Օպերային արտիստների շնորհավորանքները
КУЛЬТУРА
Past.am-ը ներկայացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի քանի առաջատար արտիստների՝ Անկախության օրվան նվիրված շնորհավորանքները:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանն իր խոսքում նշում է. «Շնորհավորում եմ մեր երկրի անկախության 25-ամյակը, ցանկանում եմ բարեկեցություն և բարգավաճում: Ուժ ու կորով եմ ցանկանում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորին: Հենց նրանք են մեր Անկախության տարիների ծնունդն ու հենց այդ Անկախության պաշտպանները»:
Նույն թատրոնի երգչուհի Նարինե Անանիկյանն ուրախությամբ փաստում է, որ մենք ունենք երկիր, օթևան, որտեղ կարող ենք ապրել և ուր կարող ենք վերադառնալ: «25-ը գեղեցիկ և վառ երիտասարդության տարիք է, և այսօր Հայաստանը երիտասարդների երկիր է»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով իր ցանկություններին՝ մեներգչուհին ասաց. «Ուզում եմ, որ Հայաստանը լինի մի օազիս, որտեղ կծաղկեն գիտությունը, պահպանվող և նոր ստեղծվող մշակույթը: Ես հավատում եմ, որ այդպես կարող է լինել, քանզի այդ ամենի արմատը կա մեր երիտասարդների մեջ»:
Օպերային թատրոնի առաջատար մենապարուհի Ժակլին Սարխոշյանի խոսքով՝ Անկախությունը մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից է: «Վերջին 25 տարիների մեր անկախության ընթացքը զուգորդվեց նաև իմ և արվեստակից ընկերներիս ստեղծագործական գործունեության հետ»,- նշեց նա:
Արտիստուհին հպարտ է, որ իր մասնագիտական ու ստեղծագործական կարողություններն այս քառորդ դարի ընթացքում կարողացել է ծառայեցնել ի շահ հայրենիքի: «Ցանկանում եմ, որպեսզի այսուհետ նույնպես մեր երկրի սահմանները լինեն անառիկ, երկինքը միշտ խաղաղ, իսկ մեր հոգիներում էլ միշտ թևածի բարությունը:
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քաղաքացի»,- հավելեց Ժակլին Սարխշոխյանը: Օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանն այն համոզմունքն ունի, թե 25 տարին կարճ ժամանակահատված է , որ հնարավոր լինի ամբողջացնել, գնահատել բոլոր այն ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք մեր հայրենիքը արձանագրել է: «Սակայն այն, որ Անկախությունը բացարձակ արժեք է, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է փայփայել այն, անհերքելի իրողություն է»,- շեշտեց արտիստը՝ շնորհավորելով թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին: «Հայաստանի Անկախությունը հայինն է՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ կետում է ապրում»,- իր խոսքը եզրափակեց Լիպարիտ Ավետիսյանը:




















































