Եվրոպայում կազմակերպված ահաբեկչական ցանց է գործում
МЕЖДУНАРОДНОЕՔննությունը հանգել է այն եզրակացության, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունները նախապատրաստած ահաբեկչական ցանցը շատ ավելի բարդ կառույց է, քան կարելի էր ենթադրել: RFI-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Le Monde-ը:
Այդ ահաբեկչական ցանցի բոլոր հնարավոր ճյուղավորումների որոնումները թույլ են տվել ըմբռնել, թե գլխավոր կասկածյալ եւ Եվրոպայում ամենափնտրվող ահաբեկիչ Սալահ Աբդեսլամն ինչպես է կարողացել թաքնվել երկարուձիգ 4 ամիսների ընթացքում: Դրանք նաեւ ցույց են տվել, որ Փարիզում նոյեմբերի 13-ին եւ Բրյուսելում մարտի 22-ին իրականացված ահաբեկչությունները միեւնույն ցանցի հեղինակածն էին, իսկ գուցե պլանավորված էին մեկ կենտրոնում:
Գլխավոր ապացույցը գտնվել է Բրյուսելի ահաբեկչության հաջորդ օրը ընդհատակյա տներից մեկին կից աղբամանից հայտնաբերված համակարգչի մեջ: Վերծանված ֆայլերում հիշատակվում են ահաբեկիչների մի քանի ջոկատների անուններ՝ «Օմարի խումբ» (իրականացրել է Փարիզի սրճարանի հրաձգությունը), «ֆրանսիացիների խումբ», որը ներթափանցել էր Բատկլան, «իրաքցիների խումբ», որը փորձել է պայթեցնել Ստադ-դե-Ֆրանսը: Քննիչների համար դեռեւս պարզ չէ «մետրո» եւ «Սհիփհոլի խումբ» անունների վերծանումը: Միանգամայն հնարավոր է, որ այդ խմբերը պետք է հարձակումներ իրականացնեին կա՛մ Փարիզի մետրոյում, կա՛մ Անստերդամի օդանավակայանում, սակայն անհնար է դա ապացուցել: Դրանից զատ, համակարգչի մեջ հայտնաբերվել է ահաբեկիչների հնարավոր թիրախների մանրակրկիտ նկարագրություն, որոնց թվում են Փարիզի Դեֆանս գործարար թաղամասը, արմատական կաթոլիկների Civitas ասոցիացիան:
Քննության ընթացքում ոստիկանությունը կալանավորել է ահաբեկչական խմբավորման երկու անդամների՝ Թունիսի ծագում ունեցող Սոֆյեն Ա.-ին եւ սիրիացի Օսամա Կ.-ին, որը վերջերս էր շվեդական անձնագիր ստացել: Ոստիկանության կարծիքով՝ Եվրոպայում նախապատրաստվող ահաբեկչություններում հենց նրանք էին նոր մահապարտներ դառնալու:
Հետաքննության մյուս ուղղությունը հասցնում է Կենտրոնական Եվրոպա: Այսպես, Սալահ Աբդեսլամի հեռախոսային բանակցությունները վկայում են, որ ահաբեկիչների ցանցը ֆինանսավորվել է Հունգարիայից կատարված դրամական փոխանցումներով, որտեղ նրանք գործակալ ունեին: Նրա անունը ոստիկանությանը հայտնի չէ, սակայն առկա է նրա ԴՆԹ անալիզը: Բացի այդ, չորս մարդ է կալանավորվել Ավստրիայում՝ Զալցբուրգում, որտեղ նրանք ոպես իրաքցի փախստական ապաստան են հայցել: Նրանցից երկուսն արդեն խոստովանել են, որ պատրաստվում էին նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումներ իրականացնել:
Le Monde-ը հայտնում է, որ ոստիկանությանը դեռեւս շատերի գտնվելու վայրն անհայտ է, որոնք ինչ-որ կերպ կապված են ահաբեկչական ցանցին: Չէ՞ որ մահապարտներից բացի, դրանում կար նաեւ բավական հզոր կազմակերպական ջոկատ՝ մարդիկ, որոնք կեղծված փատաթղթերով բնակարաններ էին վարձակալում, որոնք մեքենաներ էին վարձում, որոնք ահաբեկիչներին զենք, համակարգիչներ եւ կապի միջոցներ էին մատակարարում, նույնիսկ նրանք, որոնք պատասխանատու էին, որպեսզի թաքնվող մարդասպանների սառնարանները մշտապես լեցուն լինեին:



