Կարեն Կարապետյանը տեսնում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում բացված Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումն օգտակար հարթակ է համարում փորձի փոխանակման և բիզնեսի զարգացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ուրախ եմ, որ արդեն տեղի է ունենում Հայ-ռուսական միջտարածարջանային հինգերորդ ֆորումը, ինչը միանշանակ օգտակար հարթակ է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գտնվում միևնույն ալիքում, որպեսզի գտնեն օպտիմալ որոշումներ, կիսվեն փորձով, ստեղծեն բիզնեսի զարգացման մթնոլորտ: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ: Եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջազգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:
Անդրադառնալով Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին՝ Կարեն Կարապետյանը նրա մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք: Նա նշեց է, որ ընդհանրությունները շատ են և ուրախությամբ նկատել, որ համաժողովի մասնակիցներն ունեն գործնական ամուր հարաբերություններ: Վարչապետը ներկաներին մաղթեց հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Համաժողովի բացմանը ներկա էին նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և այլք:



