Կարեն Կարապետյանը կառավարության նոր անդամներից ակնկալում է համարձակ քայլեր
ПОЛИТИКАՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ չորս նախարարներին: «Ես շնորհավորում եմ մեր թիմակիցներին: Պարոն Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավորություն է և, երևի առանձնապես ներկայացնել պետք չէ: Ինքն իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը` շնորհավորելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարոն Իգնատի Առաքելյանը, Վահան Մարտիրոսյանը և Աշոտ Մանուկյանը ընտրված են հետևյալ չափանիշների հիման վրա. երեքն էլ այդ ոլորտների կառավարիչներ են, իրենց բավականին լավ են դրսևորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ են: Բավականին մեծ ակնկալիքներ ունեմ նրանցից, որպեսզի իրենք վերանայեն կառավարման համակարգը: Ակնկալում եմ, որ առաջիկայում ծրագրեր կներկայացնեն թե ինչպես են պատկերացնում ոլ որտի զարգացումը»:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ ներսում քննարկում են, որ հետագայում և նախարարությունները, և գերատեսչություններն ունենան հայտանիշներ, որոնցով կգնահատեն իրենց աշխատանքը. «Այդտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե տվյալ ոլորտն ինչքան ներդրում է ներգրավում»:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշեց. «Ելնելով դրանից՝ շնորհավորում եմ Ձեզ, շնորհակալություն, որ միացել եք մեր թիմին, որ համաձայնեցիք աշխատել մեզ հետ: Ակնկալում եմ ռեալ, շատ համարձակ քայլեր, դուք այդ ոլորտից լինելով հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը դարձնել, երկիր փոխել, լավ միջավայր փոխել»:



