի հարաբերակցության վերանայմամբ և հանրային լայն բանավեճերով։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունները ոտնահարել են Սահմանադրությունն ու սահմանադրական սկզբունքները։ Այս տեսանկյունից խնդիրը ոչ թե (կամ ոչ այնքան) Սահմանադրությունն է, այլ դրա կիրառումը։ Շատ հաճախ այնպես է ներկայացվում, որ սահմանադրական փոփոխությունները մեզ համար տարբեր հարցեր կլուծեն։ Սակայն հետաքրքրականն այն է, որ իշխանությունները նման փոփոխությունների հիմքում դնում են կա՛մ սեփական շահը, կա՛մ էլ արտաքին պահանջը՝ հատկապես Անկախության հռչակագրին կատարվող հղումից ազատվելու նպատակով։ Բայց պետության Հիմնական օրենքի հեղինակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան կանխատեսելի, կայուն և հանրության կողմից ընդունված է այն։ Հասարակությունը պետք է վստահ լինի, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե կարճաժամկետ քաղաքական, այլ երկարաժամկետ պետական շահերով և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ։

Սահմանադրության առանցքային նշանակությունը հատկապես տեսանելի է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ժողովրդավարական պետության արժեքը չի չափվում միայն ընտրությունների կազմակերպմամբ կամ իշխանության ձևավորման մեխանիզմներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է քաղաքացու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքով։ Սահմանադրությունն է ամրագրում կյանքի իրավունքը, անձնական ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը, հավաքների իրավունքը, խղճի և կրոնի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը, սոցիալական պաշտպանության հիմնական սկզբունքները և բազմաթիվ այլ հիմնարար ազատություններ։ Այս իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից։ Դրանք պետության նկատմամբ քաղաքացու բնական և սահմանադրորեն պաշտպանված պահանջներն են։

Մյուս կողմից էլ՝ իրավական պետության գաղափարը չի կարող իրականություն դառնալ առանց սահմանադրական մշակույթի ձևավորման։ Սահմանադրական մշակույթը ենթադրում է, որ ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակությունն է գիտակցում սահմանադրության նշանակությունը։ Երբ քաղաքացիները ճանաչում են իրենց իրավունքները և միաժամանակ գիտակցում իրենց պարտականությունները, ձևավորվում է հանրային պատասխանատվության նոր որակ։ Այդ պայմաններում օրենքի նկատմամբ հարգանքը դառնում է ոչ թե վախի հետևանք, այլ քաղաքացիական գիտակցության դրսևորում։ Սա այն միջավայրն է, որտեղ ժողովրդավարությունն ամրապնդվում է ինչպես իրավական նորմերով, այնպես էլ հասարակական վարքագծով։

Հայաստանի համար սահմանադրականության նշանակությունը պայմանավորված է նաև տարածաշրջանային անվտանգության բարդ իրողություններով։ Երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական լարվածությունների, անվտանգության բազմաշերտ սպառնալիքների և արագ փոփոխվող միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Նման պայմաններում առավել կարևոր է, որ պետական ինստիտուտները գործեն կայուն, կանխատեսելի և իրավական սկզբունքների հիման վրա։ Արտաքին մարտահրավերների պայմաններում ներքին ինստիտուցիոնալ կայունությունը դառնում է ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Ուժեղ բանակը, արդյունավետ դիվանագիտությունը և մրցունակ տնտեսությունը չեն կարող լիարժեք գործել, եթե պետական կառավարման հիմքում չլինի սահմանադրական կարգի նկատմամբ անվերապահ հարգանքը։

Սահմանադրությամբ նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռված հարաբերակցությունը ժողովրդավարության հիմնական երաշխիքներից է։ Երբ որևէ ճյուղ գերիշխում է մյուսների նկատմամբ, խախտվում է պետական համակարգի բնական հավասարակշռությունը։ Իսկ արդյունավետ համագործակցությունը՝ զուգորդված փոխադարձ վերահսկողությամբ, ապահովում է պետական որոշումների որակը, հանրային հաշվետվողականությունը և քաղաքական կայունությունը։ Այդ տեսանկյունից Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է պետական մարմինների լիազորությունները, այլև կանխում է իշխանության չարաշահման հնարավորությունները, ինչն, ավաղ, մեզ մոտ բացակայում է։

Հասարակության և պետության միջև վստահության ձևավորումը նույնպես անմիջականորեն կապված է սահմանադրականության հետ։ Քաղաքացին վստահում է պետությանը այն դեպքում, երբ համոզված է, որ օրենքը հավասարապես կիրառվում է բոլորի նկատմամբ, պետական մարմինները գործում են իրավական սահմաններում, իսկ դատական համակարգը կարող է անաչառ պաշտպանել իր իրավունքները։ Եթե այս վստահությունը թուլանում է, նվազում է նաև հասարակության մասնակցությունը պետական կառավարմանը, խորանում է քաղաքական բևեռացումը, և մեծանում են սոցիալական լարվածության ռիսկերը։ Ուստի, Սահմանադրության արդյունավետ կենսագործումը ոչ միայն իրավական, այլև հասարակական համերաշխության կարևոր նախապայման է։

Աշխարհի զարգացած ժողովրդավարությունների փորձը վկայում է, որ սահմանադրական կայունությունը ձևավորվում է տասնամյակների ընթացքում։ Այն հնարավոր չէ ապահովել միայն իրավական նորմերի ընդունմամբ։ Անհրաժեշտ է անկախ դատարանների կայուն գործունեություն, մասնագիտական պետական ծառայություն, պատասխանատու քաղաքական մշակույթ, ազատ և բազմակարծիք լրատվամիջոցներ, ակտիվ քաղաքացիական հասարակություն և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում