«Միասնություն» շարժումը հայաստանյան քաղաքական քարտեզը վերաձևավորման կենթարկի
ПОЛИТИКА«Չորրորդ իշխանություն»-ն այսօրվա համարում գրում է.
«ՉԻ» տեղեկություններով «Միասնություն» ազգային համաձայնության շարժում անունով նոր ուժ է առաջիկայում հայտնվելու դաշտում: Չնայած անվան մեջ շարժում բառի առկայությանը, մեր տեղեկություններով, այս ուժն առաջիկայում միավորելու է տարբեր կուսակցությունների՝ դառնալով դաշինք, ապա գրանցվելու է որպես կուսակցություն: Շրջանառվող լուրերի համաձայն՝ շարժման շարքերում հասարակական լայն շրջանակների հայտնի անունները գերակշռող չեն: Բանն այն է, որ շարժման (կուսակցության) կորիզը նոր սերնդի դեմքեր են, որոնք, ըստ էության, որոշել են քաղաքական հայտ ներկայացնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Շարժման նախաձեռնողն ու ղեկավարը Արման Վարդանյանն է, ով Գագիկ Բեգլարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին գլխավորել է ամենամեծ խմբակցություններից մեկը: Վարդանյանը, սակայն, Բեգլարյանի հետ տարաձայնությունների արդյունքում՝ լքեց խմբակցության ղեկավարի պաշտոնը: Հիմա վերջինս որոշել է վերստին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ՝ մեկ կուսակցության շարքերում համախմբելով այն երիտասարդներին, որոնք իրենց պատկերացումներն ունեն Հայաստանի ապագայի մասին և որոնց չի բավարարում այսօր երկրում ստեղծված մթնոլորտը:



