Գեղարքունիքի մարզում ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը
ОБЩЕСТВОՍեպտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած՝ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել եւ ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները: Գործի են դրվել ինչպես ավանդական գործիքները՝ բահը եւ արորը, այնպես էլ՝ քանդող մեխանիզմները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է 15 հազար 434 հեկտար կարտոֆիլ, որից հոկտեմբերի 3-ի դրությամբ արդեն բերքահավաքն ավարտվել է մոտ 6300 հեկտար տարածքում, իսկ հավաքած համախառն բերքը կազմել է շուրջ 155 հազար տոննա: Մեկ հեկտարի միջին բերքատվությունն առայժմ կազմում է շուրջ 240- 250 ցենտներ:»Մեր կանխատեսումներով՝ Գեղարքունիքում այս տարի կարտադրվի շուրջ 378 հազար տոննա կարտոֆիլ, որի մոտ 41 տոկոսն արդեն հավաքված է: Բերքն առատ ու որակյալ է գրեթե բոլոր ցանքերում: Բերքի իրացման խնդիր չկա, պարզապես գյուղացու հիմնական դժգոհությունը կապված է շուկայական ցածր գների հետ: Հավաքված բերքը կամ վաճառվում, կամ պահեստավորվում է՝ հետագայում ավելի ձեռնտու գներով վաճառելու համար: Ամեն դեպքում, մարդիկ հիմնականում գոհ են ստացված բերքից»,- ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչը: Խոշոր տնտեսությունների կարտոֆիլ ի բերքահավաքի աշխատանքներում ընդգրկված են օրավարձով աշխատող հազարավոր բանվորներ: Կարտոֆիլի բերքահավաքը կավարտվի հոկտեմբերի վերջերին: Եղանակային պայմաններն անչափ նպաստավոր են՝ բերքահավաքը ժամանակին եւ անկորուստ ավարտին հասցնելու համար:



