ՀՅԴ-ին չեն գոհացրել Վանաձորի և Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները
ОБЩЕСТВОԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանըկարծում է, որ Հայաստանում ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ընտրախախտումների մասի ահազանգերը շատ չեն եղել, ինչը դրական է: «Խոսելով արդյունքների մասին՝ կարող եմ ասել, որ մենք չենք ունեցել համայնքի գործող ղեկավար, ով պարտվել է: Եղել է 2-3 դեպք, որոնք վերաբերվում են միավորված համայնքներին: Այսինքն՝ մի քանի համայնքներ միացել են, մենք մի փոքր համայնքում ունեցել ենք համայնքի ղեկավար, որը չի ընտրվել: Ունենք համայնքներ, որտեղ մեր թեկնածուները հաղթել են 15-20 տարվա համայնքի ղեկավարների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:
Պատգամավորը հավելեց, որ իրենք բավարարված չեն Գյումրիում և Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով: «Եթե Վանաձորում կարողացանք հաղթահարել շեմը 6.4 տոկոսով, որը դարձյալ ցածր արդյունք եմ համարում, ապա Գյումրիում այդ շեմը չհաղթահարեցինք, բնականաբար, արդյունքներից դժգոհ ենք»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ Գյումրիում ՀՅԴ-ն լավ է աշխատել, ցանկը լավ ցանկ էր, և ինքը վստահ էր, որ Գյումրիում պետք է ՀՅԴ-ն գոնե 10 տոկոս ձայն ստանար:
Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները մինչև վերջ քաղաքականացված չեն, և դեռ էական նշանակություն և ազդեցություն ունեն թաղային հեղինակությունների շահերը: «Այս առումով մենք մտածելու, վերլուծելու լուրջ խնդիր ունենք»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ ինքն արդեն իսկ հանձնարարել է կուսակցության տարածքային կառույցներին՝ վերլուծել իրավիճակը և ներկայացնել պատճառները:



