«Շանթ 2015» զորավարժություններ. Տավուշում խաղարկվեց զորամասի կազմավորման սցենար
ОБЩЕСТВОՀայաստանում ընթացող «Շանթ 2015» պլանային զորավարժությունների շրջանակում Տավուշի մարզում խաղարկվեց նոր զորամասի կազմավորման սցենարը: Ցուցադրական միջոցառման ժամանակ հարյուրավոր նորակոչիկներ արդեն ստացել են իրենց զինվորական համազգեստը և հրահանգներ` բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանից:
«Ձեր բարձր կարգապահությունն է մեր անվտանգության գրավականը: Խնդրում եմ պահպանել կարգապահություն, լինել ընկերասեր և հարգել միմյանց: Թող բոլորը տեսնեն, որ մենք կարող ենք երեք օրում պատրաստական վիճակի բերել երկիրը և պատրաստվել պատերազմի»,- զորակոչիկներին դիմեց գնդապետը՝ նշելով, որ յուրաքանչյուր վաշտ կունենա իր զորանոցը, ճաշարանը և ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Լրագրողների հետ զրույցում գնդապետ Մախսուդյանը հայտնեց, որ սցենարի համաձայն՝ զորահավաքի օպերատիվ մարտավարական զորավարժությունները կտևեն հինգ օր: Այդ ընթացքում անձնակազմը պարապունքների և ներդաշնակեցման միջոցով կբերվի պատրաստ վիճակի՝ լուծելու հետագայում հանկարծակի առաջացած խնդիրները: «Անձնակազմը գտնվում է բարձր բարոյահոգեբանական վիճակում, գիտակցում է իր առջև դրված խնդիրները և պատրաստ է կատարել դրանք: Զորակոչից խուսափողներ չենք ունեցել, նորակոչիկների հոսքը մինչև հիմա կատարվել է բարձր մակարդակով»,- ընդգծեց նա:
Զինկոմիսարիատ ներկայանալու խաղարկային կանչը Վարդանն Սարգսյանն ստացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան. անհապաղ պահանջել են ներկայանալ կոմիսարիատ: «Հայությունը պետք է սատար կանգնի մեկը մյուսին, եթե ամեն մեկը խուսափի ծառայությունից՝ ով պետք է գնա»,- ասաց նա: Նրա արդեն զինակից ընկերը նույնպես այդ կարծիքին է: «Պատրաստակամ ենք՝ թեկուզ գնալ առաջնագիծ»,- հաստատակամությամբ ասաց Վիկտոր Կադիլինը, որ արդեն մեկ անգամ իր պարտքն է տվել հայրենիքին՝ ծառայելով Հայոց բանակում:



