Օլեգ Եսայանը և Իգնատի Առաքելյանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ- ռուսական համագործակցության հարցը
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:
Հանդիպմանը դեսպան Եսայանը, ողջունելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարին, ընդգծել է նշյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը: Դեսպան Եսայանը խոսել է նաև հայկական գյուղմթերքի ռուսաստանյան շուկա արտահանման և Ռուսաստանում սպառման հնարավորությունների ընդլայնման մասին՝ փաստելով, որ հայկական գյուղարտադրանքի հանդեպ պահանջարկն աճում է տեղի սպառողների շրջանում:
Իր հերթին Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Մոսկվայում կայացած ոլորտային քննարկումներին՝ ընդգծելով ռուսաստանյան շուկայում հայկական գյուղարտադրանքի հետագա ներկայացման ու հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում:
Դեսպանությունում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության առանցքային հարցերի շուրջ:



