Թալիշի միջնակարգ դպրոցում նշվել է ուսուցչի մասնագիտական տոնը
ОБЩЕСТВОԱպրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տներն ու կրթական օջախը լքած ու Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում հաստատված թալիշցի ուսուցիչները դպրոցում նշել են ուսուցչի մասնագիտական տոնը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը տեղեկացրել է, որ Ալաշանի տեղամասում գործող դպրոցում սովորում է 23 աշակերտ:
«Մինչև ապրիլյան դեպքերը Թալիշի միջնակարգ դպրոցն ունեցել է 102 աշակերտ: Ապրիլի 2-ի չարաբաստիկ օրը մենք ստիպված լքեցինք մեր հարազատ գյուղը, և ժամանակավորապես հիմնավորվեցինք Ալաշանում: Ճիշտ է, այստեղ պայմանները լավ են, բայց մեզ ավելի ձգում է մեր հարազատ գյուղի հարազատ դպրոցը: Առանձնապես իրենց հարազատ կրթօջախին կարոտում են դպրոցահասակ երեխաները: Նրանք անընդհատ հարցեր են տալիս՝ մեզնից իմանալու, թե երբ ենք վերադառնալու Թալիշ: Ուսուցիչներով ամեն ինչ անում ենք, որ չընդհատվի երեխաների կրթության ու դաստիարակության գործը»,- ասել է Մեժունցը ՝ հավելելով, որ իրենց դպրոցի կոլեկտիվում աշխատում է 14 ուսուցիչ:
Դպրոցին օգնում և աջակցում են ԼՂՀ կառավարության կրթության բաժիններն ու անհատ բարերարներ:



