Կերպարս բացասական էր, իսկ նման մարդկանց վերջը մի օր գալիս է. Հակոբ Հակոբյանը՝ «Աբելի քույրը» սերիալի և ապագա ծրագրերի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Հաղորդավար, դերասան Հակոբ Հակոբյանն այլևս հանդես չի գա ԱԹՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Սևակի կերպարը: Պատճառը սերիալի` օրերս ցուցադրված սերիաներից մեկում Սևակի մահանալն է: Եվ թեև սրանից դեռ օրեր են անցել, բայց Հակոբի` սերիալից հեռանալը խոսակցությունների առիթ է տվել, ըստ որոնց` դրա պատճառը կոնֆլիկտային հարաբերություններն են:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Հակոբի հետ` ճշտելու` արդյոք տարածված խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, թե` ոչ:
«Ամենայն անկեղծությամբ նշում եմ, որ ոչ մի խնդիր չկա: Սևակն այնպիսինն էր, որ մինչև սերիալի վերջ չպետք է մնար: Կերպարս բացասական էր, իսկ նման մարդկանց վերջը մի օր գալիս է և շատ լավ է լինում, որ այդ օրը շուտ է գալիս: Նման մարդիկ միշտ պատասխան են տալիս իրենց արածների համար, և այս դեպքում Սևակը ևս բացառություն չեղավ: Իմ` սերիալից հեռանալու պատճառը միմիայն սցենարային լուծումից ելնելով էր»,- պատմեց Հակոբը` նշելով, որ «Աբելի քույրը» հեռուստասերիալը շուտով կմոտենա իր ավարտին, որի ժամանակ կտրուկ իրադարձություններ տեղի կունենան:
Հակոբ Հակոբյանը բացահայտեց նաև, որ հնարավոր է մոտ ապագայում ինքը կրկին հայտնվի հեռուստաէկրաններին` ներկայանալով մեկ այլ նախագծում: Իսկ թե կոնկրետ խոսքն ինչի մասին է, դերասանը չմանրամասնեց` գերադասելով սպասել մինչև կլինի արդեն հստակ պայմանավորվածությունը:
Ամփոփելով իր մասնակցությունը «Աբելի քույրը» սերիալում և խոսելով նկարահանման ողջ ընթացքից ստացած իր տպավորույթունների մասին` Հակոբ Հակոբյանն ասաց.
«Շատ լավ է անցել ամեն ինչ, շատ ստեղծագործական և հետաքրքիր էին նկարահանումների ընթացքը: Խոստովանեմ, որ համեմատած մյուս սերիալների հետ, մենք շատ համակարգված և օպերատիվ էինք աշխատում: Ինձ շատ հաճելի կլինի ևս մեկ անգամ աշխատել հենց այս նույն ստեղծագործական խմբի հետ»:
Անդրադառնալով բացասական կերպար մարմնավորելուն` Հակոբն անկեղծացավ և նշեց, որ թեև իրեն շատ հետաքրքիր էր նման դերով հանդես գալը, սակայն այս պահին այլևս չի ցանկանա կրկին բացասական կերպար մարմնավորել.
«Մինչ այս ներկայացել եմ բարի, երեխաների, տատիկների համար սիրելի դերերով: Անձամբ ինձ էլ ավելի հաճելի է, երբ մարդիկ ինձ տեսնելով փողոցում ժպտում են, ինչ-որ հաճելի խոսքեր են ասում, քան օրինակ Սևակի բացասական կերպարը չտարբերելով իրական Հակոբ Հակոբյանից` քննադատություններ են հնչեցնում իմ հասցեին»,- նշեց Հակոբը:
Խոսելով արդեն բավական մեծ հավանությունների արժանացած իր և «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակից Արմեն Հովհաննիսյանի համատեղ cover-երին, Հակոբը տեղեկացրեց, որ ներկայումս ինքը և Արմենն աշխատում են իրենց սեփական երգի վրա.
«Այս անգամ ես և Արմենը ևս կներկայանանք հայրենասիրական երգով, սակայն այս երգի դեպքում մարդիկ ոչ թե տխրելու, այլ պարելու և ուրախանալու հնարավորություն կունենան»,- ասաց Հակոբ Հակոբյանը` ավելացնելով, որ իրենք երկուսով մտադրություն ունեն տվյալ երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



