ԵԽ հանձնաժողովը դատապարտել է Էրդողանի հայատյաց հայտարարությունը
ПОЛИТИКАԵվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում կրոնական, սեռական և էթնիկ փոքրամասնությունների դեմ ատելության խոսքի և բռնության աճի առնչությամբ: Հանձնաժողովը, մասնավորապես հիշեցնելով հայերի դեմ Էրդողանի արած ոչ պատշաճ արտահայտություննե րը, նշել է, որ ատելության խոսքը պետության բարձրաստիճան ղեկավարների կողմից առանձնահատուկ մտահոգության թեմա է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հանձնաժողովն անդրադարձել է 2014 թվականի օգոստոսին Էրդողանի այն հայտարարությանը, որում նա նշել էր. «Նրանք ինձ ասել են, թե վրացի եմ… անգամ ավելի վատ բաներ են ասել: Նրանք ինձ անվանել են, ներեցեք արտահայտությանս համար, հայ, սակայն ես թուրք եմ»: «Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը խստորեն հորդորում է պաշտոնյաներին և քաղաքական առաջնորդներին դադարեցնել ատելություն պարունակող խոսքը: Խորհրդարանը և կառավարությունը պետք է ընդունի օրենքներ, որոնք արգելում են ատելության խոսքը»,- ասվում է հոկտեմբերի 4-ին հրապ արակված զեկույցում: Հանձնաժողովի անդամները նշել են, որ շատ դեպքերում ատելություն քարոզող անձինք անպատիժ են մնում:
ECRI-ը ընդգծել է, որ ատելություն պարունակող խոսքը լայնորեն կիրառվել է հասարակական անձանց և մտավորականների կողմից, ինչպես նաև լրատվամիջոցներում: Հղում անելով «Հրանտ Դինք հիմնադրամի» ամենամյա զեկույցին` հանձնաժողովը նշել է, որ չորս անգամ ավելացել է լրատվության մեջ ատելության քարոզը:



