Life.panorama.am-ը գրում է.
Երեկ կայացավ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Արցախի հերոսներին եւ ՀՀ անկախության 25-ամյակին: Ֆիլմը ներկայացնում է 1990-ականների Երեւանն ու Արցախի պատերազմական շրջանը. չորս ընկերների պատմությունը հետաքրքիր ու անսպասելի զարգացումներ է տալիս ֆիլմի սյուժեին, հենց նրանց կյանքի դրամայի ու մեղմ հումորի միախառնումն է, որ ֆիլմը դիտելիս իրարամերժ զգացողություններ էպատճառում հանդիսատեսին:
«Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր հերոսներն են Սամվել Թադեւոսյանը, Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն, Սամվել Թոփալյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, Հայկ Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նանոր Պետրոսյանը եւ այլք, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Անի Խաչիկյանը: Վերջինս Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում ստացած բարձր տպավորությունը կրկնապատկվել է ֆիլմը դիտելիս.
««Կյանք ու կռիվ»-ն այն ֆիլմերի շարքին է պատկանում, որ այն ուղղակի պետք է դիտել, որովհետեւ այս ֆիլմը նոր հարթություն է սահմանել հայկական կինոարտադրության համար: Այս առումով առաջին հերթին որպես քաղաքացի, ապա նաեւ որպես դերասանուհի շատ ուրախ եմ: Այս ֆիլմը պետք է դիտել ու հասկանալ, թե ուր պետք է ձգտել կինոոլորտում, «Կյանք ու կռիվ»-ը որպես արտադրանք մրցակցություն է ստեղծում»,- նշեց դերասանուհին ու պատմեց ֆիլմի նկարահանման ընթացքում ստացած տպավորություններից.
«Ֆիլում բազմաշերտ ու բազմաբովանդակ տարրեր կան, ինչը կար նաեւ կերպարների խաղի ու դերասաններին տրված խնդիրների մեջ: Այս ֆիլմի համար աշխատել է 90 հոգուց բաղկացած թիմ, իսկ նման բան հայկական ֆիլմերի ստեղծման ժամանակ չի լինում, այստեղ ամեն բանր արվել է, որպեսզի ներգրավված յուրաքանչյուր օղակ առավելապես լավ կատարի իր աշխատանքը: Օրինակ, եթե նկարիչը իր հետ ունի եւս երեք օգնական, ուրեմն նա էլ ավելի լավ կկատարի իր աշխատանքը, նույնը վերաբերվում է նաեւ դերասանին: Հիմա հստակ կարող եմ ասել՝ ֆիլմում աշխատող բոլոր օղակները հագեցած էին»:
Ըստ սցենարի՝ հերոսները՝ Տիգրանը, Արմենը, Լեւոնն ու Էդուարդը, դպրոցական տարիքից մտերմացած 4 ընկեր են, որոնց համար ընկերության գաղափարը խիստ կարեւոր է: Արմենի կրտսեր քրոջը, ում մարմնավորում է Անի Խաչիկյանը, սիրահարված են նրա ընկերները, ովքեր ամեն գնով պայքարում են իրենց սիրելի աղջկա համար: Խոսելով իր հերոսուհուց՝ Անին ընդգծեց.
«Միշտ ասել եմ ու կկրկնեմ ՝ դերի մասին պատմում են էկրանն ու մարդիկ, ովքեր ֆիլմը դիտելիով հասկանում են այն, ինչ ուզում են ու ընկալում են: Ես չեմ ցանկանա խոսել իմ կերպարից, քանի որ դա միայն բառեր կլինեն: Ի վերջո ես կատարե՞լ եմ արդյոք ռեժիսորի տված խնդիրները, թե ոչ, պատմում է էկրանն ու հանդիսատեսը, ով շփվում է այդ էկրանի հետ: Այնպես որ, հերոսուհուս մասին չեմ խոսի, բայց կշեշտեմ՝ աննկարագրելի բավականություն եմ ստացել այս ֆիլմում ներգրաված թիմի հետ աշխատելուց, մեծ հաճույք էր նրանցից ամեն մեկի հետ անհատապես աշխատել ու այս գեղեցիկ գործի ստեղծման հարցում փոքրիկ լումա ներդնել: Ինձ համար մեծ փորձ էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ աշխատելը, ուրախ եմ ու շնորհակալ համատեղ աշխատանքի համար»: