Ընտրություններին այս պահի դրությամբ շուրջ 140 խախտում է արձանագրվել. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
ПОЛИТИКАNews.am-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում, այս պահի դրությամբ, 138 խախտում է արձանագրվել: Նման տեղեկություն է հրապարակել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
Նախաձեռնությունը հետեւյալ խախտումներն է արձանագրել. դիտորդի/ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում/աշխատանքների խոչընդոտում կամ գրանցամատյանում նրանց չգրանցում; ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում; այլ կողմնակի` վկայական չունեցող անձանց եւ/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում; քվեարկության գաղտնիության խախտում; ընտրացուցակի հետ կապված խնդիրներ; ընտրողին օգնելու կարգի խախտում եւ այլն:
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակումների համաձայն էլ՝ խախտումները վերաբերում են հիմնականում վստահված անձանց կողմից ընտրողների ուղղորդմանը, լրագրողի նկատմամբ բռնությանը, կնիքի թանաքի հետ կապված խնդիրներին եւ այլն:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի 375 համայնքներում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում՝ ավագանու:



