Ռուսաստանում հայ վարորդի դաժան սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել
ОБЩЕСТВО«Գազետա»-ն անդրադարձել է Ռոստովի Սինյավսկոե գյուղում հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ համագյուղացիների դաժան հաշվեհարդարին, որը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 30-ի գիշերը:
Ըստ աղբյուրի` Խալղաթյանը 22 տարեկան է, ոչ 24, ինչպես նշվել էր ավելի վաղ, իսկ նրա դաժան ծեծում ներգրավված է եղել առնվազն 100 մարդ` իր համագյուղացիներից: Նրանք Խալղաթյանին իր Ford Focus մեքենայից դուրս են բերել ու ծեծի ենթարկել այն բանից հետո, երբ գյուղի տոնին նա իր մեքենայով հարվածել է կայանած 5 մեքենաների, մի քանի հոգու վրաերթի ենթարկել: Հայտնի է միայն, որ Hyundai Accent, Mercedes Vito, Mazda, Kia և Mitsubishi մակնիշների մեքենաները լրջորեն վնասվել են:
Նույնի առիթով Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը հայտնում է, որ հայ վարորդի խմած լինելու մասին ավելի վաղ տարածված տեղեկությունները չեն հաստատվում:
«Գազետա»-ն հայտնում է, որ գազազած գյուղացիները քիչ է մնացել սպանեն նաև Խալղաթյանի 45-ամյա հորը` Սերգեյ Խլղաթյանին: Նա փրկվել է միայն վրա հասած ոստիկանի միջամտությամբ:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ այս գործը արդեն Քննչական հանձնաժողով է փոխանցվել, ըստ էության կարող են ձերբակալվել տասնյակ մարդիկ: Այժմ հայտնի է, որ երիտասարդին մահացու հարված է հասցվել` ծանր կոշիկով` գլխին:
Ականատեսները ասել են նաև, որ հայրը մինչև վերջ փորձել է պաշտպանել որդուն, սակայն փրկել նրան չի կարողացել:
Խալղաթյանը ամուսնացած էր, ուներ 8-ամսական երեխա: Նրան արդեն հուղարկավորել են:



