Ռուբեն Մաթևոսյանը՝ Արմեն Ամիրյանի նշանակման և Հանրայինի եթերում հնչող ռաբիսի մասին
КУЛЬТУРА
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում այսօր նշանակվել է Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը: Անդրադառնալով այս նշանակմանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն ասաց. «Դրա համար ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ»:
Վերջին օրերին շատ քննադատվեց Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նախագիծն ու դրա շրջանակում հնչող ռաբիս երաժշտությունը: Անվանի երգիչը հայտնեց նախագծի մասին իր կարծիքը: «Հեռուստատեսությունն իրավունք չունի նման քայլի գնալու: Պետք չէ ոգևորել երաժշտության մի տեսակ, որը կապ չունի մեր մշակույթի հետ»,- նշեց պարոն Մաթևոսյանը՝ հավելելով նաև, որ ոչ ոք իրավունք չունի դիմացինին ասել՝ դու ճաշակ չունես, դու անկիրթ ես:
Ըստ մեր զրուցակցի՝ անհրաժեշտ է գործ անել: «Եթե մարդը չի հասկանում՝ որն է ավելի ազգայինը, նրան պետք է զարգացնել: Նման երաժշտական տեսակները գուցե ռեստորանների համար են, բայց ոչ բեմի, առավել ևս՝ հեռուստատեսության»,- իր խոսքը եզրափակեց մաեստրոն:
Լևոն Փանոսյան




















































