Կարևոր է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ՝ սահմանի գծում տերը լինելը. Թևան Պողոսյան
ИНТЕРВЬЮ
Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Past.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, արմատներով արցախցի Թևան Պողոսյանը խոսել է այս տարիների գլխավոր ձեռքբերումների, կայացած պետական ինստիտուտների և ժամանակակից Արցախի առջև ծառացած մարտահրավերների մասին:
Ըստ Թևան Պողոսյանի՝ ընտրելով անկախության ուղին՝ Արցախը կարողացավ ազգային-ազատագրական պայքարից անցում կատարել պետականաշինության դաշտ և այսօրվա դրությամբ զբաղված է իր պետական ինստիտուտների հզորացմամբ, տնտեսության զարգացմամբ և աշխարհին ներկայանալով:
«Դեռ չկա միջազգային ճանաչման դե յուրե էլեմենտը, բայց, ինձ թվում է, որ դե ֆակտո չկա մեկն աշխարհում, ով կկասկածի Արցախի անկախ միավոր լինելու փաստին: Տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի այս փաստի հետ հաշվի նստեն բոլորը: Այդ իմաստով բացթողումն ավելի շատ միջազգային ճանաչման դաշտում է:
Հենվելով իրական փաստերի վրա՝ Արցախն այսօր կայացած պետություն է:Դրա լավագույն ապացույցներից էին մի քանի ամիս առաջ կայացած Ազգային ժողովի ընտրությունները, որոնք, ըստ իս, լավագույնն էին այս տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ ճանաչված պետություններին»,- նշեց պատգամավորը:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կայացած լինելը և այդ բանակի՝ սահմանի գծում տերը լինելը, որպեսզի ապահովվի Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և բնակչության անվտանգությունը:
Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ պետական ինստիտուտներն ավելի կուժեղանան, կարձանագրվի տնտեսության աճ և հետագայում հնարավոր կլինի հասնել հայության երազանքին՝ Արցախի վերամիավորմանը Մայր հայրենիքին:
Լևոն Փանոսյան




















































