Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին, խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը կարևորեց հասարակական խորհրդի գործունեությունը` որպես պետության և հասարակության արդյունավետ համագործակցության գրավական:
Նա նշեց, որ յուրաքանչյուրը կարող է վերհանել խնդիրներ, որոնք կքննարկվեն նիստերի ընթացքում` տալով լուծման առաջարկներ: Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին առողջապահության ոլորտի առաջնահերթություններն ու հաշմանդամ զինծառայողների առողջապահական խնդիրները, որոնք ներկայացրեց հասարակական խորհրդի անդամ Հայկուհի Մինասյանը:
Հասարակական խորհրդի անդամների արդյունավետ քննարկման և հնչած առաջարկների արդյունքում հաշմանդամ զինծառայողների առողջապահական խնդիրների լուծման համար կարևորվեց հանրապետությունում բնակվող բոլոր հաշմանդամ զինծառայողների ցուցակագրումը, ստանդարտացումը, իրազեկվածության բարձրացումը և ֆինանսական աջակցությունը:
Միաժամանակ, ընդգծվեց միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը պետական մարմինների միջև և հասարակական հատվածի հետ: Ամփոփելով հանդիպումը` Արմեն Մուրադյանը կոչ արեց մեկտեղել ջանքերը` ի նպաստ համակարգի բարելավման, բնակչության առողջության պահպանման:



