Մաշա Մնջոյան. «Համերգներից հետո կարող եմ ասել, որ Ավստրալիայում ավելի հայտնի եմ, քան Երևանում»
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս է վերադարձել Ավստրալիայից, որտեղ մասնակցել է «X-Factor» նախագծին: Երգչուհին այս անգամ BlogNews.am-ին պատմելու հետաքրքիր նորություններ ուներ:
«Եվրատեսիլից հետո միանգամից մեկնել եմ Սիդնեյ. բուն նպատակս «X-Factor»նախագծին մասնակցելն էր: Կատարել եմ «Hallelujah» երգը, որը ինձ ժամանակին հաջողություն էր բերել: Չնայած նախատեսում էի ավելի շատ երգել, բայց ժյուրի անդամները բավարարվեցին երգի մի մասով»:
Առաջին փուլը հաղթահարելուց հետո պետք է շարունակվեր նախագիծը, սակայն որոշ խնդիրների պատճառով դադարեցվեց: Մաշային չի վշտացրել այդ փաստը, քանի որ երեք ամիս ժամանակ ուներ և կարողացել է այդ ընթացքում հետաքրքիր նախագծեր իրականացնել. «Հասցրեցի Սիդնեյում ապրող իմ հարազատների հետ լավ ժամանակ անցկացնել և յուրաքանչյուր այցի ժամանակ հասկանում եմ, թե որքան եմ սիրում Սիդնեյը»:
Երգչուհին Սիդնեյում ծանոթացել է հայ երաժիշտների հետ, որոնց հետ էլ կարճ ժամանակում երկու համերգ է ունեցել. «Երեք-չորս շաբաթում քսանհինգ երգ պատրաստեցինք. դա մի քիչ բարդ է, քանի որ երգերը պետք է սովորես: Ելույթ ունեցանք Սիդնեյի ամենահայտնի ակումբներից մեկում: Սիդնեյում երաժշտական ակումբները շատ-շատ քիչ են, կան շատ երաժիշտներ, իսկ երգիչները քիչ են: Երևի իմ բախտից էր, որ կարողացա այնտեղ ելույթ ունենալ, իհարկե ակումբի մենեջերի թույլտվությամբ: Շատ հաջող անցավ, ակումբում հայեր էլ կային, քանի որ իմացել էին, որ նման համերգ է լինելու: Երբ տեսանք, որ համերգը հաջող անցավ, որոշեցինք կազմակերպել ևս մեկը՝ բացարձակ այլ երգացանկով և այս անգամ հայերի համար: Այս համերգներից հետո կարող եմ ասել, որ Ավստրալիայում ես ավելի հայտնի եմ, քան Երևանում»:)
Մաշան անկեղծանում է, որ այն էմոցիաները, որոնք ստացել է Սիդնեյում, նույնը չի ստանում հայ հանդիսատեսից. «Միգուցե դա նրանից է, որ այստեղ արտիստները շատ հասանելի են, միշտ տեսադաշտում են, իսկ այնտեղերաժշտության և հայկական երգերի հանդեպ կարոտ կա: Ես ինձ շատ գնահատված էի զգում թե՛ ֆինանսապես, թե՛ ծափահարությունների քանակից: Իսկ Սիդնեյում բնակություն հաստատելու մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կյանքն անկախատեսելի է»:
Պարզվում է՝ Սիդնեյում Մաշային նաև սիրո խոստովանություն են արել, բայց... «Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների։ Դրա համար պետք է մի քիչ հասունանալ, իսկ հիմա ես մտածում եմ, որ դեռ մանուկ եմ: Ես բոլորի հետ հեռավորություն եմ պահպանում, և երբ հասկանամ, որ ժամանակն է եկել, իմ շանսը բաց չեմ թողնի»:
Հայ հանդիսատեսի համար դեռ պլաններ չունի, փոխարենը նոյեմբեր ամսին մեկնելու է Կանադա՝ շրջագայության: Խոսելով նոր տեսահոլովակ ներկայացնելու մասին՝ Մաշան նշեց. «Վերջին տեսահոլովակիցս հետո հասկացա, որ ինձ տեսահոլովակ պետք չէ, որովհետև ոչ մեկի դա պետք չէ, իսկ իմ արխիվի համար կարող եմ շրջագայություններիցս հոլովակ հավաքել: Նախ ինչպես արդեն նշեցի, Հայաստանում այնքան չեն գնահատի, որ ամիսը մեկ տեսահոլովակ նկարահանես, իսկ քանի որ ես ուսանող եմ և այլ ծախսեր ունեմ, ինձ շատ-շատ պետք է այն աշխատած գումարը, որը ես ստանում եմ»:
Մաշան խոստովանում է, որ շատ սկզբունքային է իր երգերի ընտրության հանդեպ: Երբեք ցածրորակ երգ չի ներկայացնի միայն կոմերցիոն նպատակով. «Եթե շատ սիրված երգ է, կփոխեմ, որ իմ ոճին համապատասխան լինի՝ ճաշակով և գեղեցիկ: Եթե որակյալ տեսահոլովակ պետք է ներկայացնեմ, նորից պահանջվում է շատ-շատ գումարներ, իսկ ես չեմ ուզում իզուր վատնեմ, քանի որ գիտեմ՝ եթե ես ընտրեմ իմ սրտից եկած երգ, ապա այն չի աշխատելու»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի




















































