Թարգմանչաց տոնին Գրողների միությունը մրցանակաբաշխություն էր կազմակերպել
ОБЩЕСТВОԹարգմանչաց տոնի առիթով հոկտեմբերի 8-ին Օշականում Հայաստանի գրողների միությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ կազմակերպել է «Կանթեղ» մրցանակաբաշխությունը։ Արդեն 11-րդ տարին անընդմեջ, կայացավ հերթական մրցանակների շնորհման արարողությունը։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով Թարգմանչաց տոնի և մրցանակաբաշխության մասին, ասաց. «Այն նվիրված է թարգմանական գրականության մեր լավագույն դեմքերին։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ լավ թարգմանիչներ ստացել են այդ մրցանակը։ Եվ մենք ամեն տարի ավելի շատ ենք տեսնում համալրում թարգմանական արվեստի ոլորտում։ Հայտնվում են նոր անուններ։ Կան մարդիկ, ովքեր իրնեց թարգմանած և հրատարակած գրքերով հաստատել են այն փաստը, որ նրանք արժանի են այդ մրցանակներին։ Այս Սրբազան օրը՝ Թարգմանչաց տոնին, մենք հանձնելու ենք մրցանակները։ Թարգմանությունները եղել են պարսկերենից հայերեն և հակառակը, ինչպես նաև գերմաներենից, ֆրանսերենից, անգլերենից։ Սա շատ լավ առիթ է մասնակցելու այսպիսի տոնակատարության։ Մրցանակաբաշխությունը խթան կհանդիսանա, որ այն թարգմանիչները, ովքեր այս տարի չեն ստանում մրցանակ, ավելի շատ աշխատեն և ավելի լավ գործեր անեն։ Սա նաև նշանավորումն է այն մեծ թարգմանիչների, ովքեր Աստվածաշունչն են թարգմանել, մեր լեզվի, գոյության, նշանակության համար հսկայական դեր են խաղացել։ Ահա այս հիշատակի օրը մենք ուզում ենք միանալ տոնի ոգուն»:
Արմենպրեսի հաղորդմամբ` հայերենից պարսկերեն 28 գիրք թարգմանած իրանահայ Անդրանիկ Խեչումյանը շնորհակալություն հայնտնեց իրեն մրցանակի արժանացնելու համար և նշեց, թե ինչքան կարևոր է այն իր համար։ «Երկար տարիներ է արդեն, թարգմանություններ եմ անում հայերենից պարսկերեն։ Ինձ այս մրցանակը պարտավորեցնում է, որ հետագայում ավելի լավ աշխատանքներ անեմ և ավելի զգուշավոր լինեմ իմ գործում։ Ես ուրախ եմ, որ գնահատում են մեր աշխատանքը և կուզեմ նշել, որ երեք տարի առաջ ստացել եմ ոսկե մեդալ Մշակույթի նախարարության կողմից»,-ասաց Խեչումյանը։ Նա այս տարիների ընթացքում թարգմանել է Գուրգեն Խանջյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարինե Խոդիկյանի, Երվանդ Օտյանի 3 գիրք և այլ բազում հեղինակների։
«Կանթեղ» մրցանակաբաշխությունը գործում է արդեն ավելի քան տասը տարի։



