Սամվել Բալասանյանը հերքել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրերը
ПОЛИТИКАԳյումրու քաղաքապետի թեկնածու, «Բալասանյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Բալասանյանը հերքել է լրատվամիջոցներից մեկում տարածված հայտարարությունը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունից:
«Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակաշառք բաժանել: Ծիծաղելի այս հերյուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում:
Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու: Գյումրու քաղաքապետ լինելու այս 4 տարիների ընթացքում քաղաքին տվել եմ ինչ կարողացել եմ ու ձեռք եմ բերել հպարտություն, և հիմա հպարտորեն գնում եմ ընտրությունների, իսկ իմ արածի ու չարածի դատավորը գյումրեցին է»,- ասվում է Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:



